Մատչելիության հղումներ

Իրանի նախագահի Հայաստան այցին ընդառաջ Երևանն ու Թեհրանը շարունակվում են շփումները


 Հայաստանի և Իրանի դրոշները, արխիվ
Հայաստանի և Իրանի դրոշները, արխիվ

Սյունիքում «Թրամփի ուղու» շուրջ Թեհրանի վերապահումների պայմաններում ու Իրանի նախագահի երևանյան այցին ընդառաջ շարունակվում են հայ և իրանցի պաշտոնյաների շփումները: Երևանն այսօր հաղորդեց Հայաստանի ու Իրանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հեռախոսազրույցի մասին: Շաբաթվա ընթացքում զրուցել էին նաև երկրների ղեկավարներն ու արտգործնախարարները:

Ըստ հայկական կողմի՝ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալի Լարիջանին ընդգծել է, որ Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակության են ու հավելել, որ ինքը պատրաստ է իր ներդրումն ունենալ բազմաոլորտ համագործակցության շրջանակներում:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր և վստահություն հայտնել, որ գործող պայմանավորվածությունների իրագործումը կշարունակվի, հաղորդում է Արմեն Գրիգորյանի գրասենյակը: Իրանական կողմը հեռախոսազրույցի մասին դեռ չի հաղորդել:

Երկուշաբթի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր առաջին պաշտոնական այցը կկատարի Երևան: Նրա խորհրդականն այսօր հայտնել է, որ այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է, հատկապես առևտրի ոլորտում, նախատեսվում է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում:

Թե ինչ փաստաթղթեր կստորագրեն Երևանն ու Թեհրանը, Փեզեշքիանի խորհրդականը չի բացահայտել, Հայաստանի կառավարությունը ևս չի հրապարակել այցի օրակարգը:

Փեզեշքիանը Երևան է ժամանում Վաշինգոտոնում հայ - ամերիկա - ադրբեջանական հռչակագրի ստորագրումից տասն օր անց: Այս ընթացքում Իրանի պաշտոնական շրջանակներից և՛ ողջունել են հայ - ադրբեջանական խաղաղության շուրջ պայմանավորվածությունները, դրա կողքին Թեհրանի վերապահումները թվարկել: Ընդ որում՝ աշխարհիկ իշխանության համեմատ ավելի կոշտ են հոգևոր թևի գնահատականները:

Հայաստանը եռակողմ հռչակագրով համաձայնել է Սյունիքով անխոչընդոտ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին դեպի իր էքսկլավ Նախիջևան, ըստ պայմանավորվածության, ճանապարհի կառավարումը ստանձնելու է ամերիկյան ընկերությունը՝ 99 տարով: Իրանին անհանգստացնում է ամերիկյան ներկայության պայմաններում Հայաստանի հետ կապը չկորցնելը:

Թերևս այս մտահոգությունները փարատելու համար այս շաբաթ Հայաստանի փոխարտգործնախարարը մեկնեց Թեհրան:

Մինչ Երևանում պաշտոնյաները դեռ խուսափում են մանրամասներ հայտնել Իրանի անմիջական հարևան Սյունիքով անցնող Թրամփի ճանապարհի դետալների մասին, Վահան Կոստանյանը իրանական IRNA-ին տված հարցազրույցում որոշ դետալներ էր բացահայտել, մասնավորապես, որ հայաստանում ընկերություն կգրանցվի, որի բաժնեմասերը կկիսվեն Հայաստանի ու Ամերիկայի միջև:

«Բայց սա չի նշանակում ամերիկյան անվտանգային ներկայություն տարածաշրջանում: Մենք հասկանում ենք, որ հենց սա է իրանական կողմի հիմնական անհանգստություններից մեկը, և իմ կարծիքով՝ այս մտահոգությունը փարատվել է», - ասել էր փոխարտգործնախարարը:

Փեզեշքիանի այցին ընդառաջ պետական «Արմենպրես»-ի կայքում այսօր հրապարակվել է Իրանի արտգործնախարարի հոդվածը: Աբբաս Արաղչին պնդում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում։ Իսլամական հանրապետության գլխավոր դիվանագետը դարձյալ ընդգծում է՝ Թեհրանը դեմ է տարածաշրջանում երրորդ երկրների միջամտությանը:

Իրանն իրեն պարտավորված է համարում աջակցելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և ընդգծում, որ անվտանգության և կայուն խաղաղության ապահովումն ու տարածաշրջանում ցանկացած ծրագրի իրականացումը պայմանավորված է բոլոր երկրների տարածքային ամբողջականության, ազգային ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձ շահերի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև միջազգային սահմանների անփոփոխելիության և արտատարածաշրջանային երկրների ու ուժերի կողմից որևէ ձևով և որևէ անվան ներքո միջամտության բացառման սկզբունքներով։

Մի հոդված էլ Իրանի կառավարության խոսնակն է այսօր հրապարակել «Իրան» թերթում, որում պաշտոնյան դարձյալ բարձրաձայնել է Թեհրանի մտահոգությունը:

«Արտատարածաշրջանային խաղացողների կամ ուժերի մուտքը Կովկաս կարող է երկարատև բացասական հետևանքներ ունենալ խաղաղության ու կայունության վրա: Երկարատև լուծումները պետք է հիմնված լինեն տարածաշրջանային համագործակցության, ոչ թե արտաքին ճնշումների վրա», - գրել է կառավարւթյան խոսնակը՝ միաժամանակ գոհունակություն հայտնելով, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարն այլևս սեղանին չէ:

«Մեհր» գործակալությունն էլ անդրադարձել է հայ - ադրբեջանական խաղաղության նախաստորագրված համաձայնագրին: Կիսապաշտոնական լրատվամիջոցը, վերլուծելով համաձայնագրի 17 կետերը, եզրակացնում է, որ այն մի շարք անորոշություններ է պարունակում ու չի փակում կողմերի միջև ապագա վեճերի, տարածքային նկրտումների, ուժի հնարավոր կիրառման դուռը: Բացի այդ Իրանի տեսանկյունից՝ Սյունիքի ճանապարհը մեծացնում է Ամերիկայի ու Իսրայելի ազդեցությունը տարածաշրջանում, նկատում է իրանական լրատվամիջոցը:

Ըստ իրանական աղբյուրների՝ Մասուդ Փեզեշքիանը Երևան կժամանի երկուշաբթի երեկոյան, նրա այցի ընթացքում Երևանում հայ - իրանական գործարար համաժողով կանցկացվի:

Իրանը Հայաստանի չորրորդ ամենախոշոր առևտրային գործընկերն է, այս տարվա առաջին կեսին Իրանի հետ առևտրաշրջանառությունը մոտ 343 միլիոն դոլար է կազմել՝ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրի 3.5 տոկոսը։ Այդուհանդերձ,Հայաստանից հարևան երկիր արտահանման ծավալներն այս տարի 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ 14 տոկոսով նվազել են:

Մասուդ Փեզեշքիանը Հայաստանից հետո Բելառուս կմեկնի:





XS
SM
MD
LG