Մատչելիության հղումներ

Պուտին. Tomahawk-ները կնշանակեն էսկալացիայի որակապես նոր փուլ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում քննարկման ժամանակ, Սոչի, 2-ը հոկտեմբերի, 2025թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում քննարկման ժամանակ, Սոչի, 2-ը հոկտեմբերի, 2025թ.

Եթե ԱՄՆ-ը Tomahawk հրթիռներ տրամադրի Ուկրաինային, դա նոր էսկալացիայի կհանգեցնի և կվնասի ռուս - ամերիկյան հարաբերությունները, «Վալդայ» ակումբի պանելային քննարկմանը երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Մեծ հեռահարության այդ հրթիռները, որոնցով Ուկրաինան կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին, կարող են վնաս հասցնել Ռուսաստանին, սակայն ոչ մի կերպ չեն փոխի ուժերի հավասարակշռությունը մարտի դաշտում, պնդել է Վլադիմիր Պուտինը:

«Կվնասի՞ դա մեր հարաբերությունները ... Իհարկե, կվնասի ... Tomahawk-երի օգտագործումն առանց ամերիկացի զինվորների ուղիղ մասնակցության անհնար է։ Դա կնշանակի էսկալացիայի բոլորովին նոր, որակապես նոր փուլ, այդ թվում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում», - ասել է Պուտինը:

Կրեմլի ղեկավարը նշել է, որ օգոստոսին Ալյասկայում ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը երկկողմ օրակարգի գրեթե ոչ մի հարց չեն քննարկել, միայն՝ ուկրաինական ճգնաժամի լուծման հնարավորություններն ու ուղիները: Պուտինը վստահեցրել է՝ Մոսկվան պատրաստ է շարունակել ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ քննարկումը:

Ռուսաստանի նախագահ դարձյալ մեղադրել է ՆԱՏՕ-ին՝ Ռուսաստանի դեմ պատերազմելու համար, բայց և պնդել, թե ռուսական զորքը վստահ առաջ է շարժվում ռազմաճակատի գրեթե ամբողջ երկայնքով: Ապա սպառնացել է՝ Ռուսաստանն արագ կարձագանքի, եթե համարի, որ Եվրոպան սադրանքների է գնում: «Եթե որևէ մեկը դեռ ցանկություն ունի մրցել մեզ հետ ռազմական ոլորտում, ազատ է, թող փորձի: Ռուսաստանի հակահարվածները չեն ուշանա», - ասել է նա:

Վլադիմիր Պուտինը նաև զգուշացրել է՝ Զապորոժիեի ատոմակայանի տարածքին հարվածելով՝ ուկրաինացիները վտանգավոր բան են անում, ապա ակնարկել է՝ Ռուսաստանը կարող է հայելային պատասխան տալ:

«Սա վտանգավոր խաղ է, և մյուս կողմում մարդիկ նաև պետք է հասկանան, որ եթե այդքան վտանգավոր քայլերի են դիմում, ապա իրենց կողմում դեռ գործող ատոմակայաններ կան։ Եվ ի՞նչն է մեզ խանգարում նույն կերպ հակահարված տալ», - ասել է ՌԴ նախագահը:

Կրեմլի խոսնակն, իր հերթին, հայտարարել է, որ Ուկրաինային Tomahawk հրթիռների տրամադրումը շատ վտանգավոր քայլ կլինի և համարժեք պատասխան կստանա:

«Եթե դրանք մատակարարվեն, դա կլինի էսկալացիայի նոր լուրջ փուլ, որը կպահանջի համարժեք արձագանք ռուսական կողմից», - ասել է Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է՝ Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպումից հետո կողմերն ավելի մոտ չեն խաղաղությանը, և դրա համար մեղադրել է գլխավորապես եվրոպական երկրներին, որոնք, ըստ Պեսկովի, Ուկրաինային խրախուսում են շարունակել պատերազմը: Մինչդեռ Վաշինգտոնը, նրա խոսքով, պահպանում է քաղաքական կամքը՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:

Չնայած ռուսական կողմի պնդումներին՝ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն այս տարի սահմանափակ առաջընթաց է գրանցել մարտադաշտում, և կոչ է արել շարունակել ճնշումը Մոսկվայի վրա, որպեսզի դադարեցնի պատերազմը: «Պետք է ուժեղացնենք պատժամիջոցների փաթեթները և դիմենք այլ՝ շատ ուժեղ գործիքների, այդ թվում՝ նավթի և նավթամթերքի առևտրի հետ կապված գործիքների», - ասել է Վլադիմիր Զելենսկին։

Ու մինչ Ռուսաստանը շարունակում է սպառնալ, եվրոպական երկրները Կոպենհագենում երկու օր քննարկում էին Եվրոպայի անվտանգությունն ուժեղացնելու և Ուկրաինային աջակցելու հարցերը:

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ լայն համաձայնություն կա Ուկրաինային աջակցելու նպատակով ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներն օգտագործելու հարցում: Ֆրիդրիխ Մերցը խոստացել է աջակցել ցանկացած մոտեցման, որը թույլ կտա օգտագործել այդ ակտիվները Ուկրաինային օգնելու և այս պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու համար:

«Պուտինը չպետք է թերագնահատի մեր վճռականությունը։ Իսկապես կա մեծ միասնություն և շատ անսասան վճռականություն՝ միասին դիմակայելու այս ագրեսիային», - հայտարարել է Մերցը:

Սակայն երեկ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի ժամանակ, Հունգարիայի վարչապետը մերժել է ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային 140 միլիարդ եվրո վարկ տրամադրելու Եվրամիության նախաձեռնությունը։ Վիկտոր Օրբանը նաև հրաժարվել է հանել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտի վրա դրած վետոն և արգելափակել է Եվրոպական խորհրդի նախագահի առաջարկը՝ փոխել քվեարկության կանոնները, ինչը թույլ կտար շրջանցել վետոն:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG