Մատչելիության հղումներ

Միրզոյանը նշել է ռուսական կողմից՝ տարբեր մակարդակներով ՀՀ կառավարության հասցեին քննադատության մասին


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը բարձրաձայնել է ռուսական կողմից՝ տարբեր մակարդակներով արվող քննադատության մասին:

Լեհական TVP World հեռուստաալիքի լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը որևէ դեր շարունակում է խաղալ Հայաստանի անվտանգության հարցում, ինչպես տարիներ առաջ, Միրզոյանը պատասխանել է՝ նախ հիշեցնելով, որ խաղաղության հաստատման և Վաշինգտոնյան հռչակագրի կապակցությամբ պաշտոնական մակարդակով եղան Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ողջունող հայտարարությունները։

«Նույն պաշտոնական մակարդակում մենք տեսանք նաև Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների արտահայտած պատրաստակամությունն՝ աջակցելու այս փոխկապակցվածության նախագծին և որոշակի մասնակցություն ցուցաբերելու։ Սակայն, իհարկե, չեմ կարող չնշել, որ գրեթե ամեն օր ականատես ենք լինում ռուսաստանյան ԶԼՄ-ների, երբեմն նաև պետական լրատվամիջոցների, ինչպես նաև խորհրդարանի անդամների, փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից հնչող կոշտ քննադատության՝ Հայաստանի կառավարության և մեր երկրի ներկայիս արտաքին քաղաքականության հասցեին», - նշել է արտգործնախարարը։

Դրա պատճառների մասին Միրզոյանը չի խոսել, միայն վստահություն է հայտնել, որ թե՛ ռուս գործընկերները, և թե՛ ցանկացած այլ երկիր կամ միջազգային դերակատար պետք է հարգեն Հայաստանի ժողովրդի կամարտահայտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG