ՔՊ-ական պատգամավորի մայրը հայտնվել է աղմկահարույց պատմության մեջ: Երեկ ուշ երեկոյան համացանցում մի տեսանյութ տարածվեց, որտեղ «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» կարգախոսով ակցիայի մասնակիցներն ու մի կին վիճում են, վիրավորանքներ փոխանակում.
«Ինչքա՞ն փող ա սպասարկել ձեզ, այ ողորմելի սովածներ»: - «Տասը միլիոն ենք վերցրել, հետ արի տամ քեզ»: - «Ձեր նմանները քայքային էս երկիրը ... »:
Կինը, ինչպես ավելի ուշ պարզվեց, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրն է, իսկ ակցիա իրականացնողները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցները: Ալեքսանյանը պնդում է, որ մորն առաջարկել են միանալ վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, մայրն էլ բացատրել է, թե դա «հիմարություն է», ինչին ի պատասխան շրջապատել, վիրավորել են նրան: «Սրբազան պայքարի» աջակիցները հակադարձում են՝ Ալեքսանյանի մայրն է սադրել իրավիճակը՝ փորձելով խոչընդոտել իրենց խաղաղ ակցիան.
«Քոչարյանն ա՞ գլուխը բարձրացրել»: - «Այո, Քոչարյանն ա գլուխը բարձրացրել, ու միշտ էլ բարձր ա եղել Քոչարյանի գլուխը»: - «Ա՛ռը հա ... »:
Սրան հաջորդեց ևս մեկ տեսանյութ՝ նույն անձանց մասնակցությամբ, բայց արդեն երեկոյան ժամի: Դեպքի վայրում կրկին իշխանական պատգամավորի մայրն էր.
«Ողորմելինե՛ր»: - «Դուք Վահագն Ալեքսանյանի մայրն ե՞ք»: - «Ես շատ բան եմ, էդ էլ արդե՞ն իմացաք»: - «Վահագն Ալեքսանյանի մայրը սադրում է «Չեմ վստահում» ակցիայի մասնակիցներին»: - «Էն ինչե՞ր ա խոսում: Դու էլ ե՞ս էն ընդդիմադիր լրատվականներից, այ համաշխարհային լրբեր ... »:
Թե ինչպես է Ալեքսանյանի մայրը ցերեկվա միջադեպից հետո երեկոյան կրկին հայտնվել նույն վայրում, հայտնի չէ: Կադրերից միայն երևում է, որ եթե ցերեկը ակցիայի մասնակիցներն էին տիկնոջը նկարահանում, այս անգամ ինքն էլ է փորձում դա անել:
Այս միջադեպից առաջ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հենց թաղապետարանի շենքում իր մի խումբ թիմակիցների հետ ծեծել էր ակտիվիստ Արթուր Չախոյանին: Հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն այդ ֆոնին պատահական չի համարում Վահագն Ալեքսանյանի մոր՝ նույն վայրում երկրորդ անգամ հայտնվելու փաստը:
«Ինչպես բոլոր մնացած դեպքերում, երբ որ իրենք շատ խայտառակ պատմությունների մեջ են ընկել, ինչպես Մասիվի թաղապետարանի դեպքն էր, իրենք կրիզիս մենեջմենթ անելու համար, ճգնաժամը կառավարելու համար փորձել են ստեղծել վիճակ, որում հավասարության նշան կլինի, այսինքն՝ «դե դուք էլ մերոնց խփեցիք, չէ՞, ախր, էկեք ձեռ ձեռի տանք, անցնի գնա առաջ»: Իրենք էս ուղղությամբ միշտ աշխատել են, կան բազմաթիվ օրինակներ, կա Սոնա Մնացականյանի՝ վրաերթի զոհ դառնալուց հետո իրենց արած կեղտոտագույն պրոպագանդայի օրինակը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նահապետյանը:
Նա հիշեցնում է՝ սա առաջին դեպքը չէ, երբ իշխանության ներկայացուցիչների հարազատներն իրենց քաղաքական դիրքորոշման պատճառով աղմկոտ պատմության մեջ են հայտնվում: Ասում է՝ եթե ՔՊ-ականներին սա իրականում դուր չի գալիս, թող իրենց հարազատներին քաղաքականությունից հեռու պահեն. - «Եթե ընտանիքի անդամը համատեղությամբ նաև քաղաքական- քաղաքացիական ակտիվիստ է, էդ մարդը դադարում է լինել ընտանիքի անդամի առաջնային կարգավիճակով, էդ մարդը դառնում է նախ և առաջ քաղաքական-քաղաքացական ակտոր, որը, բնականաբար, իր վրա կրում է քաղաքական դաշտի թունավորության բոլոր հետևանքները»:
Երեկվանից իշխանական տարբեր պաշտոնյաներ են անդրադառնում այդ դեպքին: Ազգային ժողովի նախագահն է դատապարտել տեղի ունեցածը՝ պնդելով, թե դրանով իշխանություններին հեռացնելու հերթական գործընթացին վերջակետ դրվեց:
«Քաղաքական կարծիքները կարելի է չկիսել, կարելի է վիճել, բայց գծեր կան, որոնք անցնել չի կարելի, հենց անցար, դու ոչնչանում ես, առավել ևս երբ դու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով», - սոցցանցում գրել է Ալեն Սիմոնյանը:
Երեկ գիշեր էլ Վահագն Ալեքսանյանի բնակության վայրի հարակից տարածքում պաստառներ են փակցվել տարբեր գրառումներով: Լուսանկարները հրապարակված են «Սրբազան պայքարի» տելեգրամյան էջում: Իշխանական պատգամավորը պնդում է՝ իրենց դռան դիմաց նաև սատկած մուկ են թողել:
Միքայել Նահապետյանի գնահատմամբ՝ երկրում ստեղծված այս մթնոլորտի համար հենց իշխանությունն է պատասխանատու, որն անհետևանք է թողնում պետական հիմնարկում քաղաքացու ծեծը:
«Պետությունը չի կարող լինել ամենառադիկալը, և իշխանության մարմինները և դրա քաղաքական ինստիտուտները՝ կուսակցությունները, բաները, չեն կարող լինել ամենառադիկալը: Միշտ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր հույզերի և մտքերի կառավարման հետ բավականին լուրջ պրոբլեմներ ունեն, որոնք միշտ հակված են, ասենք, չգիտեմ, զինված խումբ սարքեն գնան մեկին սպանեն, և այլն, հրապարակում ինչ-որ մեկին կախեն: Երբ որ պետությունը ցույց է տալիս, որ դա հարցերը լուծելու լավ մեխանիզմ է, վստահաբար ինքը հետո չի կարողանալու մրցի դրա հետ», - ընդգծեց Նահապետյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր. - «Իրավապահ մարմիններին դիմելը և նրանց հետ համագործակցելը պետք է դառնա հանրային հարաբերությունների կարևոր բաղադրիչ»:
Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը քաղաքական ընդդիմախոսներին զգուշացնում է՝ պատասխան են տալու թե՛ իր մոր հետ տեղի ունեցածի, թե՛ իր լուսանկարներով ակցիայի համար: Իրավապահներին դիմելու մասին նրա գրառումներում խոսք չկա: