Ռուսական զինուժը գիշերը հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարձակում է գործել Կևի վրա: Սա հետևում է հերթական՝ կրճատված վերջնաժամկետի մասին ԱՄՆ նախագահի հայտարարությանը. երեկ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին տասն օր ժամանակ տվեց Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար:
Գիշերային հարձակման հետևանքով սպանվել է ինը մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել՝ ավելի քան 130 մարդ: Փլուզվել է բազմաբնակարան շենքերից մեկի ամբողջ մուտքը: Կիևի որոշ թաղամասերում հարվածներից հետո հրդեհներ են բռնկվել: Օդային տագնապ է միացել ամբողջ երկրում: Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական զինուժն Ուկրաինայի վրա արձակել է մոտ 300 անօդաչու և ութ հրթիռ:
Կիևի բնակիչ Յուրի Կրավչուկը, որը վիրավորվել է հարձակման ժամանակ, պատմում է, որ օդային տագնապի երկրորդ ազդանշանից հետո է արթնացել, սակայն արդեն ուշ էր. - «Վեր կացա, վերցրի հեռախոսս և տեսա, որ հինգ թևավոր հրթիռ է գալիս դեպի Կիև։ Փորձեցի արթնացնել կնոջս, բայց հետո... պայթյուններ եղան, և վերջ։ Մեր դուստրը հիմա հիվանդանոցում է»։
Ալեքսանդր Տոլկաչևն էլ պատմում է, որ օդային տագնապն արդեն չեղարկվել էր, և ռմբապաստարանից նոր էին վերադարձել բնակարան, երբ հրթիռը հարվածեց. - «Չգիտեմ՝ ինչ է պատահել մեր հարևանների հետ։ 9-րդ հարկից մինչև 5-րդ հարկ ամեն ինչ ոչնչացվել է։ Սարսափելի է»։
Մարիա Կոնդրատենկոն, իր հերթին, պատմում է, որ ռմբապաստարանից վերադառնալուց հետո օդային տագնապի երկրորդ ազդանշանը չեն լսել և արթնացել են պայթյունից, որի ալիքը հասել է նաև իրենց. - «Շատ վախեցա երեխաներիս համար, հասցրի մարմնովս ծածկել փոքրիս։ Հետո հավաքվեցինք և վազելով վերադարձանք ապաստարան ... Մեր դիմացի շենքն ամբողջությամբ փլուզվեց։ Ես ընկերներ ունեմ, որոնք այնտեղ են ապրում, չգիտեմ նրանց ճակատագիրը։ Սա շատ տխուր է և սարսափելի»։
Ուկրաինայի ներքին գործերի նախարարն ասում է, որ սա ուղիղ հարված է բնակելի շենքին, հրթիռի բեկորները հայտնաբերվել են, և քննիչներն ավելի ուշ կհայտնեն, թե ինչ հրթիռ է: Իգոր Կլիմենկոյի խոսքով՝ կիրառվել են նաև «Շահեդ» տեսակի ռեակտիվ անօդաչուներ:
«Սա առաջին դեպքը չէ, երբ դրանք օգտագործում են Ուկրաինայի և Կիևի քաղաքացիական և քաղաքային ենթակառուցվածքների վրա: Մասնագետներն այժմ հաշվում են, թե քանի ռեակտիվ «Շահեդ» է եղել», - հայտարարել է Կլիմենկոն:
Ռուսական կողմը հարվածել է նաև այլ բնակավայրերի, հայտնել, որ 16 ամիս տևած մարտերից հետո գրավել է ռազմավարական նշանակություն ունեցող Չասով Յար քաղաքը:
Ուկրաինական զինուժն, իր հերթին, Պենզայում հարվածել է գործարանի, Վոլգոգրադում՝ էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների:
Ռուսական զորքի առաջխաղացմանը զուգընթաց Դոնեցկի մարզում Ուկրաինան տարհանում է խաղաղ բնակիչներին: Դոբրոպիլիայի բնակիչ Լյուբովն ասում է, որ անհնար է նկարագրել զգացողությունները, երբ ստիպված է թողնել իր տունը. - «Դժվար է։ Դժվար է ապրել մի տեղ, ապա լքել այն, բայց ի՞նչ կարող եմ անել։ Ոչինչ … Չեմ հավատում, որ հրադադար կլինի։ Պուտինը չի լսում ոչ մեկին»:
Proliska մարդասիրական կազմակերպության կամավոր Դենիս Նաումովն ասում է, որ այստեղ իրավիճակը վատացել է հուլիսի 17-ից հետո, այդ պահից ի վեր 1250 մարդու են տարհանել, օրական տարհանում են մոտ 80 մարդու, սակայն շատ բան կախված է նրանից, թե որքան ինտենսիվ են հարվածները:
«Հենց հիմա, երբ մենք տարհանում էինք իրականացնում, պայթյուններ լսեցինք, կրակոցներ՝ երկու կողմից էլ … Ամեն ինչ կախված է անվտանգության իրավիճակից», - նշում է Նաումովը:
Ռուսական հարվածների ֆոնին Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ հաստատել է ԱՄՆ-ի հետ զենքի լայնածավալ համաձայնագրերի հիմնական սկզբունքները։ Դրանք ենթադրում են նաև ռազմական տեխնոլոգիաների և զենքի փոխանակում երկու երկրների միջև:
«Ես դրանց մասին խոսել եմ նախագահ Թրամփի հետ և լիահույս եմ, որ կկարողանանք իրականացնել դրանք բոլորը։ Սա անկասկած կամրապնդի և՛ մեր երկրները, և՛ մեր դաշնակիցներին ու գործընկերներին», - ասել է Վլադիմիր Զելենսկին:
Ու մինչ Զելենսկին քայլեր է ձեռնարկում ԱՄՆ-ի հետ ռազմական ոլորտում համագործակցության ուղղությամբ, երկրի խորհրդարանն այսօր կողմ է քվեարկել նրա ներկայացրած նոր օրինագծին, որով վերականգնվում է հակակոռուպցիոն երկու գործակալությունների անկախությունը: Սա փաստացի մեղմել է լարվածությունը, որն առաջացել էր անցած շաբաթ, երբ նախագահը ստորագրեց օրենք, որով այդ մարմինները պետք է ենթարկվեին գլխավոր դատախազությանը: Այսօրվա քվեարկության ժամանակ հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել խորհրդարանի շենքի դիմաց: Ավելի ուշ նախագահը ստորագրել է օրենքը և այդ մասին ուղերձով դիմել ժողովրդին:
Օրեր առաջ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անդրադառնալով Թրամփի վերջնագրերին, հայտարարել էր, որ յուրաքանչյուր վերջնագիր սպառնալիք է և ևս մեկ քայլով ԱՄՆ-ին մոտեցնում է Ռուսաստանի հետ պատերազմին:
Դոնալդ Թրամփն արձագանքել է՝ Մեդվեդեևին հորդորելով զգույշ լինել իր ձևակերպումներում: «Ասեք Մեդվեդևին՝ Ռուսաստանի ձախողված նախկին նախագահին, որը դեռ իրեն նախագահ է համարում, որ զգույշ լինի իր խոսքերում, քանզի կրակի հետ է խաղում», - սոցցանցում գրել է Սպիտակ տակ ղեկավարը։
Մեդվեդևն, իր հերթին, արձագանքել է, որ եթե իր խոսքերը նման նյարդային արձագանք են առաջացնում Թրամփի մոտ, դա նշանակում է, որ Ռուսաստանն ամեն բան ճիշտ է անում և կշարունակի գնալ իր ճանապարհով:
ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, որը մի շարք այլ սենատորների հետ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր օրինագիծ է մշակել, ասել է, որ Ռուսաստանը սովորել է շրջանցել պատժամիջոցները, սակայն ԱՄՆ-ը Թրամփի օրոք կփոխի իր մոտեցումը և մաքսատուրքեր կկիրառի այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթն ու գազը՝ Մոսկվային հնարավորություն տալով ֆինանսավորել արդեն չորրորդ տարին ընթացող արյունալի պատերազմը: Թրամփը արդեն երեկ հայտարարեց, որ 25 տոկոս մաքսատուրք և ներմուծման լրացուցիչ հարկ կսահմանի Հնդկաստանի նկատմամբ՝ ռուսական նավթ գնելու համար: