Եթե Հայաստանում իրական ժողովրդավարություն լիներ, սկանդալ կպայթեր վարչապետ Փաշինյանի հայտարարություններից ու քայլերից: Ասում է գործող Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանը:
Սահմանադրագետը վերլուծել է վարչապետի վերջին հայտարարությունը, որ, ըստ նրա, հակասում է Մայր օրենքին. «Այն ինչ Փաշինյանն ասում է, իշխանության ուզուրպացիա է, ինքը կառավարութունը չէ, բնականաբար», - նկատում է սահմանադրագետը:
Երկրի գլխավոր օրենքի 147 հոդվածով է ամրագրված՝ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետերից ու նախարարներից: Նիկոլ Փաշինյանը, որ իշխանության գալու առաջին շրջանում Հայաստանի բնակչությանը վարչապետ էր հռչակել ու իրեն էլ համարում էր երեք միլիոն վարչապետից մեկը, անցած շաբաթ ճեպազրույցում հայտարարեց. «Կառավարությունը ես եմ ... չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Ընդհանրապես եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ»:
Վարչապետի հայտարարությունը հակասում է Սահմանադրությանը. Սահմանադրագետ
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ընդգծում է. «Վարչապետն ասում է մի բան, որը տառացիորեն հակասում է Սահմանադրությանը: Բայց, քանի որ մենք չենք ապրում ժողովրդավարական երկրում, իրավական երկրում, ու մենք Փաշինյանի այդ հայտարարությունից էլ ավելի արտառոց հայտարարություններ ենք լսել, հիմա արդեն հասարակության համար դարձել է սովորական»:
Ինչ պատիժ է նախատեսվում, երբ երկրի ղեկավարը Սահմանդրությանը հակասող պնդումներ է անում: «Այս պարագայում, երբ երկրի վարչապետն ասում է, որ ինքն է կառավարությունը, դու չես կարող իրեն քրեական, վարչական կամ քաղաքացիական պատասխանատվության ենթարկել, քանի որ դա ընդամենը հայտարարություն է: Բայց այդ հայտարարությունը հակասում է Սահմանադրության այն դրույթին, որ ես վկայակոչեցի: Եվ այս պարագայում հնարավոր է միայն քաղաքական պատասխանատվություն», - ասում է Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
Ժողովրդավար, քաղաքակիրթ երկրում նրան անվստահություն հայտնելու գործընթաց կսկսեին իր իսկ թիմակիցները, եթե առաջնորդվեին Սահմանդրությամբ ու համոզմունքներով, ասում է սահմանադրագետը. «Իշխող մեծամասնության պատգամավորները վաղուց մոռացել են, որ իրենք խիղճ ու արժանապատվություն ունեն, իրենք հետևում են իրենց առաջնորդին. իրենց առաջնորդը կարող է իրենց նսեմացնել, բայց իրենք հնազանդ հետևում են իրենց առաջնորդի ցուցումներին»:
Նույնիսկ ընթացք չստացավ Նիկոլ Փաշինյանի այն արարքը, երբ նա sms հաղորդագրությամբ գործադիրից անկախ գործող Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հորդորեց լքել պաշտոնը, նա էլ ազատվեց:
«Վարչապետն, առնվազն, ԲԴԽ-ի մասով դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և այստեղ արդեն պետք է համապատասխան իրավապահ մարմինները գործեին, բայց, Հայաստանում այդ իրավապահ մարմինները ևս հակասահմանադրական ձևով հետևում են Նիկոլ Փաշինյաին, չնայած, իրենք իրեն ենթակա չեն», - ասում է սահմանադրագետը:
Նիկոլ Փաշինյանը, որ ժողովրդավարության բաստիոն է հռչակել Հայաստանը, վերջին ճեպազրույցում հրապարակային հայտարարեց՝ չի հանդուրժելու այլ դիրքորոշում, որ կտարբերվի իրենից. «Արբիտրաժային դատարանում մենք հաղթել ենք և մեր դիրքորոշումը պնդել ենք: Եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ», - հայտարարել է վարչապետը:
Այս խոսքերից հետո Փաշինյանը իրեն հակադրվելու համար պաշտոնից ազատեց Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին, որի մասնագիտական դիրքորոշումը չի համընկել Փաշինյանի հետ: Խոսքը գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մասին է: Միջազգային արբիտրաժային դատարանը իշխանության ընդունած նախագծերը «բռնագրավման օրենքներ» է որակել և Հայաստանին պարտավորեցրել ձեռնպահ մնալ «ընկերության բռնագրավման» հետագա քայլերից: Դրմեյանը պնդել էր՝ Հայաստանը պետք է կատարի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հարցով արբիտրաժային դատարանի հրատապ որոշումը:
«Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ըստ էության, դարձել է ամենաթող և իր ցանկացած քայլ ու հայտարարություն որևէ իրավական հետևանք իր նկատմամբ չի առաջացնում: Սահմանդրությունը և Հայաստանում ձևավորված իրականությունն այլես իրար հետ որեւէ շաղկապվածություն չունեն, ցավոք սրտի», - ասում է Վարդան Պողոսյանը:
ՀԱԿ փոխնախագահը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Գործադիրի ղեկավարի հայտարարությունների հետքերով է գնացել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն: «Մենք հիմա ունենք դիկտատորի ձևավորման գործընթաց: Փաշինյանը... եթե առաջ իսկապես իր իշխանությունը հենվում էր ժողովրդի աջակցության վրա, հիմա արդեն հենվում է Իլհամ Ալիևի բարյացակամության վրա, լրիվ տվել է ինչ-որ արտաքին ուժերի սպասարկմանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Լևոն Զուրաբյանի դիմումին ընթացք չեն տվել: Գլխավոր դատախազությունից հայտնեցին՝ վարույթ չի հարուցվել: Զուրաբյանը նախորդ անգամ հրապարակային գրառմամաբ էր դիմել, տեղեկացանք, որ դիմում էլ է մուտք արել: