Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը Ստամբուլում կայացած հանդիպմանը քննարկել են երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորման ընթացքը: Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Էրդողանն ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը, հաղորդում է կառավարությունը:
Նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։
Էրդողանը, ըստ թուրքական լրատվամիջոցների, հայտարարել է, որ Անկարան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։
Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։
Թեև Հայաստանի ղեկավարները տարբեր առիթներով նախկինում մեկնել են Թուրքիա, բայց Փաշինյանի այցը առաջինն է, որի առիթը ոչ թե պաշտոնական կամ ոչ պաշտոնական միջոցառումներն են՝ երդմնակալություն կամ ֆուտբոլային հանդիպում, այլ հենց երկկողմ բանակցությունները:
Հայաստանում Փաշինյանի այցը նրա կուսակիցները պատմական են որակել:
Առավել մանրամասն՝ ստորև.