Մատչելիության հղումներ

Գյումրիի ավագանու նիստը հաշտ ու համերաշխ էր անցնում մինչև ՔՊ-ականի՝ Ղուկասյանին ուղղած հարցը


Գյումրիի ավագանու նիստ, արխիվ
Գյումրիի ավագանու նիստ, արխիվ

Գյումրիում ընդդիմություն դարձած «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր կողմ քվեարկեց ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրված բոլոր հարցերին՝ բացառությամբ մեկի: Ձեռնպահ քվեարկեցին Գյումրիի Ճերմակ հիվանդանոցի շենքը վաճառելու որոշումը չեղարկելուն, քանի որ հստակ չէր՝ կլինե՞ն ներդրողներ, թե՞ ոչ:

Նիստը հաշտ ու համերաշխ մթնոլորտում էր անցնում, մինչև այն պահը, երբ ՔՊ խմբակցությունից Քնարիկ Հարությունյանը հիշեցրեց, որ նախկին ավագանու ժամանակ, երբ իրենք քաղաքային իշխանություն էին, հիվանդանոցի շենքը վաճառելուն կողմ են եղել, քանի որ այդ գումարներն ուղղվելու էին սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը: Հարությունյանը համայնքի գույքը հետ վերադարձնելու՝ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությունը ողջունեց ու հարցրեց, թե քաղաքապետն ինքը ե՞րբ է պատրաստվում Գյումրիին վերադարձնել այն գույքերը, որոնք տարիներ առաջ սեփականաշնորհել է:

«Ողջունում եմ, պարոն Ղուկասյան, ձեր մոտեցումը, որ դուք ուզում եք համայնքային գույքը հետ վերադարձնել: Ես նաև ձեզ առաջարկ ունեմ՝ հետ վերադարձրեք նաև դատարանի նախորդ շենքը, հետ վերադարձրեք համայնքին նաև Կենտրոնական զբոսայգու այն հինգ հողակտորները, որոնք օտարվել են և հետո «Ամբերդ» ընկերությանն են օտարվել, հետո տարբեր սխեմաների, նվիրատվությունների տեսքով ամեն դեպքում դարձել են ձեր և ձեր ընտանիքի սեփականությունը», - հայտարարեց Հարությունյանը:

Ղուկասյանն արձագանքեց, թե Կենտրոնական այգին ծառահատումներից իրենք են եղբայրներով պահել, իսկ հողը «Թումո»-ին է տրվել:

«Ուրեմն Կենտրոնական զբոսայգին դա «Թումո» կենտրոնին է տված մոտավորապես արդեն տասը տարի, իսկ ինչ մնում է դատարանի շենքը՝ դատարանի շենքը և նմանատիպ շենքերը օտարվել է էն մարդկանց, որոնք սկսել են կառուցապատում անել: Էն ժամանակ, ուրեմն, էդ շենքը, որ էդտեղ կա, նկարները հաջորդ անգամ, կամ եթե հիմա գաք, ցույց կտամ, թե ինչ վիճակի մեջ է եղել, ու հետո ես քաղաքապետ չեմ եղել, էդ շենքը գնել եմ, հասկանալի՞ է, և մենք փրկել ենք էդ շենքի կյանքը», - հայտարարեց քաղաքապետը:

Գյումրիի ավագանին անցած տարի Վարչական դատարան դիմեց նախկին քաղաքապետեր Սամվել Բալասանյանի ու Վարդան Ղուկասյանի օրոք օտարված 22 անուն գույք համայնքին վերադարձնելու պահանջով:

«Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է մինչև դատարանի որոշումը գույքը ինքնակամ համայնքին վերադարձնի, Ղուկասյանն արձագանքեց. - «Մենք էդ գույքը ինչ որ ձեռք ենք բերել, էդ գույքը հեչ կապ չունի էդ ձեր ասածների հետ: Ուրեմն, եթե էս քաղաքը չգիտի, թե զբոսայգին, «Գորկա» այգին ով է պահել, ով է աշխատացրել մինչև էսօր, «Օազիս»-ը ով է սարքել, «Սայաթ-Նովա»-ն ով է սարքել, եթե դրանով պիտի դուք մտածեք, որ դա գույքի հետ վերադարձնել է, ուրեմն դա ընդամենը շոու սարքել է, իրենց գողությունը պահելն է, իրենց այլանդակությունները պահելն է, քցվում են մեկ ուրիշների վրա, ոնց որ հիմա լույսը սարքում են խավար, խավարը սարքում են լույս: Այ եթե էդ սկզբունքով է, միանշանակ դա մեզանից հեռու է, դա մեր վրայով չի»:

Սամվել Բալասանյանից էլ ավագանին պահանջում է վերադարձնել Սև բերդ ամրոցի հարակից հողատարածքները, ինչի օտարման համար նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, մեղադրյալի կարգավիճակ են ստացել նաև կրտսեր որդին ու մերձավորները: Ղուկասյանն այսօր Սև բերդի մասին խոսելիս ասաց, թե բավականին լուրջ ներդրում է արվել, թեև Սամվել Բալասանյանին չի հարգում:

«Ես իրեն էլ չեմ ընդունում, չեմ հարգում ընդհանրապես, իրա ապրածը, իմ նկատմամբ ինչ որ արել է, ես իրան չեմ հարգում, բայց որ ճիշտն է, ճիշտն եմ ասում՝ նմանատիպ կառույց, որ կառուցել է, հանրապետությունում չկա, էդ էլ ասեմ ձեզ: Բայց էն դիմացի որ կանաչ տարածքների մեջ շենք-շինություններ է կառուցել, այ դրանք ուրիշ բան է», - հայտարարեց քաղաքապետը:

Ավագանու նիստում փողոցաշինության սուբվենցիոն ծրագիրը հաստատվեց: ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն առաջարկեց ավագանու անդամներից հատուկ հանձնաժողով ստեղծել, որակը վերահսկել. - «Պարտադիր ավագանիների կողմից նաև վերահսկվի էս փողոցաշինության ծրագրերը և անպայման ավագանիների ստորագրությունը լինի ընդունման-հանձնման փաստաթղթերում»:

Ղուկասյանն արձագանքեց. - «Կողմնակից եմ դրան, տասը ձեռքով կողմնակից ենք, ավագանու անդամները, լրացուցիչ ովքեր ուզում են՝ ընդգրկվեն, ունենան էդ հնարավորությունը և վերջում էլ իրենց ստորագրությունները տակը դնեն, շատ ուրախ կլինենք»:

Ավագանու արդեն հերթական նիստին Գյումրիի համայնքի բյուջեն է ներկայացվելու հաստատման: Ղուկասյանն արդեն հայտարարում է, որ համայնքապատկան բոլոր կառույցներում 20-30 տոկոսով աշխատավարձերը բարձրացնելու են, թեև նախընտրական շրջանում 50 տոկոսի բարձրացում էր խոստացել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG