Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է անում Թեհրանի բնակչությանը տարհանվել, քանի որ առաջիկա ժամերին Իրանի մայրաքաղաքի ուղղությամբ կարող են նոր օդային գործողություններ ձեռնարկվել։
«Իսրայելի զինված ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը։ Մենք մեր երկու հիմնական նպատակներին հասնելու ճանապարհին ենք։ Դրանք են Իրանի միջուկային և հրթիռային սպառնալիքների վերացումը։ Մենք ասում ենք Թեհրանի բնակիչներին՝ տարհանվեք և անցնում ենք գործի»,-հայտարարել է Նեթանյահուն։
Իրանն ու Իսրայելը չորրորդ օրն է՝ փաստացի պատերազմի մեջ են։ Անցած գիշեր Թեհրանը թիրախավորել է Իսրայելի կենտրոնական հատվածը, հաղորդվում է զոհերի ու հարյուրավոր վիրավորների մասին։
Իսրայելի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ կիրակի օրը մոտ 20 թիրախի են հարվածել, այդ թվում՝ «Քուդս» ուժերի՝ Թեհրանում գտնվող հրամանատարական կենտրոններին: Նաև սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում՝ հետախուզության պետին։ Նա նշել է, որ այս պահին արդեն ոչնչացրել են Իրանի «երկիր-երկիր» դասի հրթիռների ավելի քան մեկ երրորդը:
Սա Իրանի և Իսրայելի միջև տասնամյակներ շարունակվող առճակատման ամենաթեժ ու վտանգավոր բախումն է: