Մատչելիության հղումներ

Միքայել սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման. փաստաբանները խախտումների մասին են պնդում


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Դատավոր Արմինե Մելիքսեթյանին երկու ամսից ավելի քիչ ժամանակ պահանջվեց նման դատավճիռ կայացնելու համար։

Նախորդ նիստի ժամանակ դատախազը պահանջել էր երկուսուկես տարվա ազատազրկում։

«Մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքում: Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափան միջոց կալանքը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը», - ընթերցեց դատավորը։

Դատավճիռը բուռն արձագանքի արժանացավ, դահլիճն ամոթանքի խոսքեր ուղղեց դատավորին։ Ինքը՝ Շիրակի թեմի առաջնորդը, որ ամբողջ դատավարության ընթացքում հայտարարում էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում իշխանության զավթման կոչի մեղադրանքի համար, թերևս ամենահանգիստն էր դահլիճում։ Նա ժպիտով վերաբերվեց այս ամենին և վերջում հեռանալիս ձեռքով թափահարելով իր աջակիցներին՝ ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու։

Դատարանը նախորդ շաբաթ էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր ճանաչել, և լրացուցիչ դատալսումներից հետո պատժաչափը որոշվեց։

Փաստացի դատավարությունը տևեց մեկուկես ամիս, այս ընթացքում ապացույցների հետազոտություն եղավ, հինգ պաշտպանական ճառ, երկու մեղադրական ճառ, վերջին խոսք, ռեպլիկներ հնչեցին։ Նաև դատավարության արագ ընթացքի հանգամանքը հաշվի առնելով՝ փաստաբանական թիմը և սրբազանն ամբողջ ընթացքում պնդում էին, որ սա քաղաքական հետապնդման հետևանք է: Միքայել Աջապահյանն ավելի վաղ ասել էր՝ այս ամենը տեղավավորվում է իշխանության «եկեղեցահալած քաղաքականության» շրջանակում։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Մայր աթոռ սուրբ Էջմիածինը՝ այս վճիռը քաղաքական հաշվերահարդար որակելով և դատապարտելով:

Քրեական գործը հարուցվել է Միքայել սրբազանի ավելի քան մեկ տարի առաջ տված մի հարցազրույցի հետքերով, որտեղ նա խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Այն ժամանակ իրավապահները հանցակազմ չէին տեսել և քրեական գործ հարուցեցին միայն վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատական արշավ սկսեց եկեղեցու վերնախավի և կաթողիկոսի դեմ։ Իրավապահները պատճառաբանում են, թե Միքայել Աջապահյանը մեղավոր է, քանի որ նույն միտքը կրկնել է մի քանի անգամ։ Սրբազանն էլ դատարանում բազմիցս ասել է, որ հեղաշրջման անհրաժեշտության մասին արդեն հինգ տարի խոսում է, բայց իրեն հիմա են հիշել։

Դատական նիստի ավարտին փաստաբանները լրագրողների հետ ճեպազրույցում պնդեցին, որ խախտում է արձանագրվել. ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանը դատավճիռը հրապարակելիս հղում է արել լրիվ այլ հոդվածի վրա։

«Միքայել սրբազանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այսօր դատարանը կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի 2-րդ մասով։ Լրիվ ուրիշ հոդված, վերաբերում է պաշտոնատար անձի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն։ Մենք հիմա միասին արձանագրեցինք, որ դատավորը վերդիկտով մեղավոր էր ճանաչել 422 հոդվածի համար, հիմա դատավճիռ կարդաց, 442 հոդված կարդաց, - ասաց Զոհրաբյանը, - Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր»։

Նրանք պատրաստվում են բողոքարկել դատավճիռը, կդիմեն ընդհուպ մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան. «Դատավճիռն անպայման բողոքարկվելու է վերաքննիչ ատյան: Միքայել սրբազյանը նույնպես սպասում էր այս դատավճռին, այսինքն՝ ինքն էլ էր ակնկալում։ Ինքը հոգեպես պատրաստ էր, ի սկզբանե տրամադրված էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել և իրականացվում»։


Օգոստոսի 15-ից մեկնարկած և այսօր արդեն ավարտին հասած դատավարությունն անցնում էր լեփ-լեցուն դահլիճում։ Մեծամասնություն էին կազմում հոգևորականները և Շիրակի մարզից ժամանած մարդիկ։

Դատարանի փոքր բակում նիստի ավարտից հետո մարդիկ բողոքի իրենց ձայնը բարձրացրին, ամոթանքի խոսքեր կրկին հնչեցին դատավոր և իշխանության հասցեին:



XS
SM
MD
LG