Վարչապետի աշխատանքային այցը Թուրքիա մեկնարկել է, Փաշինյանի օդանավը Ստամբուլում վայրէջք կատարեց կեսօրից հետո:
Նիկոլ Փաշինյանը արդեն հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, երեկոյան արդեն՝ կբանակցի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Բայց ժամի մասին հստակ տեղեկություն չկա:
Կառավարական պատվիրակության կազմում արտգործնախարարն է, հայ - թուրքական կարգավորման հարցով բանագնաց, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Օդանավակայանում պատվո պահակախումբը ողջունեց Հայաստանի վարչապետին, դիմավորեց Թուրքիայի փոխարտգործնախարարը:
Թեև Հայաստանի ղեկավարները տարբեր առիթներով նախկինում մեկնել են Թուրքիա, բայց Փաշինյանի այցը առաջինն է, որի առիթը ոչ թե պաշտոնական կամ ոչ պաշտոնական միջոցառումներն են՝ երդմնակալություն կամ ֆուտբոլային հանդիպում, այլ հենց երկկողմ բանակցությունները:
Հայաստանում Փաշինյանի այցը նրա կուսակիցները պատմական են որակում: Օրակարգը կողմերը չեն հրապարակել, բայց նախօրեին վարչապետի թիմակիցները պնդում էին՝ առանցքում հայ - թուրքական կարգավորումն է:
Հնարավո՞ր է փաստաթղթերի ստորագրում. իշխանության ներկայացուցիչները Երևանում չեն շտապում ստամբուլյան բանակցությունների հնարավոր զարգացումներից խոսել:
«Ինչ վերաբերում է փաստաթղթերի ստորագրմանը՝ կապված դիվանագիտական անձնագրեր կրող կամ երրորդ պետության քաղաքացիների՝ Հայաստան և Թուրքիա առանց հատուկ արտոնագրի այցելության հետ, ապա դուք գիտեք, որ մենք ավելի լայն օրակարգ ունենք և մենք, ըստ էության, մշտապես խոսում ենք և շարունակելու ենք խոսել Հայաստան - Թուրքիան հարաբերությունների նորմալացման, նորմալ, բնականոն դիվանագիտական հարաբերությունների հաստատման և այդ հարաբերությունների հաստատումից հետո առավել ակտիվ հնարավորություններ ընձեռելու մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին՝ առևտրային-տնտեսական և այլ հարաբերությունների մեջ մտնելու Թուրքիայի Հանրապետության հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ շարունակելով. - «Հատկապես աշխարհաքաղաքական այս զարգացումների ֆոնին չափազանց կարևոր է հարևան երկրների հետ ուղիղ հարաբերությունների հաստատումը՝ առանց երրորդ երկրների միջամտության և միջնորդության»:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան France-Presse-ին հայտնել է, որ կողմերը կքննարկեն համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու ջանքերը, ինչպես նաև Իրան - Իսրայել հակամարտության տարածաշրջանային հետևանքները։ Ի՞նչ պայմանագիր՝ հայ - թուրքակա՞ն, թե՞ հայ - ադրբեջանականն է նկատի ունեցել պաշտոնյան, հայտնի չէ:
Ընդդիմությունը կարծում է՝ Փաշինյանի իշխանությունը նպաստում է Թուրքիային տարածաշրջանի գլխավոր խաղացողի դեր վերապահելուն, ինչը, «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանի կարծիքով, չի բխում Հայաստանի շահերից:
«Այն հանգամանքը, որ Թուրքիային նաև Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ բերում են, այսպես ասեմ, որպես Հարավային Կովկասի նայող, հատկապես այն համատեքստում, երբ որ մեր ռեգիոնի բալանսն ապահովող երկու երկրները այսօր մխրճված են պատերազմական գործողություններում՝ Ռուսաստանը՝ Ուկրաինայի ուղղությամբ, Իրանը՝ Իսրայելի, և ավտոմատ որի պարագայում Ադրբեջանի և Թուրքիայի դերը մեր տարածաշրջանում բարձրանում էր, և ազդեցությունը, հիմա այս համատեքստում Թուրքիային առաջին պլան բերելը և այստեղ որպես խնդիրների կամ հարցեր լուծող սարքելը, բնական է՝ որևէ ձևով չի կարող բխել Հայաստանի շահերից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը:
2021-ի վերջից ընթացող կարգավորման գործընթացում ո՛չ Երևանը, ո՛չ Անկարան պաշտոնապես նախապայմաններ չեն դնում, բայց թուրք պաշտոնյաները պարբերաբար հայ - թուրքական կարգավորումը կապում են հայ - ադրբեջանական հաշտեցման հետ, անգամ՝ Արցախն Ադրբեջանի կազմում Փաշինյանի ճանաչելուց հետո:
Փաշինյանը սկսեց իրական ու պատմական Հայաստանի դիսկուրսը, Արևմտյան Հայաստանն, ասաց, Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է:
Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայտարարեց՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում:
Նույն՝ թուրքական լրատվամիջոցների հետ այդ հարցազրույցում Հայաստանի վարչապետն անմիջական հարևանների հետ խաղաղությունն էր կարևորել:
Բայց կարգավորումը, մեկ է, տեղից չշարժվեց՝ սահմանը փակ է, դիվանագիտական հարաբերություններ չկան, անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ - թուրքական սահմանը բացելու պայմանավորվածությունն արդեն երրորդ տարին է չի կատարվում:
Արդյոք այս այցով գործընթացները միմյանցից զատելու հարցում շրջադարձ հնարավոր կլինի ապահովել, ապագան ցույց կտա: Ընդդիմադիրները, սակայն, խիստ թերահավատ են՝ խաղաղության համաձայնագիր կնքելու՝ Ադրբեջանի նախապայմաններից չհրաժարվելը հաշվի առնելով:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը չի կասկածում՝ Փաշինյանից մեկ օր առաջ Ալիևի այցը Թուրքիա պատահական չէր, երկու դաշնակիցները ժամացույցներն են, ըստ նրա, ճշգրտել:
«Որևէ դրական ակնկալիք չունեմ, մանավանդ այս զարգացումների ֆոնին: Մի մարդ, որ ասում է՝ «ես մինչև 22 թվականը ֆորպոստի վարչապետ էի, հիմա՝ Հայաստանի լիարժեք ու ամբողջական վարչապետ եմ ... », - հայտարարեց Վարդանյանը: