Մատչելիության հղումներ

Տավուշի Մովսես գյուղում առավոտյան ինտենսիվ կրակոցներ են լսվել


Տավուշի մարզի Մովսես գյուղում այսօր առավոտյան ինտենսիվ կրակոցներ են լսվել։ Տեղացիները չձայնագրվելու պայմանով «Ազատությանը» հայտնեցին, որ ադրբեջանական զինուժը վերջին շաբաթներին կրակում էր միայն գիշերային ժամերին, առաջին անգամն է, որ առավոտյան են սկսել։ Մովսեսի նախկին վարչական ղեկավար Զավեն Պապյանն ասաց, որ ադրբեջանական զինուժի կրակոցները լսվել են այսօր առավոտյան՝ ժամը մոտ 8-ին։


Պապյանն ասաց՝ բնակիչների համար հստակ չէ՝ ինչ ուղղությամբ է կրակում Ադրբեջանի զինուժը: Արդյոք գյուղի՞, թե՞ դիրքերի ուղղությամբ են կրակոցները. Պաշտպանության նախարարությունից չհստակեցրին, փոխանցեցին այս կարճ մեկնաբանությունը. «Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած՝ նպատակային կամ թիրախային խախտումների պարագայում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»։

Մովսեսում, ըստ նախկին վարչական ղեկավարի, գյուղացիներից ոմանք անհանգիստ են՝ հանկարծ ադրբեջանական զինուժը չխաթարի գյուղատնտեսական աշխատանքները. «Գյուղացիք սովոր են այդ կրակոցներին, բանն այն է, որ գյուղատնտեսական աշխատանքներն են սկսվել, դա է մեզ անհանգստացնում»:

Սյունիքի մարզի Խոզնավար ու Խնածախ գյուղերից էլ վերջին երկու ամիսներին շարունակ հայտնում են ադրբեջանական կրակոցների մասին։ Պաշտպանության նախարարությունը վերջին անգամ անցած շաբաթավերջին հայտնեց, որ ադրբեջանական կրակոցից Խնածախում դարձյալ բնակելի տան տանիք է վնասել:

Վերջին երկու ամսում ռազմական գերատեսչությունը 6-րդ անգամն էր նման դեպքի մասին հաղորդում։ Բաքուն մի կողմից կրակում է, մյուս կողմից պարբերաբար հայկական կողմին մեղադրում հրադադարը խախտելու համար ու շեշտում, որ ինքն էլ համարժեք պատասխան է տվել: Հայկական դիրքերի թիրախավորման մասին Բաքվի հայտարարություններին Երևանը չի անդրադառնում, իսկ հայկական կողմից հրադադարի խախտումների մեղադրանքները կտրականապես հերքում է:

Խոզնավարի բնակիչներից մի քանիսն այսօր հայտնեցին, որ վերջին շրջանում հաճախ ադրբեջանական զինուժը կրակում է գյուղի ուղղությամբ, հաճախ տանիքներին։ Անանուն մնալու ու ձայնը փոխելու պայմանով Խոզնավարի բնակիչներից մեկն ասաց՝ կրակոցները մի քանի տանիքի են կպել, անգամ արևային պանելներն են վնասվել։ Ապրիլի 21-ին ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի կրակոցներից վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:



Մարդիկ Սյունիքում էլ են մտահոգված՝ դաշտերում աշխատելիս հնարավոր է ադրբեջանական զինուժի թիրախում հայտնվեն, կրակոցներ դաշտերի ուղղությամբ Խոզնավարում էլ են եղել: Գյուղն ադրբեջանական դիրքերով է շրջապատված։

XS
SM
MD
LG