Չնայած հարևան Իրանում արդեն 4-րդ օրը շարունակվող պատերազմական գործողություններին, Հայաստանի անվտանգության խորհուրդը լուռ է։ Պաշտոնապես չի հաղորդվում՝ արդյո՞ք անցած օրերին խորհուրդը նիստ գումարել է՝ քննարկելու երկրի հարևությամբ ծավալվող իրադարձությունները, արդյոք քայլեր ձեռնարկվում են Հայաստանի վրա անվտանգային և տնտեսական ազդեցությունները մեղմելու կամ կանխարգելելու ուղղությամբ։ Անվտանգության խորհրդից «Ազատությանը» փոխանցեցին՝ եթե նիստ լինի, կտեղեկացնեն։
Իսրայելի ու Իրանի միջև ծավալվող ռազմական գործողություններին զուգահեռ մեծանում են անհանգստությունները Հայաստանի անվտանգության հետ կապված։ «ԱՊՐԻ Արմենիա»-ի փորձագետ Սերգեյ Մելքոնյանի համոզմամբ՝ այս առճակատումը կարող է բացասական հետևանքներ թողնել Հայաստանի վրա թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական առումով։ Նախ արևելագետը մատնանշում է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ակտիվությունը Հայաստանի սահմաններին, մասնավորապես սահմանակից Նախիջևանում անցկացվող համատեղ զորավարժությունները։ Փորձագետն ընդգծում է՝ Նախիջևանը դառնում է Հարավային Կովկասում ամենառազմականացված կետերից մեկը։
Սերգեյ Մելքոնյանը պատահական չի համարում նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի օրերս արած հայտարարությունը, թե Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ։
«Թուրքիան և Ադրբեջանը կարող են փորձել օգտվել այս հնարավորության պատուհանից, որը բացվում է։ Կախված է արդեն սցենարից, որովհետև Ադրբեջանի օրակարգը չի սահմանափակվում «Զանգեզուրի միջանցքի» օրակարգով, ավելի լայն է՝ «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգն է նաև ներառում, որն ուղղված է ընդհանուր ՀՀ պետականության դեմ», - ասաց նա:
Արևելագետի համոզմամբ՝ Հայաստանի դեմ ադրբեջանա-թուրքական հնարավոր ռազմական գործողությունները կախված են այն հանգամանքից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Իրանի հյուսիսում, արդյոք իսրայելական հարվածներից հետո Թեհրանը կզրկվի վերահսկողության հնարավորությունից նաև իր սահմաններից դուրս։ Խոսքն այս դեպքում ՀՕՊ համակարգերի ոչնչացման մասին է։
«Զանգեզուրի միջանցք» բացելու գաղափարից չհրաժարվող Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր ընդդիմախոսը հենց Իրանն է։ Ամենաբարձր մակարդակով Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է։
«Ժամանակահատվածը կախված է հիմնականում՝ ինչ իրավիճակ կլինի Իրանի հյուսիսում։ Մենք տեսնում ենք, որ շատ ակտիվ աշխատում են իսրայելական կործանիչները, որպեսզի ոչնչացնեն իրանական ՀՕՊ համակարգը հյուսիսում՝ Թավրիզի շուրջ օրինակ, նաև թիրախավորված են ռազմական օբյեկտները։ Այն դեպքում, երբ տեսնեն, որ հյուսիսում խնդիրներ կան գետնի վրա, և դժվար է իրավիճակը վերահսկել սահմաններից դուրս, որովհետև բոլորը հասկանում են, որ իրանական ՀՕՊ-ը խնդիր կարող է լինել ադրբեջանական ԱԹՍ-ների դեմ, որոնք մատակարարվում էին Իսրայելից։ Եվ եթե այնտեղ Իրանի ռազմական ունակությունը նվազի, սա արդեն կբացի այս հնարավորության պատուհանը», - նշեց փորձագետը։
Չբացառելով ադրբեջանա-թուրքական հնարավոր ռազմական գործողությունները Հայաստանի դեմ՝ «ԱՊՐԻ Արմենիա»-ի փորձագետը մեկ այլ անվտանգային խնդիր էլ է բարձրաձայնում. Հայաստան մատակարարվող զենքի հիմնական ճանապարհը հենց Իրանի տարածքով է անցնում. «Այս տարածքը՝ լինի օդային և ցամաքային ճանապարհը, խնդրահարույց է դառնում»։
Չնայած փորձագետների ու քաղաքական գործիչների աճող մտահոգություններին, անցած շաբաթավերջին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա։
Դաշնակցության Գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր նշեց՝ մտահոգություններ ունեն, որ Ադրբեջանը փորձելու է օգտվել իրավիճակից։ Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, նշեց՝ պարզ չէ՝ արդյոք Հայաստանի իշխանությունները ինչ-որ քայլեր ձեռնարկում են, հանրային մակարդակում դա չի երևում, իսկ ներքին շարժում կա թե ոչ՝ դժվարանում է ասել։
Արդյոք Իրանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով Հայաստան տեղափոխվելու ցանկություն հայտնել են, Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ամենօրյա կապի մեջ են տեղի իրենց կառույցի ներկայացուցիչների հետ։
«Վստահեցնում եմ, որ մեծ խուճապ կամ արտագաղթի տրամադրություն առնվազն այս պահին չկա, բայց բնականաբար, երկիրը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ, մենք ունենք մեծ թվով հայրենակիցներ, ազգային կառույցներ, և կա շատ մեծ մտահոգություն», - հավելեց ՀՅԴ անդամը։
Հայաստանը՝ վարչապետի մակարդակով, դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա, արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ կոչ է արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»։