Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մանրասներ են ներկայացրել ուկրաինական հակամարտության վերաբերյալ ավելի քան երկու ժամ տևած հեռախոսազրույցից։
Պուտինն ասել է, որ տեղի է ունեցել շատ անկեղծ, կառուցողական և շատ օգտակար զրույց։ Ապա նշել, որ Միացյալ Նահանգների նախագահն արտահայտել է իր դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման, հրադադարի վերաբերյալ, ինչի ի պատասխան Վլադիմիր Պուտինն էլ նշել է, որ Ռուսաստանը նույնպես կողմ է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը և պարզապես պետք է որոշեն խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղիները:
«Մենք համաձայնության եկանք Միացյալ Նահանգների նախագահի հետ, որ Ռուսաստանը կառաջարկի և պատրաստ է ուկրաինական կողմի հետ աշխատել հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հուշագրի շուրջ, որում կսահմանվեն մի շարք դիրքորոշումներ, ինչպիսիք են, օրինակ, կարգավորման սկզբունքները, խաղաղության հնարավոր համաձայնագրի ժամկետները և այլն, ներառյալ որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադարը, եթե ձեռք բերվեն համապատասխան համաձայնություններ», - ասել է ՌԴ նախագահը:
Կրեմլի ղեկավարը նշել է, որ Ստամբուլում կողմերի միջև ուղիղ բանակցությունների վերսկսումը հիմք է տալիս ենթադրելու, որ ընդհանուր առմամբ «ճիշտ ուղու վրա ենք»։
«Հարցը, իհարկե, այն է, որ ռուսական և ուկրաինական կողմերը ցուցաբերեն խաղաղության հասնելու առավելագույն ցանկություն և գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին։ Միաժամանակ, կցանկանայի նշել, որ Ռուսաստանի դիրքորոշումը ընդհանուր առմամբ հստակ է։ Մեզ համար գլխավորն այս ճգնաժամի արմատական պատճառները վերացնելն է», - ասել է նա։
Դոնալդ Թրամփն իր հերթին սոցցանցում գրել է, որ հեռախոսազրույցը լավ է անցել։ «Ռուսաստանն ու Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցություններ հրադադարի և, ավելի կարևորը, պատերազմն ավարտելու ուղղությամբ», - նշել է նա՝ հավելելով, որ հրադադարի պայմանները կքննարկվեն երկու կողմերի միջև, քանզի նրանք են ամենալավը տեղյակ բանակցությունների մանրամասներին։
«Զրույցի տոնն ու ոգին գերազանց էին։ Եթե այդպես չլիներ, ես դա կասեի հիմա, այլ ոչ թե ավելի ուշ։ Ռուսաստանը ցանկանում է լայնածավալ առևտուր անել Միացյալ Նահանգների հետ, երբ այս աղետալի «արյունահեղությունը» ավարտվի, և ես համաձայն եմ։ Ռուսաստանի համար կա հսկայական հնարավորություն՝ ստեղծելու հսկայական քանակությամբ աշխատատեղեր և հարստություն։ Նրա ներուժը անսահման է», - գրել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Ուկրաինան նույնպես կարող է մեծ օգուտ քաղել առևտրի հարցում՝ իր երկրի վերականգնման գործընթացում:
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն անմիջապես», - գրել է նա՝ հավելելով, որ այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին՝ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:
Թրամփը վերջում նշել է, որ Վատիկանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել ռուս–ուկրաինական բանակցությունները։ «Թող գործընթացը սկսվի»,- գրել է Թրամփը։