Մատչելիության հղումներ

Թրամփը Աֆղանստանին «վատ բաներով» է սպառնում «Բաղրամ» բազան ԱՄՆ-ին չվերադարձնելու դեպքում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, սեպտեմբեր, 2025թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, սեպտեմբեր, 2025թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Աֆղաստանին սպառնացել է «վատ բաներով», եթե Քաբուլը Վաշինգտոնին չվերադարձնի «Բաղրամ» ավիացիոն ռազմակայանը, ինչն ավելի վաղ մերժել է երկիրը կառավարող «Թալիբան»-ը:

Երեկ՝ երկու օրվա մեջ արդեն երկրորդ անգամ, Թրամփը բարձրաձայնել է Աֆղանստանի մայրաքաղաքից հյուսիս գտնվող ռազմակայանը Միացյալ Նահանգների վերահսկողությանը վերադարձնելու մտադրությունը: «Բաղրամ» ռազմաբազան ամերիկյան վերահսկողության տակ էր մինչև 2021 թվականը, երբ ԱՄՆ-ը կտրուկ դուրս բերեց իր ուժերը Աֆղանստանից:

Որպես իր որոշման հիմնավորում ԱՄՆ նախագահը նշել է սկզբնապես 1950-ականներին Խորհրդային Միության կողմից կառուցված ավիաբազայի՝ Չինաստանին մոտ գտնվելը:

«Եթե Աֆղանստանը չվերադարձնի «Բաղրամ» ավիաբազան նրանց, ովքեր այն կառուցել են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ՎԱՏ ԲԱՆԵՐ ԵՆ ՊԱՏԱՀԵԼՈՒ», - երեկ գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նա կրկնել է սպառնալիքը՝ կրկին առանց մանրամասնելու. - «Մենք այժմ խոսում ենք Աֆղանստանի հետ, և մենք այն ետ ենք ուզում, և ետ ենք ուզում շուտ, հենց հիմա: Եվ եթե նրանք դա չանեն, ... դուք կիմանաք, թե ինչ եմ ես պատրաստվում անել»:

Աֆղանստանը կառավարող թալիբները ջանում են բարելավել հարաբերությունները միջազգային հանրության հետ, թեև առայժմ միայն Ռուսաստանն է դիվանագիտական հարաբերություններ հաստատել իրենց հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG