Մատչելիության հղումներ

«Իշխանազավթը հրամայել է չկրակել, չպաշտպանվել», «ձենդ կտրի». իշխանությունն ու ընդդիմությունը դարձյալ վիճեցին


Ազգային ժողովի նիստ, արխիվ
Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովի արտահերթ նիստը ևս փոխադարձ մեղադրանքների պատճառ դարձավ: Փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի արձագանքն էր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, ով բացատրում էր, թե ինչու են դեմ քվեարկում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի փոփոխություններին:

«Ոչ մի նախագիծ, այդ թվում նաև ռազմարդյունաբերությանը վերաբերով, ի զորու չի լինելու փոխել այն փաստը, որ իշխանազավթը 6 միլիարդից ավելի զենք ու զինամթերք է հանձնել Ադրբեջանին: Ցավալի է, բայց այս նախագիծն ի զորու չի լինելու փոխել այն փաստը, որ իշխանազավթը հրաժարվում է վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի Հանրապետության տարածքները և վերջիվերջո ոչ այս նախագիծը ու ոչ էլ այլ նախագիծ չի փոխելու այն փաստը, որ Նիկոլը չկրակելու հրաման է տվել Հայաստանի Հանրապետության զինվորին, չպաշտպանելու ու չպաշտպանվելու», - հայտարարեց Մկրտչյանը:

Մինչ այդ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց, թե ընդդիմությունը, դեմ կամ ձեռնպահ քվեարկելով, ապացուցում է՝ համաձայն չեն, որ հայաստանյան ռազմարդյունաբերողների խնդիրներն արագ լուծվեն: Իսկ նախագծով կառավարող ուժի պատգամավորներն առաջարկում են պետական զինամթերքը հատկացնել ռազմարդյունաբերական ընկերություններին, որ նրանք փորձարկումներ անեն, արդիականացնեն, նորոգեն և նոր արտադրատեսակներ մշակեն: Ոլորտի պատասխանատու գերատեսչությունը կողմ է գաղափարին:

«Մայիս ամիսն դեռևս մենք նախատեսել էինք տարատեսակ զինատեսակներ, ռազմամթերք, լրամասեր փոխանցել մեկ տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների, որոնք մի քանի նպատակով են դրանք ստանալու համար մեզ դիմել, մասնավորապես՝ նոր զինատեսակների արտադրության և դրանց պետական փորձարկման տանելու նպատակով», - ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Ըստ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի՝ ռազմարդյունաբերությունը վերջին տարիներին սրընթաց է զարգանում: Թե ինչպես՝ հանրությանը հայտնի չէ, պաշտոնյաները մանրամասները չեն հայտնում՝ պատճառաբանելով, թե ոլորտը գաղտնի է համարվում:

«Պաշտպանական կարիքների համար միլիարդավոր դրամներ ու միլիոնավոր դոլարներ են ծախսվում ներքին արտադրողներից ձեռքբերումների համար, որն, իհարկե, շատ ողջունելի է, դա մեր ռազմարդյունաբերական ընկերությունների կայացման մասին է խոսում, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար», - նշեց Արշակյանը:

Նախագիծը հրատապ ռեժիմով էր ներկայացվել և ամբողջությամբ ընդունվեց իշխող ուժի ձայներով: Երեկվա թեժ վեճից ու հրմշտոցից հետո այսօր դահլիճում չէր ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցությունը:






XS
SM
MD
LG