Դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը Ռուբիկ Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Երևանի քրեական դատարանում սկսվել է նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի դատավարությունը:
Մեկամսյա նախաքննությունից հետո դատախազությունը հաստատել է նրա մեղադրանքը: Հակոբյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար: Նախկին պատգամավորը կալանավորված է հուլիսից:
Իրավապահների համար առիթ է դարձել Հակոբյանի հարցազրույցներից մեկը, որտեղ ընդդիմադիր գործիչը քննադատում է Փաշինյանին ու նրա թիմին: Նախքան նիստը սկսելը, Հակոբյանը լրագրողներին ասաց`«գործը քաղաքական է»:
Նրա փաստաբանները միջնորդեցին դադարեցնել քրեական հետապնդումը, ասացին՝ Հակոբյանի խոսքերը որևէ կոչ չեն պարունակում: Սակայն դատախազը հակառակը պնդեց: Դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը Ռուբիկ Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Հակոբյանը երրորդ ընդդիմադիրն է, որ կալանավորվում է նույն այս հոդվածով՝ իշխանությանը քննադատելու համար: Առաջինը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է, որը եկեղեցու դեմ արշավ սկսած վարչապետին քննադատեց, նրան էլ հաջորդեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը վերահաստատել էր դեռ 2024 թվականի փետրվարին տված հարցազրույցում հեղաշրջման անհրաժեշտության մասին հայտարարությունը: