Երևան-Անկարա կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը 2022-ին մեկնարկած բանակցություններից ի վեր այսօր առաջին անգամ Հայաստանի հատուկ ներկայացուցչին հանդիպեց Երևանում:
Սերդար Քըլըչին ընդունել են Արտաքին գործերի նախարարությունում: Այստեղ էլ ընթացել են Ռուբեն Ռուբինյանի հետ բանակցությունները: Թուրք դեսպանին ընդունել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Ռուբինյան - Քըլըչ հանդիպումից մի քանի ժամ անց կողմերը ոչ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը կյանքի կոչելու հստակ ժամկետների մասին հաղորդեցին, ոչ էլ՝ քաղաքական որևէ նոր համաձայնության:
«Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով: Այս համատեքստում նրանք մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ։ Հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը», - ասված է հայտարարությունում:
Թե ո՞րն է պատճառը, որ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու վերաբերյալ տարիներ առաջ ձեռք բերված առանցքային համաձայնությունը չի իրագործվում, Արտգործնախարարության հաղորդագրության մեջ այդ մասին խոսք չկա:
Փոխարենը հիշատակվում են նախկին մի քանի այլ պայմանավորվածություններ: Օրինակ՝ երկու տարի առաջ Երևանն ու Անկարան պայմանավորվել էին վերանորոգել Անիի կամուրջը: Այսօրվա բանակցություններից հետո այս համաձայնությանն ավելացել է կրթական բաղադրիչ:
«Ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու և պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով», - նշված է հաղորդագրությունում:
Նույնը վերաբերում է նաև Գյումրի-Կարս երկաթուղուն: Անցած տարի ամռանն էին հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել համատեղ գնահատել այդ երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները: Գրեթե նույնը նշված էր այսօրվա հաղորդագրության մեջ, այստեղ էլ միակ նորությունն այն էր, որ ուսումնասիրություններ կկատարվեն նաև էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։ Կրկին ոչ մի խոսք այն մասին, թե ինչու են եղած պայմանավորվածությունները մնում թղթի վրա:
Միակ նորությունն, ըստ էության, այն էր, որ կողմերը համաձայնել են աշխատել, որ 2026-ից ամռանից բացի գործող ավիափոխադրողներից այլ ընկերություններ ևս չվերթներ իրականացնեն:
Մինչ բանակցությունները Արտգործնախարարությունը կարճ տեղեկություն էր փոխանցել, որ կարգավորման հարցով Հայաստան ժամանած թուրք դիվանագետին Մարգարայի անցակետի մոտ դիմավորել է Ռուբեն Ռուբինյանը:
Ավելի քան երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո կարգավորման հարցով բանակցություններ սկսեցին: 2022 թվականի հունվարից երկու երկրների հատուկ ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել: Բանակցությունները նախ անցկացվում էին երրորդ երկրներում, հետո արդեն տեղափոխվեցին հայ-թուրքական սահման: Անցած տարվա գարնանն էլ Անթալիայի դիվանագիտական ֆորումին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն էր առաջարկել հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում:
ՀՅԴ երիտասարդների ակցիա Կառավարության շենքի մոտ
Թուրք դիվանագետի Երևան այցին հաջորդեց Դաշնակցության երիտասարդական միության նախաձեռնած բողոքի ակցիան: Ռուբինյան-Քըլըչ բանակցություններից հետո երիտասարդ դաշնակցականները «ոչ ուրացմանը», «1915» գրառումներով, նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների լուսանկարներով կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտեցին Սերդար Քըլըչի այցի կապակցությամբ:
«Առհասարակն մենք նորմալ հարաբերություններին դեմ չենք, և մենք մեր բոլոր հարևանների հետ պետք է շփվենք, պետք է հարաբերություններ ունենանք ու եթե կարիք կա, նույնիսկ հրավիրենք մեր երկիր ու բանակցությունները շարունակենք մեր երկրում: Բայց այս տեսակ բանակցություններ, այս տեսակ հայկական շահին դեմ բանակցություններ.... ու ոչ մի կետ չկա Թուրքիայի հետ բանակցություններում, նաև Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնք բխում են հայկական շահերից», - ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գոռ Սահակյանը:
Ակցիայի մասնակիցները քննադատեցին նաև կառավարությանը՝ վարած արտաքին քաղաքականության համար: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարժվող հայ պաշտոնյաները արդեն հայտարարել են՝ Ցեղասպանության ճանաչման հարցը Երևանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից չէ:
«Այսօր այստեղ երիտասարդներ են հավաքված, ովքեր ասում են, որ՝ «մենք չենք ուրանալու Ցեղասպանությունը, մենք չենք ընկրկելու և չենք սակարկելու Հայաստանի Հանրապետության և հայի շահը», - նշեց ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը:
Իր թուրք գործընկերոջը ճանապարհելուց հետո երիտասարդ դաշնակցականների ակցիային խորհրդարանում անդրադարձավ Ռուբեն Ռուբինյանը. «Պարոն Մինասյան, կարո՞ղ է իմանաք՝ ինչի՞ է ՀՅԴ երիտասարդաց միությունը կառավարության դիմաց իմ դեմ միտինգ անում, եթե ես այստեղ նիստ եմ վարում»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Պարոն Ռուբինյան, հայ-թուրքական հարաբերությունները Դուք չեք մարմնավորում ոնց որ, ինչի՞ եք վերցնում Ձեր վրա: Եթե Դուք եք մարմնավորում, ասեք, հակառակ դեպքում անհասկանալի է Ձեր հայտարարությունը»:
Թե ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը, այսօր այս մասին հրապարակային ոչ մի տեղեկություն չհաղորդվեց: Բայց կրկին ընդգծվեց՝ կողմերը վերահաստատել են հանձնառությունը շարունակել կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի։