Չնայած կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի` «Հայաստանի էլեկտրական ցանցերի» համար կես միլիարդ դոլարի փոխհատուցման պահանջին, փորձագետների զգուշացումներին, որ ընկերության պետականացմանը միտված քայլերը հարված են հասցնում Հայաստանի հեղինակությանը, Կառավարությունից հայտարարում են՝ մտավախություններ չունեն. «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ցանկացած արբիտրաժում պաշտպանելու իր պետական շահերը, և մենք այս դեպքում ևս գնալու ենք էդ ճանապարհով» , - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Կարապետյանները կառավարությունից 500 միլիոն դոլար են պահանջում: Ընտանիքը փոխհատուցման պահանջով արբիտրաժային տրիբունալ է դիմել, որն էլ պետք է քննի բուն ներդրումային վեճը:
Գործարարի փաստաբանական թիմը տեղեկացնում է՝ հայցի հիմքում Կարապետյանները ներդրումների պաշտպանության մասին Հայաստանի ու Կիպրոսի միջև 30 տարի առաջ կնքված համաձայնագիրն են դրել: Միլիարդատերը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» տնօրինում է նաև Կիպրոսում գրանցված մի ընկերության միջոցով: «Կարապետյանների ընտանիքն իր արբիտրաժային հայցում պնդում է, որ Հայաստանի Հանրապետության գործողությունները կամայական են, խտրական, քաղաքականորեն ուղղորդված և նպատակ են հետապնդում զրկել իրենց ՀԷՑ-ի նկատմամբ սեփականության իրավունքից» , - հայտնել է Կարապետյանների փաստաբանական թիմը:
500 միլիոն դոլարը Հայաստանի պետբյուջեի՝ մեկ տարվա ընթացքում պետական բոլոր ծախսերի ավելի քան 5 տոկոսն է, Հայաստանի ամբողջ պետական պարտքի ավելի քան 3.5 տոկոսը: Օրինակ՝ տարեցների աշխատանքային կենսաթոշակների համար պետությունը 780 միլիոն դոլար է ծախսում, այս 500 միլիոն դոլարն այնքան մեծ է գումար է Հայաստանի համար, որ հնարավոր է բոլորի կենսաթոշակը 60 տոկոսով ավելացնել:
«Ոչ, մտահոգություն չունենք: Չենք պարտվի, վստահ եմ, մենք անելու ենք առավելագույնը՝ պատշաճ կերպով պաշտպանելու Հայաստանի Հանրապետության շահերն ինչպես արբիտրաժում, այնպես էլ ցանկացած դատական ատյանում, որտեղ Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայց կներկայացվի» , - հայտարարեց Դավիթ Խուդաթյանը։ Թե որտեղից նման ինքնավստահություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը չի մանրամասնում ու առաջարկում է չանհանգստանալ. «Մտահոգություններ և մտավախություններ չունենք»:
Իշխանությունները «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետականացնելու մասին հայտարարեցին Սամվել Կարապետյանի կալանավորմանը զուգահեռ, հաշվված օրերի ընթացքում ընկերության կառավարումը ստանձնելու համար օրենք փոխեցին, որն էլ խորհրդարանն ընդունեց հրատապ կարգով: Անցած ամիս Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությունից պահանջել էր ձեռնպահ մնալ ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամներին ու կանոնադրությունը: Կառավարությունը չհետևեց որոշմանը. պետության կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլև ընկերության ղեկավար հաստիքներ զբաղեցնող աշխատակիցների է հեռացրել, նրանց փոխարեն՝ այդ թվում իր կուսակիցներին նշանակել: Չկատարված արբիտրաժային որոշումն, ըստ էության, հայցի ապահովման միջոցի նշանակություն ուներ, բուն քննությունը դեռ նոր պետք է սկսվի:
Արբիտրաժային գործերում մասնագիտացված իրավաբանները բացատրում են՝ եթե արբիտրաժը բավարարի Կարապետյանների դիմումը, իսկ գործադիրը գումարը չվճարի, բանը կարող է արտերկրում գտնվող Հայաստանի ակտիվների բռնագանձմանը հասնել. «Ներդրումային ոչ մի հնարավորություն, որ կարելի էր ենթադրել, որ կարող է գալ, չի գա, որովհետև ներդրողներն արդեն կհասկանան, որ անգամ դատական ակտը չի կատարում Հայաստանը ներդրումների պաշտպանության բնագավառում: Վնասելու է ներդրումային միջավայրին ու տնտեսությանը նաև» , - ասում է իրավաբան Տարոն Սիմոնյանը:
Անկախ արբիտրաժային տրիբունալի որոշումից՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետականացնելու համար Կառավարությունը պարտավոր է Կարապետյաններին վճարել իրենց սեփականության համար. սա ամրագրված է Սահմանադրությամբ:
Շաբաթներ առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում վերահաստատել էր՝ Սամվել Կարապետյանին միանշանակ փոխհատուցում կտան. «Ժողովրդի շրջանում, երբ ասվում է ազգայնացում, բոլորը պատկերացնում են, որ խոսքը խլելու մասին է ինչ-որ մեկի սեփականությունը, բայց մեր երկրում նման իրավական ընթացակարգ որևէ սեփականության ձևի հետ կապված գոյություն չունի: Մենք ինչի մասին էլ խոսենք, դա հատուցելի բնույթ է կրելու», - ասել է Արդարադատության նախարարը:
«Հայաստանի էլեկտրական ցանցերում» անցած տարի անցկացված աուդիտի արդյունքում ընկերության կապիտալը շուրջ 360 միլիոն դոլար է գնահատվել: