Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, ՄԱԿ-ը կոչ են անում Հնդկաստանին և Պակիստանին զերծ մնալ ռազմական գործողություններից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները, որ սկսվել են կեսգիշերն անց երկու հարևան պետությունների միջև, «շատ արագ կդադարեն»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել այս սրման կապակցությամբ և երկու երկրներին առավելագույն զսպվածության կոչ արել:
«Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ ռազմական առճակատում Հնդկաստանի և Պակիստանի միջև», - ասել Է Գուտերեշը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կապ է հաստատել Պակիստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ասիմ Մալիկի հետ, որը նաև Պակիստանի գլխավոր հետախուզական վարչության ղեկավարն է:
Ռուբիոն խոսել է նաև Հնդկաստանի իր գործընկերոջ հետ և ասել, որ կշարունակի համագործակցել ինչպես Նյու Դելիի, այնպես էլ Իսլամաբադի հետ՝ հակամարտության կարգավորման հասնելու համար:
Հնդկաստանը հայտնել է 3, Պակիստանը՝ 26 զոհի և մի քանի տասնյակ վիրավորների մասին:
Սա երկու տասնամյակից ավելի ժամանակահատվածում ամենածանր բախումներից է երկու պետությունների միջև: Լարվածությունն աճել է Քաշմիրում զբոսաշրջիկների վրա մահաբեր հարձակումից հետո: Հնդկաստանը մեղադրում է Պակիստանում տեղակայված զինյալներին մահացու հարձակման համար, մինչդեռ Պակիստանը հերքում է իր մասնակցությունը։