Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները կրկին կրակել են Խնածախի ուղղությամբ. ՊՆ-ը հաղորդում է մեկ, բնակիչները՝ մի քանի տան տանիքի վնասվելու մասին


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

«Հենց ես որտեղ մնում եմ՝ էդ թաղամասի տանիքներին են խփել, հացատան տանիքին ա կպել, ոնց որ երկու-երեք տանիքի, տենց ... կանայք խոսում էին, որ թիթեղների ձայը լսել են ու տեսել են, որ ծակվել ա»:

«Տենց խոսակցություն կար, որ երեք ընտանիքի տանիք խփել են, չգիտեմ կոնկրետ ումն ա, պատրոն գտել են, չեն գտել, դեռ հայտնի չի, էլի»:

Խնածախցիների խոսքով՝ ադրբեջանական գիշերվա կրակոցներից գյուղում բնակելի շինությունների տանիքներ են վնասվել:

Պաշտպանության նախարարությունը միայն այսօր երեկոյան մոտ հաղորդեց, այն էլ՝ վնասված միայն մեկ տանիքի մասին, չնայած ադրբեջանական կրակոցները գյուղի ուղղությամբ, ըստ ռազմական գերատեսչության, եղել էին երեկ երեկոյան՝ ժամը 22:22-ի սահմաններում: Հրապարակել են նաև գնդակից վնասված թիթեղյա տանիքի լուսանկարները: Տուժածներ, ասացին, չկան:


Գյուղի ուղղությամբ արդեն մեկուկես ամիս չդադարող ադրբեջանական կրակոցների մասին ռազմական գերատեսչությունը հինգերորդ անգամ է հաղորդում, բոլոր դեպքերում՝ բացառապես այն ժամանակ, երբ քաղաքացիական ենթակառուցվածքներ են թիրախավորվել:

Ներկայանալ չցանկացող Խնածախի բնակիչները պատմեցին՝ այս գիշեր կրակոցներն է՛լ ավելի ինտենսիվ են եղել.

«Ահավոր ուժեղ կրակոցներ էր: 10 անց 20 կրակեցին, հետո 11-ին 20 պակաս կրակեցին, մինչև ըտենց 20 րոպե, րոպե, մինչև 11 անց կես այ տենց կրակում էին ու շատ ահավոր: Ոնց հասկացանք, ոչ թե օդ էր, այլ թիրախը հենց գյուղն էր: Եթե մի գիշերվա մեջ երեք տանիք են ծակել, պարզ չի՞, որ արդեն իմ գյուղն են թիրախավորել»:

«Խախտել էլ են, 11 անց կես չէին կրակում, հիմա կրակում են: 10 անց 20, 12 անց կես, բայց երեկ 11 անց կես էլ են կրակել: Դե վախենում ենք դուրս գանք, է, դուրս չենք գալիս տնից»:

Սյունիքի մարզի սահմանամերձ այս գյուղում մարդիկ անհանգիստ են.

«Ավելի շատ մտածում ենք երեխաների համար: Հա, հիմա հանգիստ ա, երեխաները դպրոց են հաճախում, մանկապարտեզ, ցերեկը ամեն մարդ իրա գործով, բայց հենց գիշերը գալիս ա, իրանք սկսում են արդեն կրակելը: Արդեն 50 օր ա` նույն ձևի, նույն տեմպով իրանք շարունակում են: Թե Կառավարությունը ինչ ա մտածում սրա մասին, մենք անհայտ վիճակով ապրում ենք: Եթե գյուղն են թիրախավորում, պարզ չի՞, որ հենց որ մեկը գա մեր տանիքին ընկնի, ես իմ էրեխին վերցնելու եմ գնամ գյուղից, ասեմ՝ բա արդեն խփում են»:

«Դե ո՞ւր ա, վերջանում ա՞, մարդիկ անհանգիստ են, երկու ամիս կլրանա՝ չի վերջանում, ի՞նչ կլինի հետո»:

Խոզնավարում ևս կրակոցներ լսել են նույն ժամերին՝ 10:30-ին, 2:30-ին և 4:30-ին:

Երկրապահ կամավորականների միության նախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Սասուն Միքայելյանը հաստատել է սահմանին կրակոցների փաստը, բայց չգիտի՝ ի՞նչ են ուզում:

Երևանը վերջին շաբաթներին պարբերաբար հորդորում էր Բաքվին՝ փաստեր ներկայացնել հայկական կողմի հնարավոր խախտումների մասին, ինչպես նաև հետաքննել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտումները:

Factor.am-ին վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ թե' Երևանը, թե՛ Բաքուն միմյանց են փոխանցել հրադադարի խախտումների վերաբերյալ տեղեկություններ: Նաև քննությունից են խոսել, թե «տեղեկությունները հայկական կողմը հետաքննել է և արդյունքների մասին տեղեկանք է փոխանցել ադրբեջանական կողմին»: Ինչի՞ մասին է խոսքը, արդյոք ադրբեջանական այն պնդումներն են հետաքննել, թե հայերը կրակել են, թե՞ հենց ադրբեջանցիների կրակոցների մասին սեփական քննության արդյունքներն են փոխանցել:

Պարզաբանումների համար «Ազատություն»-ը Կառավարություն գրավոր հարցում է ուղարկել՝ նաև ճշտելու՝ արդյոք Բաքուն ընդունել է, որ խախտել է հրադադարը, եթե այո՝ ինչո՞ւ է շարունակում:

Ադրբեջանցիները սկսեցին կրակել Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո, շուտով կլրանա երկու ամիսը: Խաղաղության պայմանագիրի նախագիծը համաձայնեցվեց, բայց չստորագրվեց՝ ադրբեջանական նախապայմանների պատճառով:

«Որևէ նոր բան չկա, այն, ինչ հրապարակային եղել է, կարելի է ասել՝ այդքանն է, եթե որևէ նոր բան լինի, բնականաբար, մենք կտեղեկացնենք հանրությանը». -
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր չի թաքցրել՝ ստորագրման հարցով հայկական կողմի հայտարարությունները՝ հնարավորինս արագ փաստաթուղթ ստորագրել, անպատասխան են մնում:

Այդ ֆոնին, Բաքուն չի նահանջում պայմանագիրը ստորագրելու իր նախապայմաններից՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունն ու լուծարել Ղարաբաղյան խնդրով զբաղված ԵԱՀԿ Մինսկի խումբը:




Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG