Երևանի Գայի պողոտա 45/6 հասցեի 18 հարկանի բարձրահարկի հարցը հասել է քաղաքապետարան։
Ավագանու այսօրվա նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում կառուցապատողի կողմից տարածքում գործունեություն սկսելու՝ նախնական համաձայնության որոշումն էր ընդգրկվել։ Դա զայրացրել էր բնակիչներին։ Նրանք համոզված են՝ քաղաքապետարանը կանաչ լույս է տալիս անմիջապես իրենց շենքերի հարևանությամբ բարձրահարկի կառուցմանը։
«Տիգրան Ավինյան, 2023 թվականի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ՝ Ձեր քարոզարշավի ժամանակ՝ Գայի պողոտայի 45/6 հասցեում շրջայցի ժամանակ, Դուք քաղաքացիներին խոսք էիք տվել, որ այդտեղ կառուցվելու է նոր խաղահրապարակ», - Երևանի քաղաքապետարանի առջև կայացած ակցիայի ժամանակ ասաց Գայի պողոտա 45 հասցեի բնակիչ Արթուր Չախոյանը:
Բնակիչներն առավոտյան՝ մինչ ավագանու նիստի մեկնարկը հավաքվել էին քաղաքապետարանի առջև՝ պահանջելով հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Դեմ են խաղահրապարակի ու այգու փոխարեն նոր շենքի կառուցմանը։
Նրանք ամիսներ շարունակ ահազանգում են՝ բազմահարկի կառուցմամբ ոչ միայն կորցնելու են խաղահրապարակը, այգին, այլև՝ բազմաթիվ անվտանգային հարցեր են առաջանալու. Ըստ նրանց՝ հրդեհի դեպքում կբարդանա հրշեջ մեքենաների տեղաշարժը։
Բազմաբնակարան շենքը նախատեսվում է կառուցել շուրջ 5000 քառակուսի մետր տարածքի կենտրոնում՝ 2200 քմ հատվածում:
Քաղաքապետ Ավինյանը բնակիչներին այդպես էլ չմոտեցավ: Նրա փոխարեն իշխանական «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը դուրս եկավ, հայտարարեց, թե հարցը հանվել է օրակարգից. «Վարչական շրջանի ղեկավարի բացասական եզրակացությունը եկել է, և այսօր նախագիծն, իմ առաջարկով, դուրս է գալու օրակարգից»:
Խաչատրյանի հավաստիացումները չգոհացրին բնակիչներին։ Նրանցից ակտիվիստ Արթուր Չախոյանը վստահ է՝ անկախ նրանից, որ հարցն այսօր հանվեց օրակարգից, 18 հարկանի շենքը կառուցելու համար կանաչ լույս է տվել քաղաքապետարանը։
«Ավագանիները չեն քվեարկում դեմ կամ կողմ, անկախ ամեն ինչից այդ նախագիծը ստանում է դրական եզրակացություն, այսինքն՝ օրակարգից հանելով ասում են՝ տեսեք, մենք հանել ենք օրակարգից, մենք չենք ուզում շենք կառուցել, բայց օրենքի կարգով շինթույլտվությունը տալիս են», - ասում է Չախոյանը:
Քաղաքապետարանից պարզաբանում են՝ խոսքը դեռ շինթույլտվություն տրամադրել-չտրամադրելու մասին չէ
Ըստ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանի՝ սա փաստացի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման առաջին եզրակացությունն է։ Շինթույլտվության փուլին հասնելու համար անհրաժեշտ է երկրորդ եզրակացությունը:
«Երկրորդ փուլում կառուցապատողը պիտի ունենա գործող ՃՀԱ: Կոնկրետ էս կառուցապատողի ՃՀԱ-ն լրանում է հոկտեմբերի 8-ին, այսինքն, նույնիսկ այն պնդումը, որ՝ այո, 30 օրը լրանալուց հետո եթե ավագանին որոշում չի կայացնում, օրենքի ուժով անցնում է երկրորդ փուլ՝ փորձաքննության, էս դեպքում նույնիսկ անցնելու դեպքում, քանի որ պրոցես է էլի, 2-րդ փուլ կհասնի մոտավորապես ամիսուկես հետո, ինքը արդեն չի ունենալու գործող ՃՀԱ, ուստի չի կարողանալու անցնել 2-րդ փուլ», - նշեց Հայկազյանը:
Պաշտոնյայի ներկայացմամբ՝ այս դեպքում կառուցապատողը ստիպված կլինի դարձյալ դիմել ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար։
Բազմահարկեր կառուցելու փորձեր՝ Գայի պողոտա 45-ում
Բնակիչների խոսքով՝ Գայի պողոտա 45 հասցի հարևանությամբ անցած 3 տասնամյակներին և՛ պետությունը, և՛ մասնավորը բազմիցս փորձել են տարբեր նշանակության շինություններ, այդ թվում՝ բազմահարկեր կառուցել, սակայն այդ փորձերը տապալվել են հենց բնակիչների պայքարի արդյունքում: Համայնքային՝ ոչ օտարելի կանաչապատ հողատարածքը 2007-ին Երվանդ Զախարյանի օրոք է վաճառվել, հետո առնվազն 4 անգամ վերավաճառվել։
Թե ինչպե՞ս է մի քանի շենքերի միակ ազատ տարածքն օտարվել մասնավորին, ի՞նչ օրենքի ու որոշման հիման վրա, անհայտ է։ Բնակիչները կասկած չունեն՝ ապօրինի գործարք է տեղի ունեցել