Ստամբուլում ոստիկանությունն այսօր ձերբակալել է ավելի քան 400 մարդու, միաժամանակ՝ արգելափակել մուտքը կենտրոնական հրապարակներ՝ մայիսի 1-ի ցույցերը կանխելու համար։ Ամբողջ քաղաքում ոստիկանության հավելյալ ուժեր են տեղակայվել։
Ընդդիմության դեմ ճնշումները սկսվել էին դեռ երեկվանից. իշխանությունները փակել էին Թուրքիայի ամենամեծ ՝16 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի մետրոն, դադարեցրել ավտոբուսների ու լաստանավերի աշխատանքն ու ձերբակալել 100 ակտիվիստների։ Փակ է նաև կենտրոնական Թաքսիմ հրապարակը, ցույցերն այստեղ արգելված են 2013 թվականից։ Ու թեև երեկ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել էր Թուրքիայի իշխանություններին անհապաղ վերացնել այդ արգելքը, այսօր փակ էր ոչ միայն Թաքսիմը, այլև դեպի հրապարակ տանող տասնյակ մայրուղիներ։
Իրավապահների այս ակտիվությունը պատահական չէր․ իշխանությունները մտավախություն ունեին, որ այս տարի մայիսի 1-ի ցույցերը կարող են զանգվածային ակցիաների վերածվել՝ նոր թափ հաղորդելով արդեն երկու ամիս չդադարող համաժողովրդական ցույցերին, որ սկսվեցին Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակից, հաջորդ նախագահական ընտրություններում Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։
«Թաքսիմ գնալու կոչերը ավելին են, քան զուտ տոնակատարության հրավեր, դրանք ակնհայտ սադրիչ բնույթ ունեն, դրանց նպատակն է առճակատում հրահրել ոստիկանության ուժերի հետ», - երեկ X-ում գրել էր կառավարության կողմից Ստամբուլի ղեկավար նշանակված Դավութ Գյուլը։
Իմամօղլուի ձերբակալությունից հետո սկսված ցույցերն ամենազանգվածայինն էին Թուրքիայում անցած ավելի քան տասը տարում։ Բողոքի ալիքն այսօր էլ չի մարում, Ստամբուլից բացի ոստիկանները տասնյակ ցուցարարների են ձերբակալել նաև մայրաքաղաք Անկարայում ու մեծությամբ երրորդ խոշոր քաղաքում՝ Իզմիրում։
«Ճնշումների ու արգելանքների վերջը շատ մոտ է, մենք շուտով միլիոնավոր մարդկանց հետ խանդավառությամբ կտոնենք մայիսի 1-ը Թաքսիմ հրապարակում», - բանտից հայտարարել է Էքրեմ Իմամօղլուն։
Առայժմ, սակայն, նա ստիպված է օրն անցկացնել ճաղերի ետևում՝ ավելի քան 200 աջակիցների, հիմնականում՝ քաղաքապետարանի աշխատակիցների հետ։ Նրանց իշխանությունները կոռուպցիայի, փողերի լվացման ու կազմակերպված հանցախումբ ստեղծելու մեղադրանք են առաջադրել։
Կալանավորները մեղքը չեն ընդունում, քրեական գործը համարում են քաղաքական պատվեր։ Ավելին, Իմամօղլուի Ժողովրդա-հանրապետականը, որ ընդդիմադիր ամենամեծ ուժն է այսօրվա Թուրքիայում, պնդում է՝ Էրդողանը Ստամբուլի քաղաքապետի դեմ արշավ է սկսել ոչ միայն քաղաքական մրցակցության, այլև՝ կոռուպցիայի շարժառիթներով։ Կուսակցության ներկայացուցիչ Օզգյուր Չելիքը, մասնավորապես, օրեր առաջ հանրահավաքում հայտարարել էր՝ Իմամօղլուն փորձել է արգելափակել Սև ծովը Մարմարային կապող «Ստամբուլի ջրանցք» նախագիծը, որն առաջ էր քաշել Էրդողանը 2011-ին՝ իր վարչապետության տարիներին։ Բնապահպանները խստորեն քննադատել էին ծրագիրը, սեյսմոլոգները՝ զգուշացրել՝ դրա կառուցումը աղետալի կարող է լինել։
«Իմամօղլուն ձերբակալվեց, երբ փորձեց պաշտպանել Ստամբուլը», - պնդում են կուսակիցները, - «Քաղաքապետարանի այն աշխատակիցները, որոնք դեմ էին սրան, հիմա ոստիկանությունում են։ Նրանց ձերբակալել են, որ շարունակեն վիճահարույց ջրանցքի շինարարությունը, քանի որ դրա պատրվակով արդեն իսկ շրջակա տարածքներում բազմաթիվ շենքեր են կառուցել ու վաճառել»։
Չդադարող բողոքի ցույցերից բացի, Իմամօղլուի ձերբակալությունը նաև տնտեսական վնասներ է բերել վերջին ամիսներին։ Մի կողմից՝ ընդդիմությունը հորդորել է միլիոնավոր աջակիցներին բոյկոտել Էրդողանի ու նրա աջակիցների հետ փոխկապակցված բիզնեսները, մյուս կողմից՝ ազգային արժույթն է շարունակ անկում գրանցում։ Անցած մեկ ամսում թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է գրեթե 8 տոկոսով՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի, չնայած Կենտրոնական բանկը 50 միլիարդ դոլարի ներարկում էր արել իրավիճակը կայունացնելու համար։