ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որը տևել է մոտ մեկ ժամ։ Դրանից հետո զրույցին միացել են եվրոպացի առաջնորդները, մոտ երեսուն րոպե քննարկել են Ալյասկայում կայացած հանդիպման արդյունքները։
Զելենսկին Թրամփի հետ զրույցը անվանել է «երկար և բովանդակալից»։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս արդյունավետ աշխատել խաղաղության հասնելու համար։
Զելենսկին նշել է. - «Ես պլանավորում եմ երկուշաբթի օրը Վաշինգտոնում նախագահ Թրամփի հետ քննարկել սպանությունների ավարտի, պատերազմի ավարտի բոլոր մանրամասները»։
Թրամփի հետ հեռախոսազրույցին մասնակցել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը հայտնել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից: Ամերիկյան կողմը ներկայացրել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը:
Նախօրեին հանդիպեցին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները: Ալյասկայում շուրջ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Թրամփն ու Պուտինը հայտարարեցին՝ որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, որոշները դեռ պետք է քննարկվեն։