Իր պաշտոնավարման անցած 7 տարիների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առայժմ մեկ անգամ է Մոսկվայում մասնակցել մայիսի 9 -ի Հաղթանակի շքերթին:
2018-ին և 2019-ին նա Արցախում մասնակցում էր եռատոնի միջոցառումներին: Արդեն, 2020-ին Փաշինյանը չմասնակցեց շքերթին՝ կորոնավիրուսի պատճառով: Հայաստանի վարչապետն անգամ նամակ ուղարկեց Վլադիմիր Պուտինին, նշելով, թե համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս Մոսկվա մեկնել: Առաջին անգամ Փաշինյանը Կարմիր հրապարակում տոնական զորահանդեսին մասնակցեց 2023-ին:
Նախորդ տարի, 2024 -ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց մայիսի 9-ին նախատեսված Հաղթանակի միջոցառումներին: Ընդորում, այդ տարի Փաշինյանը նախորդ օրը՝ մայիսի 8-ին, Մոսկվայում ԵԱՏՄ նիստն էր նախագահում: Բայց Հայաստանի վարչապետը նույն օրը վերադարձավ Երևան: Փաշինյանն անցած տարի պատճառաբանել էր, թե ամեն տարի շքերթին մասնակցելը տարօրինակ է:
Մինչդեռ այս տարի արդեն, Փաշինյանը մեկնում է Մոսկվա՝ պատճառաբանելով, որ նման առիթները բաց թողնելը ճիշտ չէ. - «Իհարկե, միջոցառումը շատ կարևոր է նաև Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում, բայց նաև այդ հանդիպումներում քննարկվում հարցեր, այդ թվում՝ երկկողմ օրակարգի հարցեր, տարբեր հարցեր, նման առիթները բաց թողնելն այնքան էլ ճիշտ չի լինի»:
Ի դեպ, թեև վաղը Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի Հաղթանակի 80-ամյակի տոնական միջոցառումներին, սակայն հայկական զորախումբը Կարմիր հրապարակում ռազմական շքերթին չի մասնակցի։ Այդ մասին տեղեկացրել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Մինչդեռ, օրինակ, 2020 -ին հայկական բանակի 75 զինծառայողներ մասնակցել էին շքերթին՝ ծածանելով Թամանյանական դիվիզայի դրոշն ու Հայաստանի եռագույնը:
Թե ինչո՞ւ է այս տարի չմասնակցելու որոշում կայացվել, պարզ չէ: Պաշտպանության նախարարությունից պաշտոնական բացատրություն ստանալ չհաջողվեց:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե որոշման պատճառների մասին տեղյակ չէ, բայց և ընդգծեց. - «Վարչապետի մասնակցությունը բոլ-բոլ ա»:
Ազգային ժողովի նախագահը, որ Փաշինյանի այցից օրեր առաջ մեղադրել էր Մոսկվային Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, այսօր շեշտեց, թե վարչապետը Ռուսաստան է մեկնում միմիայն վետերանների նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով. - «Մենք չենք կարա էդ մարդկանց արածն ուրանանք»:
Ըստ Մարուքյանի՝ Հայաստանը վերանայում է ՌԴ-ի նկատմամբ մոտեցումները՝ պայմանավորված ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությամբ
Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, որ Փաշինյանի կառավարությունում աշխատեց շուրջ 2 տարի, համոզված է՝ Հայաստանը հերթական անգամ վերանայում է Ռուսաստանի նկատմամբ մոտեցումները՝ պայմանավորված ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությամբ: Ի տարբերություն Բայդենի, նախագահ Թրամփի վարչակազմը շփվում է Մոսկվայի հետ, բանակցություններ է վարում, ինչն էլ ազդել է Փաշինյանի մոտեցումների վրա:
«Ես կարծում եմ, որ շատ կարևոր է ունենալ հետևողական միանշանակ մոտեցում տվյալ իրավիճակներում, և թե՛ անցյալ տարի էր պետք մասնակցել, թե՛ նաև այս տարի է պետք մասնակցել», - ասաց Մարուքյանը:
Նախկին դեսպանը, սակայն, անընդունելի է համարում, որ թեև վարչապետը, ի վերջո, Մոսկվա մեկնելու որոշում է կայացրել, սակայն Հայաստանի զինված ուժերի զորախումբ շքերթին չի մասնակցի: Պատճառը, «Լուսավոր Հայաստանի» -ի ղեկավարի համոզմամբ, այն է, որ ի սկզբանե Փաշինյանը մեկնելու որոշում չի ունեցել, և երբ վերջին պահին այն կայացրել է, զորախումբ ուղարկելն արդեն հնարավոր չի եղել: Քանի որ տասնյակ զինվորականները նախապես են մեկնում Ռուսաստան և հատուկ պատրաստվում են զորահանդեսին:
«Դուրս է գալիս, որ գնալու է ու այնտեղ դիտելու է նաև Ադրբեջանի զորախմբի քայլերթը, բայց ոչ մեր պետության զորախմբի: Իմ համար այս մոտեցումները շատ անհասկանալի են: Այսինքն սկզբից որոշվել է, որ չենք մասնակցում, չենք ուղարկում զորախումբ պետք չի ուղարկել, որովհետև հնարավոր է վարչապետն էլ չմասնակցի: Հետո որոշվել է, որ վարչապետը պետք է մասնակցի, բայց զորախումբ չես կարա վերջին օրն ուղարկել, դա մոտ մեկ ամիս առաջ գնում են, պարապմունքներ են տեղի ունենում: Հայաստանը հստակ հրավեր ստացել է ու մերժել է», - նշեց նա:
«Ազատության» հարցին՝ «Դուք գիտե՞ք, որ Հայաստանի զինված ուժերը հրավեր ստացել է զորահանդեսին մասնակցելու», Մարուքյանը պատասխանեց. - «Այո, ԱՊՀ բոլոր պետություններն են ստացել, միայն Հայաստանը չի ստացել»:
Ի դեպ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանի համոզմամբ՝ Փաշինյանը Մոսկվա մեկնելու որոշում է կայացրել տոնական միջացառումներին զուգահեռ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներ ունենալու ակնկալիքով: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը Հաղթանակի տոնակատարություններին չի մասնակցի՝ հոր Հեյդար Ալիևին նվիրված միջոցառումների պատճառաբանությամբ, փոխարենը ադրբեջանական զորախումբը կմասնակցի տոնական շքերթին:
Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: