Մատչելիության հղումներ

«Սպայկա»-ից հաստատում են՝ իրենց 100-ից ավելի բեռնատարներ Ռուսաստանում կանգնած են


«Սպայկա» ընկերության բեռնատարներ, արխիվ
«Սպայկա» ընկերության բեռնատարներ, արխիվ

Հայաստանի ամենախոշոր բեռնափոխադրող ընկերությունը՝ «Սպայկա»-ն, այսօր պաշտոնապես հաստատեց «Ազատության» ավելի վաղ հրապարակած տեղեկություն, որ արդեն մի քանի օր է՝ ընկերության 100-ից ավելի բեռնատարների շարժը Ռուաստանում դադարեցված է: Ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանն «Ազատությանը» փոխանցեց՝ իրենց իրավաբաններն արդեն Ռուսաստանում են, փորձում են պատճառները հասկանալ:

«Մեզ պաշտոնապես չեն տեղեկացրել՝ ինչ խնդիր է, հարցը նրա մեջ է, որ մեքենաները կանգնեցրել են և որևէ հիմք չեն ասել, չգիտենք, էդ մեքենաները ուղղակի որտեղ որ էդ պահին գտնվել են, իրենք կանգնեցրել են», - նշեց Բաղդասարյանը:

24 տարի առաջ հիմնադրված ընկերությունն ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներ բեռնափոխադրումներից բացի նաև սեփական այգիների բերքն է արտահանում: Ընկերության ներկայացուցիչն ասում է՝ այս տարիների ընթացքում առաջին անգամ են բախվել այսպիսի խնդրի: Բեռնատարներում եղած շուտ փչացող ապրանքը՝ գյուղմթերքը, ռուս իրավապահները թույլ են տվել տեղական այլ մեքենաներով հասցնել հասցեատերերին, բայց հենց «Սպայկա»-ի բեռնատարների շարժն արգելել են:

«Ռուսաստանի բոլոր քաղաքներում, որտեղ եղել են մեքենաները, մեկ-երկու օրվա մեջ բոլոր մեքենաները կանգնեցրել են ու ասել են՝ «մեքենաները չեն շարժվելու, եթե մեջը բեռ ունեք, բեռները կարող եք ուրիշ մեքենաների մեջ տեղափոխել և տանել հասցնել հասցեատիրոջը»: Ու վարորդները սպասում են հերթական հրահանգին և նաև օգնում են էդ մեքենաների միջի բեռները հասցեատերերին հասցնելու կազմակերպչական գործերում», - ասաց «Սպայկա»-ի զարգացման գծով տնօրենը:

Ռուսական պաշտոնական ու լրատվական կայքերում դեռ ոչ մի տեղեկություն չկա, թե ինչու է հայկական ամենախոշոր արտահանող ընկերությունն այսպիսի խնդիրների բախվել մի երկրում, որտեղ տարիներ շարունակ ապրանք են տեղափոխել ու համագործակցել առևտրային ամենախոշոր ցանցերի հետ: Լուռ են նաև հայաստանյան պետական կառույցները:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից անցած շաբաթ «Ազատությանը» միայն հայտնել էին, թե իրենք ստուգել ու բաց են թողել «Սպայկա»-ի բեռները, իսկ Ռուսաստանի գործընկեր կառույցից՝ «Ռոսսելխոզնադզոր»-ից բեռի որակի մասին ահազանգ չեն ստացել: Տեսչականից պնդել էին՝ եթե անգամ խնդիր կա, ապա դա ՍԱՏՄ-ի հետ կապ չունի:

Արդեն մի քանի օր շրջանառվող այս լուրերը չի մեկնաբանում նաև Էկոնոմիկայի նախարարությունը: Եթե նախորդ մի քանի օրերին պնդում էին՝ ասելիք չունեն, այսօր հորդորեցին հենց «Սպայկա»-ին դիմել:

«Սպայկա»-ի զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ դիմե՞լ են պետական որևէ կառույցի:

Բաղդասարյանը հայտնեց, որ դիմել են պատկան մարմնին՝ Էկոնոմիկայի նախարարությանը, տեղյակ են պահել, որ նման խնդիր կա: «Բայց քանի որ մենք ավել տեղեկություն չունենք, ուղղակի տեղեկացրել ենք», - հավելեց «Սպայկա»-ի ներկայացուցիչը, - «Տեղյակ ենք, որ իրենք էլ հետաքրքրվում են նաև էս հարցով, բայց դեռ իրենք էլ ավել տեղեկություն չունեն»:

Անցած շաբաթվա վերջին էլ Պետեկամուտների կոմիտեն էր հայտարարություն տարածել, թեև դրանում «Սպայկա»-ի անունը չէր հիշատակվում, այդուհանդերձ, կառույցից հորդորել էին արտահանումներն ապօրինի պատվիրատուների անվամբ չձևակերպել: ՊԵԿ-ից ճշտել չի հաջողվում՝ արդյոք սա վերաբերում է նաև «Սպայկա»-ին:

Ընկերությունից արձագանքում են. - «Սպայկա» ընկերությունը տարբեր ընկերությունների հետ աշխատում է ուղիղ՝ մանրածախ սուպերմարկետների հետ հիմնականում, և որևէ խնդիր չունենք մենք էս պահին»:

Հայկական մամուլը նաև գրում է, թե ընկերությունը Ռուսաստանում չի կատարել ֆինանսական որոշ պարտավորություններ։ Ընկերության զարգացման գծով տնօրենը հերքեց այդ լուրերը. - «Ձևակերպվում է արտահանում, ստացողն էլ ռուսական մեծ ընկերություններն են, դրա համար էդ դեպքը կոնկրետ մեզ հետ առնչություն չունի»:

Խնդիրը ծագել է անցած շաբաթվա վերջին։ Այժմ խաղողի, սալորի և այլ միրգ-բանջարեղենի մթերման սեզոնն է։ «Սպայկա»-ից հայտնում են, որ ավելի քան 100 բեռնատարների՝ Ռուսաստանում մնալու պատճառով իրենց աշխատանքն կաթվածահար է լինում, և մթերումները չեն կարող պատշաճ կերպով կազմակերպել։

Արդյոք այդ խնդիրը նաև քաղաքական ենթատեքստ ունի. ընկերությունից ասում են՝ իրենց մեքենաների արգելափակման պատճառների մասին բավարար տեղեկություն չունեն, որ եզրահանգումներ անեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG