Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման և ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների երաշխավորումը Հայաստանում եղել ու շարունակում է մնալ սուր խնդիր, խորհրդարանում տարեկան զեկույցը ներկայացնելիս հայտարարեց ՄԻՊ-ը: Ոլորտի կարգավորման քայլերը Անահիտ Մանասյանին չեն բավարարում:
«Ակնհայտ է, որ բավարար չեն եղել երաշխավորելու այս ոլորտի պատշաճ հասցեավորումը և սրա հետ կապված խնդիրների բացառումը ՀՀ-ում, որովհետև բազմաթիվ են դեպքերը, երբ առնվազն մեր հաստատության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր են արձանագրվում, և, բնականաբար, շատ կարևոր է, որպեսզի հնարավորություն ունենանք իրապես հաղթահարելու առկա խնդիրը», - ասաց նա:
Ոստիկանության գործողություններից Մարդու իրավունքների պաշտպանին մտահոգում է նաև հավաքների ժամանակ հատուկ միջոցների կիրառումը: Մանասյանը հատուկ միջոցների կիրառման կոնկրետ դեպք չնշեց:
Անցած ամռանը ընդդիմության հավաքը ցրելիս լուսաձայնային նռնակներ էին կիրառել, ինչի հետևանքով առնվազն 100 մարդ վիրավորվեց:
Մանասյանը իր ելույթում մատանշեց ինչպես հատուկ միջոցների կիրառման ձևը, այնպես էլ դրան հաջորդող բացատրությունների անբավարարության խնդիրը։ Նրա գնահատմամբ՝ հարցը նաև լուրջ հանրային մտահոգությունների պատճառ է:
Պաշտպանի առանձնացրած խնդիրների շարքում էր նաև այն, որ չկան քրեական հետապնդումներ այն իրավապահների նկատմամբ, ովքեր ենթադրաբար կիրառում են անհամաչափ ուժ, ինչը կասկածներ է հարուցում գործընթացի անկողմնակալության և պրոֆեսիոնալիզմի առումով: ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում նաև կալանքի հաճախակի կիրառումը:
«Նախորդ տարի հատուկ վերլուծություն էինք սկսել իրականացնել դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց թվի առնչությամբ, և մեր հետազոտությունները, ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ Հայաստանում ազատությունից զրկված անձանց կեսից ավելին կալանքի տակ գտնվող անձինք են հանդիսանում, ինչը միջազգային չափանիշների տեսանկյունից անթույլատրելի է», - նկատեց նա:
Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը բարձաձայնեց Գյումրիի քաղաքապետի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանին առնչվող միջադեպը, երբ ոստիականները տնային հագուստով ու հողաթափերով, անհամաչափ ուժ կիրառելով էին կնոջը բերման ենթարկել: Մարդու թույլ տված արարքը, հանցանքի մեջ կասկածվելը վատ վերաբերմունքի համար հիմք չէ, շեշտեց Մանասյանն ու կոչ արեց իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, հանրային գործիչներին ցուցաբերել պատշաճ զգոնություն, հայտարարեց՝ ինքը մտահոգված է և դատապարտում է:
Երեխաների նկատմամբ բռնությունն այնպիսի ծավալներ է ստացել, որ ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է պատրաստել: Ըստ Մանասյանի՝ փաստաթղթերում առաջընթաց կա, բայց իրավիճակն այլ է իրականության մեջ. «Իմ զրույցները և մշտադիտարկումները ցույց են տալիս, որ այս խնդիրը լուծված չէ, և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, արձագանքման ու հասցեավորման մեխանիզմների առնչությամբ ուսումնական հաստատություններում պետք է լինեն պատշաճ գիտելիքներ և հասցեավորման պատշաճ մեխանիզմներ»:
Զինված ուժերում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի մասին խոսելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, թե դրանց մեծ մասի պատճառները շատ դեպքերում ոչ կանոնադրային հարաբերություններն են: