Մինչ օտարերկրյա առաջնորդները ժամանում են Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվա միջոցառումներին, Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են ինտենսիվ հարվածներ հասցնել միմյանց, այդ թվում՝ մայրաքաղաքներին: Մոսկվան ստիպված է եղել դարձյալ մի քանի ժամով փակել օդանավակայանները, որոնք ավելի ուշ վերականգնել են աշխատանքը: Արդեն Մոսկվա են ժամանել Կուբայի, Բրազիլիայի և Սերբիայի նախագահները: Վերջինիս ինքնաթիռն անվտանգության նկատառումներով նախ հարկադիր վայրէջք էր կատարել Բաքվում, ապա շարունակել թռիչքը Մոսկվա:
Մինչ այդ Ուկրաինան հարվածել էր ռուսական մի քանի շրջանների: Ռուսական զինուժն, իր հերթին, գիշերը բալիստիկ հրթիռով և անօդաչուներով հարվածել է Կիևին, կա երկու զոհ, առնվազն 6 վիրավոր:
Կիևի բնակիչ Վլադիմիր Խորտովն ասում է, որ վաղ առավոտյան լսել է անօդաչուի ձայնը, ապա պայթյունը և կարծել է, թե հարևանությամբ գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտ է եղել պայթյունը։
«Հետո հարևանս զանգահարեց և ասաց, որ մեր շենքի առաջին մուտքը հրդեհվում է։ Ես ճանաչում եմ այնտեղ ապրողներին, փորձում էի զանգահարել նրանց, բայց չեն պատասխանում», - պատմել է նա։
Կիևի բնակչուհի Քսենիան էլ պատմում է, որ անօդաչուի ձայն է լսել, դրանից հետո հանկարծակի պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո դուրս են նետվել շենքից. - «Ծառերի վրա կրակ կար, ինչից հասկացանք, որ անօդաչուն հարվածել է մեր շենքին: Մենք առաջինը դուրս եկանք, ժամանեց առաջին ոստիկանական մեքենան, ապա սկսեցին դուրս գալ այլ մարդիկ»։
Ռուսական զինուժը հարվածել է նաև Զապորոժիեին, հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել, առնվազն չորս վիրավոր կա: Սերգեյ Զեմպլանսկին պատմում է, որ անկողնում է եղել պայթյունի պահին և անմիջապես դուրս է եկել ու սկսել է օգնել հրդեհը հանգցնել. - «Նայեցի դուրս՝ հրդեհ էր բռնկվել, ճիչեր էին լսվում, մարդիկ փախչում էին կրակից։ Արագ հագնվեցի, դուրս եկա ... վերցրի ռետինե ջրախողովակը, բացեցի այն, միացրի պոմպին և սկսեցի օգնել՝ անելով այն, ինչ կարող էի»:
Մեկ այլ բնակիչ՝ Իրինա Գլյուշենկոն, նույնպես շտապել է օգնել հրդեհը հանգցնելու աշխատանքներին, դույլերով ջուր է հասցրել: Ասում է, որ շատ է վախեցել:
Ռուսական բանակը պնդում է, որ Ուկրաինայի Սումիի մարզի սահմանին ստեղծում է «անվտանգության գոտի»։ Միևնույն ժամանակ, ուկրաինական ուժերը շարունակում են գործել սահմանի մյուս կողմում՝ Կուրսկի շրջանում, և նույնիսկ Ռուսաստանի տարածք ներխուժելու նոր փորձեր են անում:
Ուկրաինայի նախագահը, անդրադառնալով ռուսական զինուժի հարվածներին, ասել է, որ Ռուսաստանի վրա պետք է էլի ավելի շատ ճնշում գործադրվի, քանզի դա է միակ ուղին, որպեսզի հարցը կարգավորվի դիվանագիտական ճանապարհով:
«Երկարատև խաղաղության համար պետք է ձեռնարկվի ցանկացած միջոց, որն ագրեսորին զրկում է պատերազմ վարելու ռեսուրսներից», - նշել է Վլադիմիր Զելենսկին։
Բայդենը Թրամփին քննադատել է Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու համար
Այս ֆոնին Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջո Բայդենը պաշտոնավարման ավարտից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել BBC-ին, որում գործող նախագահ Դոնալ Թրամփին քննադատել է Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի Կիևը խաղաղության համաձայնագիր կնքելու դիմաց տարածքներ զիջի Ռուսաստանին: Բայդենն ասել է, որ հիմար են նրանք, ովքեր հավատում են, թե նման զիջումները կզսպեն Ռուսաստանի ախորժակը:
«Պուտինը Ուկրաինան Ռուսաստանի մաս է համարում, նա կարծում է, որ Ռուսաստանը պատմականորեն իրավունք ունի Ուկրաինայի նկատմամբ, և յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ նա կանգ կառնի, պարզապես հիմար է», - նշել է Բայդենը։
ԱՄՆ նախկին նախագահը նաև ասել է, որ Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի քաղաքականության հետևանքով Եվրոպան կկորցնի վստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ: Ըստ նրա՝ եվրոպական երկրների առաջնորդներն այլևս չգիտեն՝ կարո՞ղ են այսուհետ հույս դնել Միացյալ Նահանգների վրա, թե՞ ոչ:
ԱՄՆ փոխնախագահն, իր հերթին, հայտարարել է, թե Ռուսաստանը չափազանց շատ բան է պահանջում Ուկրաինայի շուրջ բանակցություններում, թեև Վաշինգտոնը չի կարծում, որ Մոսկվան շահագրգռված չէ խաղաղությամբ: Ջեյ Դի Վենսն ասել է, որ Միացյալ Նահանգները փորձում է կենտրոնանալ խնդրի երկարաժամկետ կարգավորման վրա և ոչ թե կարճաժամկետ հրադադարի՝ համարելով, որ Ռուսաստանն այդքան էլ լավ չի վերաբերվում դրան:
«Ես կասեի, որ ռուսները ներկայումս առաջ են քաշում որոշակի պահանջներ, որոշակի զիջումներ՝ հակամարտությունը դադարեցնելու համար։ Մենք կարծում ենք, որ նրանք չափազանց շատ բան են պահանջում, հասկանո՞ւմ եք», - ասել է Վենսը:
Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր Փարիզում հայտարարել է, որ օրակարգում մեկ հարց կա, որի համատեքստում հնարավոր է աշխատել ուկրաինական հակամարտության կարգավորման վրա՝ արդյոք կլինի՞ 30-օրյա հրադադար, թե՞ ոչ։