Մատչելիության հղումներ

Երեկ հեղուկ գազ բերող 44 բեռնատար է մտել Հայաստան. նախարար

Լրացված

Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարներ Վրաստանի Կազբեկի հսկիչ անցակետում, հուլիս, 2025թ.
Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարներ Վրաստանի Կազբեկի հսկիչ անցակետում, հուլիս, 2025թ.

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացնում է՝ երեկ հեղուկ գազ բերող 44 բեռնատար է Հայաստան է մտել:

Չնայած վառելիքի նոր խմբաքանակ է հասել, լցակայանների վահակներին դեռևս վառվում է լիտրը 170 դրամ գինը, այնինչ օրեր առաջ հեղուկ գազը 120 դրամով էին վաճառում:

Ոլորտի խաղացողները պնդում են, թե թանկացման պատճառը հայ-վրացական սահմանի այն կողմում գոյացած կուտակումներն են, ռուսական գազը Հայաստան բերող բեռնատարներն օրերով մնում են Վրաստանում՝ սպասելով իրենց հերթին: Մինչ էկոնոմիկայի նախարարի այսօրվա թարմացումը, խոշոր ընկերություններից մեկից «Ազատությանը» հայտնել էին՝ Վրաստանում հարյուրավոր հայկական մեքենաներ են կանգնած, այսինքն՝ դրանց զգալի մասին դեռ հերթի մեջ է:

Հայկական կոնյակի ու ծաղկի արտահանման խնդիրներին զուգահեռ հիմա էլ վառելիքի ներկրման խոչընդոտների պատճառը ո՞րն է, Կառավարությունը մինչ այս պահը որևէ պարզաբանում չի ներկայացրել: Թանկացումներն արդեն հարվածել են վարորդների գրպաններին, նրանք էլ են նորություններ ու պարզաբանումներ անկնկալում.

«Ես Կիրովական եմ գնում-գալի, շատ վատ ա, մեր մոտ 140 էր՝ 170-ա դառել, ստեղ էլ նույնն ա դառել, շատ վատա: Եթե առաջվա գինն ըլեր, համարյա 2 հազար դրամի, 3 հազար դրամի ավել վճարում ենք»:

«Փակ ա՝ դրա համար թանկացել ա, որ բաց ըլներ, հաստատ էժան կլներ: Երևի մի բան կանեն էլի Կառավարությունը, կամ երևի նենց, որ բացվի գա: Թե չէ գազը հիմա տենց որ բարձած մնացել, իրանց մոտ էլ ա խնդիր առաջանալու՝ տրաքելու ա, բան ա ըլնելու: Նենց որ, նայենք ոնց կանեն մեր երկրի Կառավարությունը»:

Պարզաբանումներ ստանալու համար երեկ «Ազատություն»-ը դիմել է Էկոնոմիկայի նախարարություն. մինչ այս պահը պատասխան չունենք, թեմայի շուրջ միակ արձագանքը նախարար Պապոյանի՝ սահմանը հատած մեքենաների թվի վերաբերյալ գրառումներն են: Թեկուզ սոցցանցում հավելյալ տեղեկություն գտնելու համար մեկնաբանությունների դաշտն էլ ուսումնասիրեցինք, օգտատերերից մեկին պատասխանելով Պապոյանը գրել է՝ եթե այդ մեքենաները սահմանը չանցնեին, այժմ գազը շատ ավելի թանկ կլիներ, իսկ հիմա գներն, ըստ նախարարի, կիջնեն:

Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ են վառելիք բերող բեռնատարները Վրաստանում խոչընդոտների բախվում: Կառավարությունից որևէ պատասխան չստանալով՝ «Ազատություն»-ը փորձել է հենց ձեռներեցներից ճշտել, խոշոր ցանցերից մեկից պատճառների մասին ոչինչ չհայտնեցին.

«Մենք հիմա ծայրահեղ ծանր, սենց լարված վիճակում աշխատում ենք, փորձում ենք, չգիտեմ, ինչքանով հնարավոր ա՝ ինչ-որ հարցերի կարգավորում տանք, բայց որ գազը չկա, մի քիչ բարդ ա»:

Ամիսներ շարունակ վրացական կողմում խնդիրների են բախվում նաև Ռուսաստան կոնյակ արտահահանողները. իրենց համար տրանզիտային երկրում որոշել են ստուգել հայկական արտադրանքը, ինչի հետևանքով բեռները շաբաթներով մնում էին վրացական անցակետում:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG