Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցությունն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներ է սկսել: Առիթը, ինչպես նշել են, վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով խորհրդարանական լսումներն են, Փաշինյանին հեռացնելու օրակարգի շուրջ համախմբումը:
«Իշխանափոխության լուծումների, կիրառական ուղիների քննարկում: Մեր առաջարկած ուղին իմփիչմենթն է, մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները կա՛մ դրա շուրջ մեր հետ կհամախմբվեն, կա՛մ կառաջարկեն այլ լուծում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանն արդեն հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի, Ազգային ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանի ու «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ, այսօր հանդիպել են նաև Սուրեն Սուրենյանց գլխավորած «Դեմոկատական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչներին: Մյուս ուժերի մասին Մամիջանյանը ոչինչ չասաց. - «Մնացած հանդիպումների վերաբերյալ պոստ ֆակտում, էլի»:
Ի՞նչ են քննարկել այս գործիչների հետ, հատկապես՝ Արթուր Վանեցյանի ու Վազգեն Մանուկյանի, որ 2020 թվականի պատերազմից հետո փորձեցին Փաշինյանին հեռացնել իշխանությունից ու չհաջողվեց: Հայկ Մամիջանյանը քննարկումների բովանդակությունից ոչինչ չպատմեց: Իսկ կասկածներ չունե՞ն, որ անվստահություն հայտնելու՝ իրենց սկսած գործընթացն էլ կտապալվի, քանի որ դրա համար անհրաժեշտ է, որ ոչ միայն խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը, այլև՝ Փաշինյանի թիմակիցներն էլ միանան:
«Ես չեմ խոսում հանդիպումների բովանդակության մասին, առանձին զրույցների աշխատանքային, այդ ամենը կկարողանաք լսել լսումների ժամանակ», - ասաց Հայկ Մամիջանյանը:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ը մինչ այս՝ դեռևս հունիսի սկզբին, Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ էր պատրաստել, որի տակ մինչև օրս միայն իրենց ստորագրություններն են: Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը դեռ չի միացել այդ նախագծին: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանի միջոցով Փաշինյանին տուն ուղարկելու Սարգսյանի սցենարը իրատեսական չի համարում: Մինչ բուն գործընթացն էր իր կարծիքը հայտնել:
«Ես ավելի պրագմատիկ մարդ եմ: Եվ մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի», - հայտարարել էր Քոչարյանը:
Սերժ Սարգսյանի թիմակիցներն ասում են՝ անվստահության նախագիծն Ազգային ժողովի դահլիճ չի հասնի, քանի դեռ վստահ չլինեն, որ իրենց միանալու են այնքան ՔՊ-ականներ, որ այն կընդունվի: Իշխող թիմից մինչ օրս բացառել են, որ իրենց շարքերից որևէ մեկը կմիանա:
Հանրապետականի նախաձեռնած լսումների օրը դեռ հայտնի չէ: Նրանք ակնկալում են, որ հրավիրվող ուժերն Ազգային ժողովի դահլիճում կառաջարկեն իշխանափոխության հասնելու լուծումներ, ճանապարհներ: