«Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանին չեն արտահանձնի Հայաստան: Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ այդ մասին որոշում է կայացրել ԱՄՆ Միգրացիոն դատարանը:
Վարդան Ղուկասյանն ԱՄՆ-ում չի կարողանա մնալ, քանի որ, ըստ որոշման, նա խախտել է ԱՄՆ միգրացիոն կարգը: Սակայն փաստաբանը նշեց, որ սահմանված ժամկետում դատարանի որոշումը բողոքարկելու դեպքում դատական ակտն օրինական ուժ չի ստանա, և հետևաբար Ղուկասյանը կշարունակի մնալ Միացյալ Նահանգներում:
Առայժմ հայտնի չէ, թե ԱՄՆ-ից ուր է մեկնելու Վարդան Ղուկասյանը, սակայն, ըստ փաստաբանի, նա տեղաշարժվելու խնդիր չունի, քանի որ նրա նկատմամբ այլևս միջազգային հետախուզում չկա:
«Դոգին» արտահանձնելու միջնորդությունը մերժելու տեղեկությունը «Ազատություն»-ը փորձեց ճշտել նաև Գլխավոր դատախազությունից, սակայն այնտեղից փոխանցեցին, որ «չեն մեկնաբանում»:
«Եթե խնդիր ունես Գարեգինի հետ, լուծի դա դռների ետևում, փակվեք, իրար միս կերեք, բայց ոչ թե քո հանցագործությանը մասնակից դարձրու անմեղ ժողովրդին: Հորդորում եմ, սիրելի, ժողովուրդ, զերծ մնացեք այդ ... »:
Հայհոյախառն արտահայտություններով հայտնի Վարդան Ղուկասյանը, որ տևական ժամանակ է ուղիղ եթերներից զրկված է, հայաստանյան քաղաքական անցուդարձին մեկուսարանից արձագանքում է հեռախոսային ձայնագրություններով.
«Նորից անդրադառնամ Մերձավանի սպանությանը, գիտե՞ք ինչ, ես իմ մասնագիտական կարծիքով կարող եմ ասել, որ սա անձնական հողի վրա կատարված սպանություն չի, դա բացառվում ա»:
Միացյալ Նահանգների Միգրացիոն վարչությունը Վարդան Ղուկասյանին ձերբակալել էր այս տարվա փետրվարին։ Ըստ ամերիկյան կողմի, նա մուտք գործելով ԱՄՆ՝ նախատեսված ժամկետում չի լքել երկիրը:
Ամերիկյան դատարանն այս հարցին զուգահեռ նաև քննում էր Ղուկասյանին Հայաստանին արտահանձնելու՝ Գլխավոր դատախազության միջնորդությունը: ԴՕԿ կուսակցության ղեկավարը Հայաստանում մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար, սակայն նա մեղադրանքները չի ընդունում:
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Գլխավոր դատախազությունը նոր միջնորդություն կներկայացնի ԱՄՆ իշխանությունններին՝ պնդելով արտահանձնման պահանջը:
Պարզ չէ նաև՝ ամերիկյան դատարանի որոշումից հետո Վարդան Ղուկասյանն արդեն ազատության մե՞ջ է, թե՞ ոչ: Սակայն օրերս նա հեռախոսով հարցազրույց էր տվել ՓԱԿ TV-ին, որտեղ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին անդրադառնալուց բացի նաև վստահեցրել է, որ մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին՝ չբացառելով հետընտրական կոալիցիա կազմելու հնարավորությունը.
«Կապված ընտրությունների հետ՝ իհարկե պարոն Ղուկասյանը մասնակցելու է, այսինքն՝ ԴՕԿ կուսակցությունը մասնակցելու է, դաշինքով, թե միայնակ՝ դրա մասին, իմ կարծիքով, խոսելը դեռ շուտ է, բայց որ մասնակցելու է՝ 100 տոկոսով, հակառակ դեպքում էս ամբողջ պայքարը և էս ազատազրկումը էլ ինչի՞ համար էր»:
Ղուկասյանի ղեկավարած նախկին «Հանրային ձայն» կուսակցությանը 2023-ի Երևանի ավագանու ընտրություններում հաջողովեց 7 մանդատ ստանալ, հետագայում, սակայն, խմբակցությունը պառակտվեց: