Մատչելիության հղումներ

Էդգար Ղազարյանն այսօր էլ խորհրդարանից հեռացավ դժգոհ. իշխանականներից ոչ մեկը չընդունեց նրան


Լեհաստանում նախկին դեսպան, նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն այսօր էլ խորհրդարանից հեռացավ դժգոհ: Իշխանական պատգամավորներից ոչ մեկը չընդունեց նրան: Ընդդիմադիր գործիչը հերթագրվել էր խորհրդարանի նախապես հայտարարած քաղաքացիների ընդունելությանը: Հիասթափված էր, բայց ասաց՝ չի նահանջի:

«Չէ, ինչ դադարեցնել, բա տենց հնարավորությունը ես ո՞նց բաց թողնեմ», - ասաց Ղազարյանը:

Նախկին պաշտոնյան հերթագրվել է քաղաքացիների համար նախատեսված բոլոր ընդունելություններին, որ հանդիպի իշխանականներին ու բացատրի՝ ինչու պետք է անվստահություն հայտնեն վարչապետ Փաշինյանին: Այսօր պետաիրավական հանձնաժողովի հերթն էր, եկել էր միայն «Հայաստան» խմբակցությունը լքած Գեղամ Նազարյանը:

«Ես որքան գիտեմ Դուք քաղաքական գործիչ եք, առնվազն Ձեզ քաղաքական գործիչ եք համարում և շատ լավ պետք է իմանաք, թե քաղաքացիների ընդունելությունն ինչի համար է ու ինչ նպատակներ է հետապնդում: Դուք այստեղ բարձրացնում եք քաղաքական բնույթ կրող հարցեր», - ասաց Նազարյանը:

Պատգամավոր Նազարյանը ընդդիմադիր գործչի նախաձեռնած իմփիչմենթին միանալ չի պատրաստվում, այդ թեման էլ քննարկել չցանկացավ: Հիշեցրեց, որ ընդունելությունները շարքային քաղաքացիների խնդիրները լսելու համար են. - «Քաղաքական հարցերը լուծելու համար այլ հարթակներ կան»:

Ղազարյանը դժգոհ էր ընդդիմադիր խմբակցության նախկին պատգամավորից, ինչպես Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանից: Ռուբինյանի դեմ իրավական գործընթաց է սկսել, որ խտրական վերաբերմունք է ցուցաբերել ու իրեն չի ընդունել:

«Ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին գլխավոր դատախազին մեր նախատեսված հանդիպման օրը՝ երկու խնդրանքով. որ վարույթ նախաձեռնվի ու նաև միջնորդություն ներկայացվի Ազգային ժողովին Ռուբինյանին անձեռնմխելիությունից զրկելու ու մեղադրանք առաջադրելու համար: Քրեական օրենսգրքում կա հոդված՝ խտրական վերաբերմունքի ցուցաբերում պայմանավորված մարդու այլ հայացքներով, այդ թվում՝ քաղաքական հայացքների համար», - նշեց նա:

Ինչո՞ւ իշխանականները չեն հանդիպում Ղազարյանին ու անձամբ բացատրում, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու կարիք չկա: «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անձնական պատճառ ունի, ասաց՝ Ղազարյանն իրեն վիրավորել է:

«Օրինակ՝ որ ձեզ ինչ-որ մեկն առաջարկի, ասի՝ եկեք իրար հետ գնանք հանդիպենք, մի լագյան ուտելիք կտամ, դուք էդ ոճի հանդիպման կգնա՞ք ու հարցազրույց կվերցնեք: Իմ ու առհասարակ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների շրջանակներում ոչ մեկը լագյանով չի լափում», - նշեց Ալեքսանյանը:

«Արթուն ենք» նախաձեռնությունը, որի անդամ է նաև Էդգար Ղազարյանը, ապրիլի վերջին նամակներ էր ուղարկել բոլոր պատգամավորներին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար: Իշխանականների ճնշող մեծամասնությունը չէր արձագանքել այդ նամակներին, Արսեն Թորոսյանը պատռել, նկարահանել ու իր էջում էր տեղադրել, իսկ Վահագն Ալեքսանյանը նամակին արձագանքել էր:

«Ասել եմ, որ ես չեմ պատրաստվում միանալ իրենց գործընթացին, բայց եթե իրենց հաջողվի Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, այնուամենայնիվ, դարձնել թեկնածու, խոստանում եմ, որ այդ նիստից հետո իրենք կգնան քաղաքական թոշակի: Էդ եմ պատասխանել առանց վիրավորանքի, առանց անհարգալից բառի: Դրան ի պատասխան՝ ակնհայտորեն հնչել են իմ հասցեին վիրավորական արտահայտություններ», - ընդգծեց Ալեքսանյանը:

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար ընդդիմադիր պատգամավորների ձայները բավարար չեն, որպեսզի այդ նախագիծը ընդունվի պետք է իշխանականներն էլ դրան միանան: Ու չնայած նրանք հրաժարվում են ընդունել ու լսել Փաշինյանի իշխանությանը քննադատող Ղազարյանին, նա կշարունակի ներկայանալ գրանցված ընդունելություններին: Վաղը Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանն է քաղաքացիներին հանդիպելու, Ղազարյանը ակնկալում է, որ իրեն էլ կընդունի:



XS
SM
MD
LG