Ռոմանոս Պետրոսյանն այսօր ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: «Ազատության» տեղեկություններով՝ Հայաստանի էլեկտրական ցանցերի նոր կառավարչի թեկնածուն հենց նա է, պաշտոնական հաստատում, սակայն, դեռ չկա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից կառավարչի թեկնածուի ու նշանակման ժամկետի վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հայտնում:
Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնանկությանը զուգահեռ հայտնի դարձավ, որ Կառավարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեցին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության լրատվականից: Հիմա հանձնաժողովը պետք է առավելագույնը հինգ օրում վարույթ հարուցի և ուսումնասիրի Կառավարության հաղորդումը: Ստուգումներ անի: Հանձնաժողովի լրատվականից հայտնեցին, թե դեռ վարույթ չի հարուցվել:
Հենց այս վարույթն է, որը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին թույլ է տալիս ժամանակավոր կառավարիչ նշանակել էլեկտրական ցանցերում: ՀԷՑ-ի սեփանակատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իշխող թիմը մի քանի օրում մշակեց ու հրատապ ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխությունները:
ՀԷՑ-ը պետականացնելու գործընթացը Կառավարությունը սկսեց, երբ Կարապետյանը Փաշինյանի արշավից պաշտպանեց Հայ Առաքելական եկեղեցին ու բանտում հայտնվեց: Գործադիրի ղեկավարը նախ իր ֆեյսբուքյան էջով հայտարարեց իր ցանկության մասին, ու հետո անցան գործնական քայլերի: Իսկ տեսակետներին, թե սա քաղաքական հետապնդում է և ունեցվածքի խլում, արձագանքում էին, թե գործադիրը վաղուց էր դժգոհ ՀԷՑ-ից:
«Մենք այս փուլում պետք ա վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը՝ պետությունը, և կվերցնենք ՀԷՑ-ի կառավարումը», - հայտարարել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները նախորդ շաբաթներին կարևորում էին ՀԷՑ-ի պետականացումը, և ոչ մի ակնարկ, որ կառավարողը հետագայում պետությունը չի լինելու: Երեկվա ասուլիսում վարչապետն ուղիղ ասաց՝ պետականացումից հետո պարտադիր չէ, որ պետությունը լինի կառավարողը. - «Բայց մենք ամենևին չենք ասել, որ պետականացման կամ ետգնման այդ գործընթացից հետո կամ էդ ընթացքում հենց պետությունն է իշտ լինելու կառավարողը Հայաստանի էներգետիկ ցանցի: Որովհետև, տեսեք, արտապատվիրակման մասին ենք ասում, մենք խնդիր ունենք ցանկացած դեպքում գտնել հնարավոր ամենաաարդյունավետ կառավարչին և նաև այդ կառավարրման նկատմամբ ձևավորել շատ հստակ և արդյունավետ հանրային և պետական վերահսկողություն»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարն այսօր էլ նախագահականում է եղել: Ըստ հաղորդագրության՝ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկել են ՀԷՑ-ի հետ կապված հարցեր:
«Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նման ենթակառուցվածքների կայուն ու անվտանգ գործունեության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ արտակարգ իրավիճակներում ժամանակավոր կառավարման մեխանիզմների օրենսդրական հստակեցումը հանդիսանում է կարևոր օրակարգային հարց», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Նախագահը կարևորել է կայուն ու անվտանգ գործունեությունը, հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն էլ նրան է ներկայացրել իրենց աշխատանքները: Պաշտոնական հաղորդագրությունում այլ մանրամասներ չկան: Վահագն Խաչատուրյանը ՀԷՑ-ի պետականացման համար ճանապարհ հարթող օրենքը 9 օր առաջ ստորագրեց առանց առարկության: Մինչդեռ երբ ընդդիմադիր գործիչ էր ու որպես տնտեսագետ քննադատում էր Կառավարությանը, դեմ էր ՀԷՑ-ը ազգայնացնելուն: 168.am կայքում պահպանվել է 2015 թվականի ասուլիսից հատված, որ ընդդիամդիր Խաչատուրյանը ՀԷՑ-ը ազգայնացնելն անընդունելի է համարում ու քննաադատում է նախագահ Սերժ Սարգսյանին: Այն ժամանակ պնդում էր, թե իշխանությունն իրավունք չունի այդ սեփականության նկատմամբ, և ազգայնացնելու մասին կարող է խոսել միայն սեփականատերը:
Ինչո՞ւ է փոխել դիրքորոշումը, հնարավո՞ր է՝ այս հարցն էլ է քննարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի հետ: Նախկին ՔՊ-ական Մեսրոպ Մեսրոպյանից ոչ այս, ոչ էլ ՀԷՑ-ի հետ կապված մյուս հարցերի պատասխանները «Ազատություն»-ը չստացավ: Նա խոստացավ հետ զանգել ու նաև մեր գրավոր հարցերին պատասխանել, բայց մինչ այս պահը չի արձագանքել:
ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ծայրից ծայր ապօրինի են համարում Կարապետյանները; Նրանք հայտնել են, որ պայքարելու են, հնարավոր է՝ միջազգային արբիտրաժային հայց ներկայացնեն Հայաստանի կառավարության դեմ: