Մատչելիության հղումներ

Հանրապետականը Փաշինյանին հեռացնելու օրակարգով հանդիպումներ է սկսել


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության գրասենյակում, արխիվ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության գրասենյակում, արխիվ

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցությունն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներ է սկսել: Առիթը, ինչպես նշել են, վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով խորհրդարանական լսումներն են, Փաշինյանին հեռացնելու օրակարգի շուրջ համախմբումը:

«Իշխանափոխության լուծումների, կիրառական ուղիների քննարկում: Մեր առաջարկած ուղին իմփիչմենթն է, մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները կա՛մ դրա շուրջ մեր հետ կհամախմբվեն, կա՛մ կառաջարկեն այլ լուծում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանն արդեն հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին, Ազգային ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանին ու «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, այսօր հանդիպել են նաև «Դեմոկատական այլընտրանք» կուսակցության ղեկավարներին: Մյուս ուժերի մասին Մամիջանյանը ոչինչ չասաց. - «Մնացած հանդիպումների վերաբերյալ պոստ ֆակտում, էլի»:

Ի՞նչ են քննարկել այս գործիչների հետ, հատկապես՝ Արթուր Վանեցյանի ու Վազգեն Մանուկյանի, որ 2020 թվականի պատերազմից հետո էլ փորձեցին Փաշինյանին հեռացնել իշխանությունից, ու չհաջողվեց: Հայկ Մամիջանյանը քննարկումների բովանդակությունից ոչինչ չպատմեց: Իսկ կասկածներ չունե՞ն, որ անվստահություն հայտնելու գործընթացն այս անգամ էլ կտապալվի, քանի որ դրա համար անհրաժեշտ է, որ Փաշինյանի թիմակիցներն էլ իրենց միանան:

«Ես չեմ խոսում հանդիպումների բովանդակության մասին, առանձին զրույցների աշխատանքային, այդ ամենը կկարողանաք լսել լսումների ժամանակ», - ասաց Հայկ Մամիջանյանը:

«Իմփիչմենթին՝ որպես գաղափար, մենք առաջին օրվանից կողմ ենք եղել, որովհետև Նիկոլ Փաշինյանը դրա մեկ տասնյակից ավելի առիթ է տվել», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը:

Որքանո՞վ է հավանական Սերժ Սարգսյանի պատկերացրած՝ խորհրդարանով Փաշինյանին հեռացնելը: Ի՞նչ է քննարկել հանրապետականների հետ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավարը, որ իրատեսական քաղաքականության կողմնակից է: Արդյո՞ք հավանական է իմփիչմենթը այն դեպքում, երբ պարզ թվաբանությամբ ընդդիմությանն անհրաժեշտ է մոտ երկու տասնյակ ձայն իշխող խմբակցությունից:

«Իհարկե իմփիչմենթը անհնար է, եթե չկա համաժողովրդական շարժում, բայց իմփիչմենթը մի հանգրվան չունի: Գուցե չհասնենք էն վերջնանպատակին որպես արդյունք, բայց միջանկյալ արդյունքներ էլ, չէ՞, կան. իշխանությունն է թուլանում, իշխանությանը հարվածում ես՝ ինքը զրկվում է թիվ մեկ օրակարգ թելադրելու հնարավորությունից, իշխանության մեջ ճաքեր ես խորացնում: Այսինքն՝ էս բոլորը միջանկյալ արդյունքներ են, պետք չի ամեն ինչը դիտարկել միայն վերջնանպատակի կտրվածքով: Ինքը շանս է, որը թույլ է տալու, որպեսզի ընդդիմությունը սեփական օրակարգեր գեներացնի», - հայտարարեց Սուրենյանցը:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ը մինչ այս՝ դեռևս հունիսի սկզբին էր Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ պատրաստել, որի տակ մինչ օրս միայն խմբակցության վեց պատգամավորների ստորագրություններն են: Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը դեռ չի միացել այդ նախագծին: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանի միջոցով Փաշինյանին տուն ուղարկելու Սարգսյանի սցենարը իրատեսական չի համարում: Մինչև բուն գործընթացն էր իր կարծիքը ասել. -«Ես ավելի պրագմատիկ մարդ եմ: Եվ մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի»:

«Իմփիչմենթին հասնելու ճանապարհին առաջին կարևորագույն կետըդա ընդդիմադիր դաշտի, առաջին հերթին՝ խորհրդարանական ընդդիմության կոնսոլիդացիան է, ինչին և միտված են մեր գործողությունները», - հայտարարեց Հայկ Մամիջանյանը:

Հանրապետական կուսակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների օրը դեռ հստակ չէ, բայց «Հայաստան» խմբակցությունից ասում են՝ կմասնակցեն: Իսկ բուն՝ Փաշինյանին անվստահության նախագիծը ստորագրելու հարցը դեռ օդում է. հայտարարել են՝ այս հարցում ընդդիմադիր գործընկերներին կմիանան, եթե զուգահեռ փողոցային պայքար սկսվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG