Ավելի քան 40 տարի թուրքական պետության դեմ արյունալի մարտերից ու տասնյակ հազարավոր զոհերից հետո Քրդական բանվորական կուսակցությունն (PKK) այսօր զենքերը վայր դրեց։ Իրաքի հյուսիսում հրավիրված եզրափակիչ համագումարից հետո զինյալ խմբավորումը հայտարարեց՝ զենքով հասել են պատմական արդյունքների, բայց հիմա ժամանակն է անցնել դիվանագիտական մեթոդների:
Հայտարարությունը, որ կարող է ոչ միայն արմատապես փոխել Թուրքիայի ներքին քաղաքականությունը, այլև ազդել հարևան երկրների վրա, հրապարակվեց կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի հորդորով։ Իմրալի կղզում բանտարկված առաջնորդն անցած փետրվարին էր դեռ կոչ արել իր կուսակիցներին զինաթափվել և քրդերի իրավունքների համար պայքարը շարունակել խաղաղ ճանապարհով։ «Ես անձամբ եմ ստանձնում այս քայլի պատմական պատասխանատվությունը», - հայտարարել էր Օջալանը բանտից, ուր գտնվում է արդեն ավելի քան 25 տարի։
Թուրքիայի արտգործնախարարն այսօր այս զարգացումը պատմական է որակել՝ պնդելով, թե այն կարող է էապես ազդել տարածաշրջանում մշտական խաղաղություն և կայունություն հաստատելու վրա։
Այս պահին, սակայն, մի շարք հարցեր մնում են բաց․ քրդերի շրջանում, խաղաղությունը ողջունելով հանդերձ, շատերն են տարակուսում՝ այդ դեպքում հանուն ինչի՞ էր տասնամյակների պայքարը, որի համար զոհվեց ավելի քան 40 հազար մարդ։
«Անկարան այսօր գոնե պետք է պաշտոնապես ընդարձակի քրդերի մշակութային ու կրթական իրավունքները, բաց թողնի ազատազրկվածներին», - հայտարարել է քրդամետ DEM կուսակցության համանապագահը։ Թանջեր Բակիրհանը պնդել է. - «Քրդական հարցը չլուծելու և ժողովրդավար Թուրքիա չկառուցելու որևէ արդարացում այլևս չկա»։
86-միլիոնանոց Թուրքիայում, ըստ տարբեր հաշվարկների, 15-20 միլիոն քուրդ է ապրում։ Եվ եթե պայքարի սկզբում՝ տասնամյակներ առաջ, զինյալները ձգտում էին անկախ պետություն հիմնել Թուրքիայի տարածքում, ապա վերջին տարիներին խոսում էին առնվազն ազգային ու մշակութային իրավունքներն ընդարձակելու մասին։ Մինչդեռ այդ հարցով անգամ որևէ օրենսդրական փոփոխություն կամ առաջարկ դեռևս չկա։ Քրդերի մյուս պահանջն է ազատ արձակել իրենց առաջնորդին կամ փոխել նրա խափանման միջոցը՝ տնային կալանքով։ Այսօրվա հայտարարության մեջ նրանք նաև հստակ ընդգծել են՝ հենց Օջալանը պետք է առաջնորդի կուսակցությունը լուծարելու գործընթացը:
Մինչդեռ սա լուրջ խնդիր կարող է հարուցել․ ըստ վերջին հարցումների, թուրքերի գերակշռող մեծամասնությունը՝ 80 տոկոսից ավելին դեմ է Օջալանի ու նրա զինյալ կուսակիցների հանդեպ հնարավոր զիջումներին, փաստում է վերլուծաբան, Բոննի համալսարանի գիտաշխատող Կարինա Յըլդըրըմ Շլուզինգը:
«Էրդողանի համար բարդ իրավիճակ է ստեղծվել, և նա ստիպված է մանևրել, մի կողմից, քրդերին արվող զիջումների, մյուս կողմից՝ այս հարցում կոշտ դիրքորոշում ունեցող քաղաքական դերակատարների միջև», - ընդգծել է Շլուզինգը:
Մյուս կողմից, զգայուն այս հարցն Էրդողանի համար առավել քան կարևոր և հեռուն գնացող նշանակություն ունի հիմա։ Նրա կոալիցիոն գործընկեր, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, ով ևս նախաձեռնել է քրդերի հետ հաշտեցման այս փորձը, հրապարակավ պնդում է՝ հանուն Թուրքիայի բարգավաճ ապագայի Էրդողանը պետք է երրորդ անգամ նախագահ առաջադրվի։ Միայն թե դրա համար նրան անհրաժեշտ է կա՛մ արտահերթ ընտրություններ անցկացնել , կա՛մ փոխել Սահմանադրությունը։ Երկու դեպքում էլ Էրդողանը հաջողության չի հասնի, եթե նրան չաջակցեն խորհրդարանի քրդամետ DEM կուսակցության պատգամավորները։