Մատչելիության հղումներ

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին


Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հայտարարել է իր լուծարման մասին: Կուսակցությունը նաև նշել է Թուրքիայի հետ ավելի քան 40 տարի տևած հակամարտության ավարտի մասին: Այս մասին «Ազատության» Настоящее Время-ի փոխանցմամբ՝ հաղորդել են թուրքական լրատվամիջոցները։

PKK-ն, որը Թուրքիայի, Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կազմակերպություն է համարվում, 1984 թվականից ի վեր կռվում է Թուրքիայի դեմ՝ պահանջելով Թուրքիայի քրդերի համար ինքնավարության ստեղծում:

«Մենք ավարտել ենք մեր աշխատանքը», - ասվում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 12-րդ համագումարի եզրափակիչ հռչակագրում:

Կուսակցության եզրափակիչ համագումարին, ըստ տեղեկությունների, մասնակցել է 232 անդամ։

2025 թվականի մարտի 1-ին Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է Թուրքիայի հետ հրադադարի մասին: Փետրվարի 27-ին կուսակցության բանտարկված առաջնորդ Աբդուլլա Օջալանը կոչ էր արել իր կողմնակիցներին վայր դնել զենքերը:

Օջալանը 1999 թվականից ի վեր բանտարկված է Իմրալի կղզում. դատարանը նրան մեղավոր է ճանաչեց պետական դավաճանության համար։

RFE/RL-ի տվյալներով՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և Թուրքիայի միջև բախումների հետևանքով, այդ թվում՝ ռազմական և քաղաքացիական թիրախների վրա PKK-ի հարձակումների և խմբի դեմ թուրքական ռազմական գործողությունների հետևանքով, զոհվել է մոտ 40 հազար մարդ։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG