Մատչելիության հղումներ

ԱԱԾ տնօրենը վերադարձավ Բաքվից, գերիները՝ ոչ


Գերու հարազատ․ «Սպասում էինք, որ ինչ-որ նորություն կբերի մեզ համար»

Բաքվի բանտում գտնվող հայ գերիների հարազատներն անհամբերությամբ էին սպասում Ադրբեջանից Հայաստանի ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի վերադարձին՝ հույսով, որ մի տեղեկություն կլսեին գերիների ազատ արձակման մասին:

«Սպասում էինք, որ ինչ-որ նորություն կբերի մեզ համար: Գոնե մի տեղեկություն բերեին, որ այս իրավիճակն է՝ կա՛մ բերելու են, կա՛մ չեն բերելու: Ոչ մի բանից տեղյակ չենք՝ իրենք ինչ են անում, գնում-գալիս են իրենց համար, ժողովրդին տեղյակ չեն պահում, թե ընդհանրապես ինչ է կատարվում», - ասաց կինը:

ԱԱԾ տնօրենն անցած երեք օրերին Ադրբեջանի մայրաքաղաքում էր, որտեղ մասնակցում էր «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»։ Ի դեպ, համաժողովի կազմակերպիչը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն է։

Անդրանիկ Սիմոնյանն արդեն Երևան է վերադարձել, սակայն հայտնի չէ՝ արդյոք ադրբեջանական կողմի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը, արդյոք նրանց վիճակի և պահման պայմանների մասին որևէ տեղեկություն ստանալու հնարավորություն ունեցել է։

«Ո՞վ է կանչում, ասի՝ ժողովուրդ ջան, գնացել ենք, սա է, սա է: Չեն ասում, սպասում ենք, ասում ենք՝ կարող է մեզ չեն ասում, բայց իրենք աշխատում են այդ հարոց, բայց արդյունք չենք տեսնում», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

Գերիների հարազատները տեսակցություն են խնդրում

Գերիների հարազատները Բաքվից նոր վերադարձած ԱԱԾ տնօրենից հանդիպում են խնդրում՝ ակնկալելով գոնե նրանց առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն ստանալ. «Մենակ ես չեմ, բոլորն էլ կուզենային մոտենային, իմանային՝ մարդը գնացել է իրենց մոտ, եկել է, անգամ տեսնեինք՝ ոնց են մեր գերիները։ Ուրիշ բան չեն ասի, գոնե մի հատ տեղեկություն՝ ոնց են էդ մարդիկ»:

Բաքվի բանտերում 23 հայ գերիներ են պահվում։ Նրանց մի մասին տարբեր մեղադրանքներով արդեն դատապարտել են տևական ազատազրկման, մյուս մասի, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունն արդեն 8 ամիս է՝ շարունակվում է։

«Երկու տարի է՝ ասում է՝ «չեմ տեսնում», չգիտեմ ոնց օգնեմ»

Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Անցած 3 ամիսներին որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։ Գերիների պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություն ստանալու որևէ հնարավորություն հարազատները չունեն։ Նրանց հետ միակ կապը Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած հեռախոսազրույցն է։

«2 տարի է՝ ասում է՝ «չեմ տեսնում»։ Չեմ կարողանում ոչ մեկին դիմեմ, ասեմ՝ մարդը որ չի տեսնում, խի՞ չեք մի բան անում։ Ո՞ւմ դիմեմ, լսում եմ ու անջատում հեռախոսը, ձեռքս ոչ մի բան չկա, չեմ կարողանում օգնել: Իրենք պիտի գոնե այդ մարդկանց գոյությունը պահեն, որ մինչև տեսնեն՝ ինչ են անում», - ասաց գերիներից մեկի հարազատը:

Բաքվում անցկացված համաժողովին ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, ասելով, թե կայունության ու զարգացման կարելի է հասնել միայն երկխոսության և գործընկերության միջոցով: Ալիևը, որ խոսում է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու մասին և շարունակում բանտերում պահել 23 հայ գերիների, միջազգային համաժողովում վստահեցրել է, թե Ադրբեջանը կառուցողական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար: Պարզ չէ՝ արդյոք այս համաժողովին մասնակցող Հայաստանի ԱԱԾ տնօրենը ելույթ ունեցել է, թե՝ ոչ:

«ԱԱԾ տնօրենը հիշո՞ւմ է, որ գերիներ ունենք». ընդդիմադիր պատգամավոր

Ի դեպ, Բաքվում կայացած համաժողովը անցկացվել է «ահաբեկչական հարձակումների և զինված հակամարտությունների ընթացքում հումանիտար ճգնաժամերի կանխման հարցում անվտանգության մարմինների փոխգործակցությունը» խորագրի ներքո:

«Հիանալի օրակարգ գերիների մասին խոսելու, ավելի լավ օրակարգ դժվար էր պատկերացնել, խոսե՞լ է, այդ հարցը բարձրաձայնվե՞լ է, ընդհանրապես հիշո՞ւմ են, որ գերիներ ունենք», - ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Վարդանյանի համոզմամբ՝ ԱԱԾ տնօրենը պետք է պարզաբանի՝ ի՞նչ օրակարգով է մեկնել Բաքու և արդյոք այդ օրակարգում եղե՞լ է գերիների վերադարձի հարցը, թե՞ ըստ ընդդիմադիր պատգամավորի, Երևանն իր մասնակցությամբ պարզապես օգնել է Իլհամ Ալիևի խաղաղարար իմջի ձևավորմանը: Ի դեպ, Հայաստանն անցած տարի հրաժարվեց մեկնել Բաքու՝ մերժելով COP համաժողովին մասնակցելու Ադրբեջանի առաջարկը, հաշվի առնելով նաև գերիների վերադարձի հետ կապված հարցերը:

«Ցանկացած նորմալ երկրի պարագայում այցի օրակարգը, առանցքը կլիներ գերիների հարցը, եթե հնարավոր չէր այս մի այցով գերիների մի մասին վերադարձնել, կլիներ առնվազն պահման պայմաններին ծանոթանալը: Այն բանից հետո, երբ Կարմիր խաչը դուրս է եկել Ադրբեջանից, փակվել է գրասենյակը, շատ կցկտուր են տեղեկությունները և նաև տեղեկություններ կան առողջական վատ վիճակում գտնվող հայ գերիների մասին: Հիմա այստեղ հարցեր են առաջանում՝ արդյոք գերիների այց եղե՞լ է, արդյոք տեսե՞լ են՝ ինչ պայմաններում են պահվում, արդյոք եղե՞լ է որևէ քննարկում, պահանջ, խնդրանք գործընկերոջը, եթե գործընկերային հարաբերություններ են, այս ուղղությամբ որևէ բան արվե՞լ է, թե՞ դա ուղղակի այց էր, որը պիտի ամրապնդեր Ադրբեջանի իմիջը, ով փորձում է հանդես գալ որպես տարածաշրջանում խաղաղություն բերող», - ընդգծեց Քրիստինե Վարդանյանը:

«Ոչ թե ռազմագերիներ, այլ Ադրբեջանի օրենքները խախտած անձինք». ադրբեջանցի վերլուծաբանը՝ հայ գերիների մասն

Մինչ Հայաստանի ԱԱԾ-ը լռություն է պահպանում, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեիմինարի շրջանակում Երևան ժամանած ադրբեջանցի վերլուծաբանն այսօր հայ լրագրողների հետ զրույցում պնդել է՝ Ադրբեջանում ռազմագերիներ չկան, նրանք Ադրբեջանի օրենքը խախտած անձինք են:

«Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ռազմագերիները, հայ զինվորները, նրանք բոլորը ազատ են արձակվել: Իսկ մյուսները, ովքեր մնացել են, խախտել են Ադրբեջանի օրենքները», - ասել է Մուրադ Մուրադովը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Բաքվի բանտերում պահվող հայ գերիների մասին, մշտապես պնդում է, թե հայկական կողմը ամենօրյա ռեժիմով զբաղվում է նրանց վերադարձի հարցով:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG