Մատչելիության հղումներ

Պուտինն արձագանքեց Թրամփին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պահանջով ԱՄՆ նախագահի տված տասնօրյա ժամկետի երրորդ օրը Ռուսաստանի նախագահը խախտել է լռությունը, խոսել ուկրաինական հակամարտությունից, արձագանքել Դոնալդ Թրամփին:

Նախ՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ դրական է գնահատում Ստամբուլում անցկացված ռուս - ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը:

Ապա, անդրադառնալով Թրամփի հայտարարություններին, թե հիասթափված է Պուտինից, Կրեմլի ղեկավարը նշել է, թե բանակցություններում հիասթափություններն առաջանում են, երբ չափից շատ ակնկալիքներ են լինում: Ըստ նրա՝ խնդրի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ են մանրամասն և ոչ հրապարակային քննարկումներ: Հենց այդ նպատակով է Մոսկվան Կիևին առաջարկել ստեղծել աշխատանքային խմբեր՝ հնարավոր փոխզիջումները քննարկելու համար, ասել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ ուկրաինական կողմի արձագանքը դրական է եղել, թեև այդ խմբերը դեռ չեն ստեղծվել:

Ուկրաինայում Ռուսաստանի նպատակները, այդուհանդերձ, չեն փոխվել, հայտարարել է Պուտինը. - «Այո՛, այս պայմանները, անշուշտ, նույնն են մնացել։ Դրանք պայմաններ չեն։ Դրանք նպատակներ են… Ամեն ինչ պարզ է, բայց գլխավորը այս ճգնաժամի արմատական պատճառները վերացնելն է։ Սա է գլխավորը»։

Մոսկվան նաև դրական է վերաբերվում Կիևի առաջարկին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության մասին խոսել համաեվրոպական անվտանգության համատեքստում։ «Ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ սա ճիշտ բան է», - ասել է ՌԴ նախագահը:

Ուկրաինայի նախագահն արձագանքել է Պուտինին՝ ասելով, որ Կիևը ցանկանում է առաջ շարժվել և անցնել առաջնորդների մակարդակով բանակցություններին:

«Եթե սրանք պատերազմը արժանապատվորեն ավարտելու և իսկապես երկարատև խաղաղություն հաստատելու իրական կամքի ազդակներ են ... ապա Ուկրաինան կրկին վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի հանդիպելու առաջնորդների մակարդակով», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Մինչ այդ ԱՄՆ նախագահը «զզվելի» էր անվանել Ռուսաստանի գործողությունները այն բանից հետո, երբ երեկ ռուսական զինուժը հրթիռակոծել էր Կիևը, ինչի հետևանքով սպանվել է 31 մարդ, որից հինգը՝ երեխաներ, վիրավորել 159 մարդ, որից 16-ը՝ երեխաներ: Դոնալդ Թրամփը խոստացել է նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, թեև մանրամասներ չի հայտնել:

«Այո՛, մենք պատժամիջոցներ կկիրառենք։ Չգիտեմ՝ դրանք Պուտինին մտահոգո՞ւմ են, թե՞ ոչ։ Նրանք տեղյակ են պատժամիջոցների մասին ... Չգիտեմ՝ դա որևէ ազդեցություն կունենա՞, թե՞ ոչ, բայց մենք դա կանենք», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև հայտնել է, որ Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Իսրայել այցից հետո կմեկնի Ռուսաստան։ Սպիտակ տան ղեկավարը չի ներկայացրել Ուիթքոֆի այցի օրակարգը, որը նախկինում մի քանի անգամ Ուկրաինայի հարցով բանակցել է Պուտինի հետ:

ԱՄՆ պետքարտուղարը Fox News Radio-ի հետ հարցազրույցում ասել է, որ շաբաթվա սկզբին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նոր շփումներ են եղել, որոնց մասնակցել են Ռուսաստանի նախագահի շրջապատից բարձրաստիճան պաշտոնյաներ: Ըստ Մարկո Ռուբիոյի՝ շփումների նպատակն է եղել Ուկրաինայում խաղաղության ճանապարհին հասնել որոշակի փոխըմբռնման, սակայն ամերիկյան կողմը առաջընթաց չի տեսել:

Ռուբիոն նաև ասել է՝ ԱՄՆ նախագահն արդեն վեց ամիս ջանքեր է գործադրում խնդրի կարգավորման համար և չի կարող հավերժ սպասել, ինչ-որ պահի ստիպված կլինի որոշել՝ պե՞տք է շարունակել, եթե կողմերից մեկը՝ Ռուսաստանը, հետաքրքրված չէ: ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու շատ տարբերակներ ունի՝ սկսած ռուսական բանկերի դեմ պատժամիջոցներից, վերջացրած՝ ռուսական նավթն ու գազը գնող երկրների համար մաքսատուրքերով, սակայն հուսով է, որ բանը դրան չի հասնի:

«Առաջ շարժվելու լավագույն ուղին մարտերը դադարեցնելն է ու բանակցություններ սկսելը։ Սակայն մեզ թվում է, որ ռուսական կողմն անկեղծ հետաքրքրություն չի ցուցաբերել այս նպատակին հասնելու հարցում», - ընդգծել է Ռուբիոն:

Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածել միմյանց: Առավոտյան ռուսական զորքը հրետանային կրակ է բացել Խերսոնի մարզի Դնեպրովսկի շրջանի վրա, կա մեկ զոհ: Զապորոժիեում զոհվել է մեկ, վիրավորվել՝ չորս մարդ: Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է ռուսական բնակավայրերին:

Ռազմաճակատում այս լարվածության ֆոնին Գերմանիան այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Ուկրաինային կփոխանցի հակաօդային պաշտպանության երկու Patriot համակարգ: Փոխարենը Բեռլինը Վաշինգտոնից արագացված կարգով կստանա նոր Patriot համակարգեր, որոնց ֆինանսավորումն արդեն ապահովում է։

Ու մինչ Գերմանիան հայտարարում է Ուկրաինային ռազմական աջակցությունը շարունակելու մասին, Պուտինն այսօր նաև հայտարարել է, որ ռուսական զորքն առաջ է շարժվում ռազմաճակատի ողջ երկայնքով, ապա հավելել է, որ Ռուսաստանն արդեն սկսել է «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռային համալիրի առաջին սերիական արտադրությունը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG