Մատչելիության հղումներ

Գերմանիան այսօրվանից նոր կոալիցիոն կառավարություն ունի


Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատների և սոցիալ-դեմոկրատների առաջնորդներ Ֆրիդրիխ Մերց և Լարս Կլինգբեյլ, արխիվ
Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատների և սոցիալ-դեմոկրատների առաջնորդներ Ֆրիդրիխ Մերց և Լարս Կլինգբեյլ, արխիվ

Եվրոպայի ամենամեծ տնտեսությունն ու շարժիչ ուժը՝ Գերմանիան այսօրվանից նոր կոալիցիան կառավարություն ունի. Քրիստոնեա-դեմոկրատական միությունը՝ ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, կոալիցիոն հուշագիր ստորագրեց ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատների հետ՝ վերջ դնելով երկրի քաղաքական դաշտում շուրջ կես տարի շարունակված անորոշությանը։

«Վստահ եմ, որ մենք մեր երկիրը կառավարելու հարցում վաղվանից հաջողության կհասնենք՝ ուժի, պլանավորման ու հանձնառության միջոցով», - հայտարարեց 69-ամյա Մերցը՝ հավելելով. - «Վաղը կունենաք մի կառավարություն, որը հաստատակամ է՝ առաջ տանել Գերմանիան բարեփոխումներով ու ներդրումներով, մի կառավարություն, որի քաղաքականությունն առաջին իսկ օրից կլինի վստահելի, և որը լրջորեն կվերաբերվի ժողովրդի մտահոգություններին»։

Գերմանիան ստիպված էր նոր, արտահերթ ընտրությունների գնալ, երբ անցած նոյեմբերին սոցիալ-դեմոկրատների գլխավորած կոալիցիան փլուզվեց․ այն ղեկավարող Օլաֆ Շոլցը նոր կաբինետում չի լինի։ Հիմա արդեն սոցիալ-դեմոկրատների ղեկավար Լարս Կլինգբեյլը կզբաղեցնի փոխկանցլերի ու ֆինանսների նախարարի պաշտոնը։ «Հաջողությունը երկնքից չի ընկնելու, մենք պետք է վաստակենք այն», - այսօր հայտարարեց նա, ընդգծելով՝ Բեռլինը կենտրոնանալու է արդյունաբերության զարգացման ու գերմանացի արտադրողին աջակցելու վրա. - «Մենք ուզում ենք Գերմանիան դնել աճի ճանապարհի վրա, ուզում ենք ներդրում անել ապագայհի մեջ, ուզում ենք երաշխավորել ավելի մեծ անվտանգություն և մեր երկրում ապրողների կյանքը հեշտացնել կոնկրետ, տեսանելի ու վճռական ճանապարհով»։

144-էջանոց կոալիցիոն պայմանագիրը, որ կոչվում է «Պատասխանատվություն Գերմանիայի համար», նկարագրում է՝ ինչպես են երկրի երկու ավանդական կուսակցությունները կառավարելու առաջիկա չորս տարիներին։ Հիմնական խոստումն է՝ վերակենդանացնել լճացման մեջ հայտնված տնտեսությունը, խստացնել պայքարը ապօրինի միգրացիայի դեմ ու կրճատել պետական ծախսերը։ Միաժամանակ, Բունդեսթագը համաձայնեց՝ պետք է ավելին ծախսել պաշտպանության վրա, և ամիսներ առաջ հաստատեց այդ նպատակով կատարվելիք փոխառություններն էապես ավելացնելու Մերցի առաջարկը։

«Մենք այլևս պետք է հույսը միայն մեզ վրա դնենք», - մարտին Բունդեսթագում հայտարարեց ապագա կանցլերը՝ հրապարակավ պնդելով, թե կասկածում է, որ Նահանգներում իշխանության եկած Թրամփի վարչակազմը կշարունակի նախկինի նման աջակցությունը եվրոպացի դաշնակիցներին։

«Մենք նաև մտադիր ենք ամրապնդել զինվորական ծառայությունը՝ Շվեդիայի մոդելով, որը հիմնված է նախ և առաջ կամավորության սկզբունքի վրա։ Մենք հույս ունենք, որ բավարար չափով կամավորներ կունենանք՝ մեր բանակն ամրապնդելու համար», - հայտարարել է Մերցը։

Տնտեսական աճը խրախուսելու համար նոր կոալիցիան գործարարներին կառաջարկի արտոնյալ պայմաններ, օրինակ՝ ներդրումների 30 տոկոսը առաջիկա երեք տարիների ընթացքում չի հարկվի, կորպորատիվ եկամտահարկը աստիճանաբար կնվազեցվի 2028 թվականից։

Ներքին գործերի ապագա նախարար Ալեքսանդր Դոբրինդն արդեն հայտարարել է՝ պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից սահմանին վերահսկողությունը կամրապնդվի, ստուգումները կդառնան շատ ավելի հաճախակի, իսկ փաստաթուղթ չունեցողները միանգամից կարտաքսվեն։

Առաջին հայացքից Գերմանիայի նոր կառավարության բոլոր այս առաջնահերթությունները համահունչ են նոյեմբերից ԱՄՆ-ում իշխանության եկած Դոնալդ Թրամփի քաղաքականության հետ, որը ևս հայտարարում է ներքին տնտեսությունը վերականգնելու, միգրանտների թիվը կրճատելու և Եվրոպայի ռազմական ուժն ամրապնդելու անհրաժեշտության մասին։ Իրականում, սակայն, Վաշինգտոնի ու Բեռլինի հարաբերություններում ոչ թե ջերմացման, այլ սառնության ակնհայտ նշաններ են՝ ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատճառով։ Թրամփի վարչակազմը չի թաքցնում համակրանքը մահմեդականների, միգրանտների հանդեպ կոշտ դիրքորոշում ունեցող, Եվրոպայի միասնությունն ու ապագան հարցականի տակ դնող այս կուսակցության հանդեպ, մինչդեռ Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակն անցած շաբաթ այն դասեց աջ ծայրահեղականների շարքում: Այս որոշումը նշանակում է, որ գերմանացի իրավապահները հիմա կարող են առավել մեծ վերահսկողություն սահմանել փետրվարյան համապետական ընտրություններում երկրորդ տեղը գրաված կուսակցության նկատմամբ։

Շրջանցելով դիվանագիտական բառապաշարը՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն օրեր առաջ հայտարարել էր. - «Սա ժողովրդավարություն չէ, այլ՝ քողարկված բռնապետություն, Գերմանիան պետք է փոխի իր ընթացքը»։

Բեռլինը շտապել էր արձագանքել՝ «սա հենց ժողովրդավարություն է»։ «Վերջնական խոսքը կասեն անկախ դատարանները, սակայն մենք մեր պատմությունից սովորել ենք, որ աջ ծայրահեղականությունը պետք է կանգնեցվի», - հայտարարել էր Գերմանիայի արտգործնախարարությունը։

Ի դեպ, Բեռլինն արդեն տեղեկացրել է, որ կանցլերի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո՝ չորեքշաբթի օրը, Ֆրիդրիխ Մերցը մեկնելու է Ֆրանսիա՝ Եվրամիութան մյուս առաջնորդող երկրի ղեկավարի՝ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպման։ Օվկիանոսից այն կողմ՝ Միացյալ Նահանգներ նախատեսվող այցի մասին որևէ բան դեռ չի հաղորդվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG