Մատչելիության հղումներ

ՀԷՑ–ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրի վճիռը ենթակա է պարտադիր կատարման. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ


Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման. սա Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մեկնաբանությունն է՝ ի պատասխան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հարցման:

Հանձնաժողովը ՀԷՑ-ին առնչվող արբիտրաժային որոշման մասին հարցեր էր ուղարկել վարչապետի աշխատակազմ, որի ենթակայությամբ է գործում իրավական ներկայացուցչի գրասնյակը:

News.am-ը, հղում անելով իր աղբյուններին, անցած շաբաթավերջին գրեց, թե Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը գրություն է ուղարկել հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, որով ընդգծել է՝ Ստոկհոլմյան հրատապ արբիտրաժի որոշումից հետո՝ ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի պաշտոնավարումը պետք է անհապաղ կասեցնել, որ Հայաստանի նկատմամբ հետագայում սանկցիաներ չկիրառվեն:

Երրորդ օրն է՝ ո՛չ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը, ո՛չ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողողն այս տեղեկությունը չեն հերքում: Իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից «Ազատությանը» միայն փոխանցեցին.

«Ի պատասխան ՀԿԾՀ-ի՝ արբիտրաժային վճռի պարտադիր կատարման ենթակա լինելու վերաբերյալ վարչապետի աշխատակազմ ուղարկված մի շարք հարցադրումների, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը մանրամասն ներկայացրել է վերաբերելի իրավակարգավորումներն արբիտրաժային վճիռների, այդ թվում՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի հուլիսի 22-ի վճռի պարտադիրության, դրա կամավոր կատարման և ճանաչման վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում:

Ի՞նչ հարցեր է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վարչապետի աշխատակազմ, ի՞նչ պատասխաններ է ստացել, արդյոք Ռոմանոս Պետրոսյանի՝ որպես ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի պաշտոնավարումը կասեցնելու մասին անհրաժեշտությունից խոսել է Լիպարիտ Դրմեյանը, ուղարկված պատասխաններում հայտնի չէ:

Պատասխաններ փորձեցինք ստանալ հանձնաժողովից, սակայն կառույցի ղեկավարը օրեր շարունակ զանգերին չի պատասխանում, նրան հարցերը փոխանցել ենք խոսնակի միջոցով, սպասում ենք արձագանքի:

Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը մոտ մեկ ամիս առաջ Հայաստանից պահանջել էր ձեռնպահ մնալ ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամներին ու կանոնադրությունը, չնշանակել ժամանակավոր կառավարիչ, իսկ եթե նշանակվել էր, թույլ չտալ նրան գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին: Արբիտրը նաև պահանջել էր չկասեցնել ընկերության լիցենզիաները և որևէ այլ ձևով չսահմանափակել ՀԷՑ-ի սովորական բիզնես գործառնությունները: Որոշումը, սակայն, մնաց թղթի վրա:
«Ներպետական օրենսդրությամբ և ոչ միայն, նաև միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին», - ավելի վաղ ասել է ՀՀ Արդարադատության նախարարը:

ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանն այժմ շարունակում է աշխատանքը ՀԷՑ-ում, իսկ կալանավորված միլիարդատիրոջ փաստաբանական թիմը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» համար կառավարությունից 500 միլիոն դոլար է պահանջում: Կարապետյանները փոխհատուցման պահանջով արբիտրաժային տրիբունալ են դիմել, որն էլ պետք է քննի բուն ներդրումային վեճը:

XS
SM
MD
LG