Թուրքիայի իշխանությունները կոռուպցիայի մեղադրանքով պաշտոնանկ են արել առաջատ ընդդիմադիր ուժից ևս մեկ քաղաքապետի։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ստամբուլի Բայրամփաշա շրջանի քաղաքապետ Հասան Մութլուն չորեքշաբթի օրը հեռացվել է պաշտոնից՝ նախորդ օրը կաշառակերության և մրցույթների կեղծման մեղադրանքներով կալանավորվելուց հետո։
Մութլուն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության 18-րդ քաղաքապետն է, որ հայտնվում է բանտում։ Խոշորագույն ընդդիմադիր ուժը, որը 2024 թվականի ՏԻՄ ընտրություններում ստացավ Թուրքիայի շրջանների առանցքային պաշտոնների մեծ մասը, պնդում է, որ Էրդողանի վարչակազմը, չհաշտվելով կրած պարտության հետ, թիրախավորում է կուսակցության անդամ պաշտոնյաներին:
Այս տարվա մարտին ահաբեկչության և կոռուպցիայի մեղադրանքներով ձերբակալվեց, ապա պաշտոնանկ արվեց Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը համարվում է նախագահ Ռեջեփ Էրդողանի հավանական մրցակիցը առաջիկա ընտրություններում։ Թուրքիայի խոշորագույն քաղաքի ընտրված ղեկավարի նկատմամբ իրականացված գործողությունները հանգեցրին երկրով մեկ աննախադեպ բողոքի ցույցերի: