Այսօր Երևանում Դաշնակցության կազմակերպած «Չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովում պարբերաբար հնչում էր հետևյալ միտքը՝ «Արցախի հարցը փակված չէ, որքան էլ որ Հայաստանի այսօրվա իշխանությունը Ադրբեջանի հետ միասին կրկնեն այդ միտքը»:
«Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել, քանի դեռ արցախահայությունը զրկված է իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքից», - հայտարարեց Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Խորհրդաժողովի մասնակիցները, ընդունելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հնարավոր չէ Արցախի հարցի բարձրացումը միջազգային ատյաններում, նշում էին, որ դա կարող է տեղի է ունենալ նոր իշխանություններ ձևավորելու դեպքում: Բայց մինչ այդ պետք է լուծել կարևոր մեկ հարց՝ թույլ չտալ արցախահայերի արտագաղթը Հայաստանից:
«Վերջին տվյալներով՝ արդեն մոտ 17 հազար արցախցիներ արտագաղթել են», - ասաց Արցախի վտարանդի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը:
Դանիելյանը, որ այդ պաշտոնում ընտրվեց անցած մայիսին՝ Երևանում, և այժմ իրականացնում է նաև Արցախի նախագահի պարտականությունները, նշում է՝ անտուն մնացած մարդիկ չէին լքի Հայաստանը, եթե լուծվեին նրանց բնակարանային հարցերը, սոցիալական ծրագրերը լիարժեք իրականացվեին:
«Էսօր պետք է ամենի ինչ անենք, որպեսզի արցախցիները մնան Հայաստանում, արցախցիները կարողանան իրենց հայրենիքում՝ այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում շարունակել իրենց կյանքը, և երբ կլինի Հայաստանում նորմալ ազգային իշխանություններ, այդ ժամանակ կարող ենք խոսել վերադարձի մասին», - հայտարարեց Աշոտ Դանիելյանը:
«Ինչ վերաբերում է՝ ինչպես ենք պատկերացնում վերադարձը, ես միշտ նշում եմ, որ այս պահի դրությամբ, օրինակ, ես ինձ համար հստակ ունեմ, էսպես ասած, պլան մինիմում, և էդ պլան մինիմումը այն է, որ ձևավորվի միջազգային հարթակ, որտեղ որ հնարավորություն ստեղծվի Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի, ինչպես նաև միջազգային դերակատարների մասնակցությամբ քննարկելու էս հարցերը: Սա չկա: Այո, գալիս ենք տրամաբանական էն եզրահանգման, որ ինձ համար՝ որպես արցախցի, իմ իրավունքների պաշտպանության համար այլընտրանք, քան իշխանափոխությունը, չկա», - իր հերթին, հայտարարեց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը:
Ցավով արձանագրելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվել է, Ստեփանյանը նշում է, որ իրենց տեղեկություններով՝ Հայաստանը հատուկ աշխատանք է տարել ԵԱՀԿ անդամ պետությունների հետ, որոպեսզի նրանք չառարկեն կառույցի լուծարմանը:
Արցախյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը պայմանագիրը ստորագրելու՝ Ադրբեջանի նախապայմաններից էր, որը Հայաստանը կատարեց օգոստոսի 8-ին՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հռչակագրի 2-րդ կետով։
«Պարզվում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը ոչ միայն դիմել է են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու նամակով, այլ նաև ինտենսիվ աշխատանք են տարել տարբեր պետությունների հետ, որ հանկարծ որևէ պետություն վետոյի իրավունքը [չկիրառի] ... այդ թվում՝ Հայաստանը: Եվ ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, և ես կարող եմ ասել առանց փակագծեր բացելու, որ եղել են երկրներ, որոնց հետ մեր աշխատանքի արդյունքում կարող էր վետո կիրառվել, բայց վերջին պահին չի եղել դա, որովհետև, ինչպես արդեն նշեցի, ինտենսիվ աշխատանք է տարվել էդ ուղղությամբ», - պնդեց Գեղամ Ստեփանյանը:
Արցախցիների վերադարձի հարցով այսօր կազմակերպված խորհրդաժողովին մասնակցում էր նաև Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
«Երկու հոգի հարցը փակել են, բայց դա չի նշանակում, որ հարցը միջազգայնորեն մենք պիտի փակված համարենք», - ասաց արքեպիսկոպոսը:
Բարձրաստիճան հոգևորականն ընդունում է՝ Արցախի հարցում Հայ Առաքելական եկեղեցու դիրքորշումն ու արցախահայերի իրավունքների պաշտպանությունն է նաև իշխանություն - եկեղեցի հակասության պատճառներից մեկը: Նաթան սրբազանի խոսքով՝ եկեղեցին ոչ միայն Արցախի, այլև ընդհանրապես հայ ժողովրդի արժեքների պահպանության հարցում զիջումների երբեք չի գնա:
«Երկու սրբազանի կալանավորումը հենց ապացուցում է իմ ասածը, որ մենք անզիջում ենք՝ որևէ զիջում կատարելու, որևէ մեր արժեքների պահպանության և որևէ քրիստոնեական բարձրագույն արժեքը պահելու համար: Եկեղեցու դիրքորոշումն է՝ չմոռանալ և մի կողմ չդնել արցախահայության արդար իրավունքների պաշտպանությունը և վերջնական նպատակին հասնելը», - «Ազատությանն» ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման 34-րդ տարեդարձն է: 1991-ին հենց այս օրը որոշվեց ընդունել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում Արցախի Հանրապետության հռչակման մասին հռչակագիրը։
Այսօր հրավիրված խորհրդաժողովին արցախցիները հիշում էին, թե ինչպես էին մինչև 2020-ը մեծ տոնակատարություններով նշում այս օրը, իսկ այսօր արդեն էթնիկ զտման ենթարկված ու իրենց հայրենիքից տեղահանված մարդիկ փորձում եմ պահել մի օր կրկին իրենց տներ վերադառնալու հույսը:
Ի դեպ, Արցախի վտարանդի խորհրդարանի նախագահն այսօր նշում էր, թե անկախ ամեն ինչից՝ Արցախի բոլոր ինստիտուտները շարունակում են գործել Հայաստանում, և երբ հնարավոր լինի, կանցկացվեն նաև նախագահի ընտրություններ:
Այժմ խորհրդարանը ֆորմալ առումով գործում է Նաիրի Զարյան հասցեում գտնվող Արցախի ներկայացուցչությունում, որը 2017-ից Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականությունն էր դարձել: Սակայն Գլխավոր դատախազությունն ամիսներ առաջ դիմել է Վարչական դատարան, որ անվավեր ճանաչեն Արցախի կառավարության սեփականության իրավունքը այդ շենքի նկատմամբ:
«Եթե փորձ կատարվի Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը խլել արցախցիներից, արցախցիների լեգիտիմ իշխանություններից, դա լինելու է հակաօրինական», - ասաց Աշոտ Դանիելյանը:
Ի դեպ, հենց այս օրը Ադրբեջանի իշխանությունները Ստեփանակերտում քանդում են Արցախի արտգործնախարարության շենքը, անցած տարի քանդվել էր խորհրդարանի շենքը: