Մատչելիության հղումներ

Գաղտնալսել են նաև բանտախցում. Բագրատ սրբազանը իրավապահներին մեղադրեց կողմնակալության մեջ


Իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության համար մեղադրվող արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի ու մյուսների մեղադրանքը կշարունակեն պաշտպանել նույն դատախազները: Դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր մերժեց նրանց այս գործից հեռացնելու միջնորդությունը:

Տավուշի թեմի նախկին առաջնորդն ու մյուս 17 մեղադրյալները մինչդեռ համոզված են՝ այս դատախազներն անաչառ չեն, չեն կարող այս գործի քննությունը մինչև վերջ տանել:

«Առաջին օրն ասել եմ, որ մեղադրողները մեղադրող չեն, այլ զրպարտողներ են: Ինչի՞ն է վերաբերում երկու հոգու գյուլլելու, 15 հոգու բանտ դնելու թեման, մնացածների մասին չեմ ասում, որ թե ինչպես նենգաբար, ամբողջությամբ նենգափոխված որտեղ ձեռք չի տվել, գրել եք՝ չի լսվում, որտեղ ձեռք է տվել՝ փոխել եք: Հլը դրանց կգամ», - հայտարարեց Բագրատ սրբազան Գալստանյանը:

Նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց՝ իրենք հենց սկզբից են պնդում՝ մեղադրանքի հիմքում դրված ձայնագրությունները
մոնտաժված են, չեն արտացոլում իրականությունը, թե իրականում ինչ է իր ընկերների հետ խոսել սրբազանը: Բագրատ արքեպիսկոպոսի ու նրա մտերիմների հեռախոսային կամ պարզապես զրույցները գաղտնալսած իրավապահները պնդում են, որ նրանք ցանկացել են իշխանությունը յուրացնել զենքով, ապօրինի այլ իրերով: Պնդում են, որ այդ խոսակցություններում լսվում է նաև Բագրատ սրբազանի ձայնը «գյուլլելու, սպանելու մասին»:

Գլխավոր դատախազն էլ Հանրայինի եթերում հայտարարել էր ծանրակշիռ ապացույցների մասին և ընդգծել՝ այդ խումբը պետք է հասներ ընդհուպ վարչապետին։

«Նկատի ունենալով, որ սույն քրեական վարույթով մասնակցող հանրային մեղադրողները անտարբեր են իրենց կողմից դատարան ներկայացված մեղադրանքում առկա կեղծիքների հանդեպ, օբյեկտիվ դիտորդի մոտ ողջամտորեն կարող է առաջանալ կասկած, որ այդ անտարբերությունը պայմանավորված է հետապնդվող անձանց հանդեպ ունեցած կանխակալ վերաբերմունքով», - ասաց պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Դատախազ Հայկ Հովհաննիսյանը հակադարձեց՝ այն, ինչը կեղծ չէ, չի կարող կեղծ դառնալ: Ընդգծեց՝ այն, ինչ հրապարակել է Քննչական կոմիտեն, վերաբերելի է մեղադրանքին. «Ինքս շահագրգիռ չեմ, որևէ կերպ աչառու չեմ այս վարույթով և գտնում եմ, որ ինքնաբացարկի միջնորդությունը ենթակա է մերժման»:

Բագրատ սրբազանը պնդեց՝ իրեն 8 ամիս գաղտնալսելով չեն բավարարվել, և այդ գաղտնալսումը շարունակել են իրեն կալանավորելուց հետո, երբ իր բանտախուց են տեղափոխել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին։ Զենքեր էին փնտրում, բայց այդ զենքերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Իջևանի գրասենյակում են, կես կատակ-կես լուրջ ասաց Բագրատ Գալստանյանը:

«Լսել են երկու հոգևորականի խոսակցություն, մեկը կարող է մյուսի խոստովանահայրն է կամ խոստովանորդին է, և առանց ամաչելու նաև մտցրել են գործերի մեջ, բացարձակ ոչ մի բան չլինելով գործի հետ առնչված, բացարձակ ոչինչ», - պնդեց Բագրատ սրբազանը:

Դատական նիստի ընթացքում երբեմն կրքերը թեժանում էին, կողմերը գոռգոռում էին միմյանց վրա, մեղադրանքներ հնչեցնում իրար հասցեի:

Այսօրվա դատական նիստին հետևում էր Կանադայի հյուպատոս Ռայան Միլլերը, որին ողջունեց նաև այդ երկրի քաղաքացի Բագրատ Գալստանյանը:



Հաջորդ դատական նիստը մյուս հինգշաբթի է:

XS
SM
MD
LG