Մատչելիության հղումներ

Turkish Airlines-ի թռիչքներ և Թուրքիայի ԱԽ հայտարարություն. ո՞ւր է հասել հայ-թուրքական կարգավորման գործընթացը


Չորրորդ տարին ձգվող հայ-թուրքական բանակցություններից հետո ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը կարգավորման գործընթացում գործնական քայլեր է ակնկալում:

Նախօրեին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերին: Նախագահ Ռեջեփ Էրդողանի ղեկավարությամբ անցկացված նիստում, հաղորդագրությունից դատելով, չի շրջանցվել նաև հայ-ադրբեջանական թեման: Շեշտվել է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի կարևորությունը, «որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին», ասված է հաղորդագրության մեջ:

«Խոսքը վերաբերում է կոմունիկացիաների բացմանը, TRIPP-ի ուղու գործարկմանը, և ես վստահ եմ, որ Թուրքիան չի ուզում անմասն մնա այս պրոցեսներից, և կարծում եմ՝ հիմա շատ լավ ժամանակ է դրանք կյանքի կոչելու համար», - ասաց Խանդանյանը:

44-օրյա պատերազմից հետո սկսված բանակցությունները շոշափելի արդյունքներ չեն գրանցել. նույնիսկ խորհրդանշական՝ երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացելու, Անիի կամուրջը նորոգելու պայմանավորվածություններն են թղթի վրա մնում:

Չնայած դրան, Խանդանյանը Երևանի ու Անկարայի քաղաքական երկխոսության ընթացքը դրական է գնահատում: Թուրքիայի ԱԽ-ի վերջին հայտարարությունն իր ասածի ապացույցն է համարում: Ըստ իշխանական պատգամավորի՝ պատահական չէ նաև, որ Թուրքիայի խոշորագույն՝ Turkish Airlines ազգային ավիափոխադրողն է հայտարարել դեպի Երևան կանոնավոր ուղիղ թռիչքներ սկսելու մասին: Թե երբվանից՝ դեռ չի հստակեցվել:

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի սեպտեմբերյան երևանյան այցի ժամանակ հայտարարվեց, որ թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի հաջորդ տարվա ամառվանից:

«Իհարկե, դա նաև բիզնես գործունեության ոլորտ է, բայց նաև պետք է հասկանանք, որ այստեղ այս քաղաքական երկխոսությունն ունեցել է կարևոր ազդեցություն, որպեսզի այդ որոշումը կայացվի», - ասաց Խանդանյանը, բայց դժվարացավ նշել կոնկրետ ժամկետներ՝ տարիներով թղթի վրա մնացող պայմանավորվածությունների կատարմանը Թուրքիան երբ կգնա:

«Ես հավանական եմ համարում, որ դրանք տեղի կունենան, բայց թե այս տարվա ընթացքում, մյուս, թե երբ, դա իսկապես միայն կախված է Թուրքիայի քաղաքական կամքից», - շեշտեց պատգամավորը:

Չնայած հայտարարություններին, թե հայ-թուրքական կարգավորման համար կողմերը չունեն նախապայմաններ, Թուրքիան Հայաստանի հետ հաշտեցումը մշտապես կապել է նախ՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման, իսկ հիմա արդեն՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման հետ: Ընդ որում՝ Անկարան ակնկալում է, որ դա տեղի կունենա հաջորդ տարվա առաջին կեսին: Թե ի՞նչ ժամկետ է դա, համենայն դեպս հայկական կողմը, չի հստակեցրել:

Թուրքիայի քայլերը պայմանավորված են լինելու բացառապես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով. Աբրահամյան


Ընդդիմադիր «Պատիվ ունեմից» Տիգրան Աբրահամյանը վստահ է՝ Թուրքիայի քայլերը պայմանավորված են լինելու բացառապես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով. «Թուրքիան իր դերն ամբողջությամբ օգտագործում է որպես Հայաստանի նկատմամբ ճնշումների և ազդեցության լրացուցիչ միջոց, որպեսզի հնարավորություն ստանան համատեղ ուժերով Հայաստանին ստիպել շարժվել այն ճանապարհով, որն Ադրբեջանն ու Թուրքիան առաջնահերթ են համարում»:

«Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցում էլ իդենտիկ է դարձել Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը»


1993-ին Թուրքիան է Հայաստանի հետ սահմանը փակել: ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը կարծում է՝ Անկարայի թշնամական որոշումը մոռացած՝ այսօրվա իշխանությունն ուզում է՝ Հայաստանը կառուցողական լինի, որ սահմանը բացվի: Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշումն է օրինակ բերում:

Հայաստանի իշխանությունն իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից հանել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Թուրք բանագնացի երևանյան այցից մեկ օր առաջ էլ կառավարությունը որոշեց պետական սահմանահատման կնիքից հանել Արարատի լեռան պատկերը: Որոշումը ուժի մեջ կմտնի նոյեմբերից:


«Ի՞նչ է վկայում Փաշինյանի հայտարարությունը Նեթանյահուի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայտարարությունից հետո, երբ ասում է, թե մենք պետք է հասկանանք, թե ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ ինչ է ընդհանրապես տալիս: Սա այն է, ինչ մշտապես ասել են թուրք դիվանագետները տարբեր կառավարությունների, որ դա ոչինչ չի տալիս, միայն ավելի է լարում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Այսինքն՝ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցում էլ իդենտիկ է դարձել Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը», - ասաց Վարդանյանը:

Իմ կարծիքով՝ առարկայական քննարկում եղել է այնտեղ. թուրքագետ

Թուրքագետ Նելլի Մինասյանը Թուրքիայի ԱԽ-ի երեկվա հայտարարությունը նախորդների հետ է համեմատում, տարբերություն, ըստ նրա կա. «Եթե նախորդների շրջանում հարաբերությունների կարգավորումը կապում էին Ադրբեջանի հետ կամ ուղղակի ձևակերպում էին Հարավային Կովկասում խաղաղության կայունության համատեքստում, ապա այս դեպքում որոշակի, իմ կարծիքով, առարկայական քննարկում եղել է այնտեղ: Դա ես ավելի շատ կապում եմ Թուրքիայի նախագահի Վաշինգտոն վերջին այցի հետ: Այնտեղ լայն կազմերով հանդիպում է տեղի ունեցել, և նրանք շատ հարցերի մասին են խոսել, տարածաշրջանային: Եվ ես կարծում եմ՝ ինչ-որ քննարկումներ եղել են»:

Չի բացառում, որ պաշտոնյաների մակարդակով շփումները ակտիվանան, օրինակ, Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը պատասխան այցով Թուրքիա մեկնի, բայց անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի մոտալուտ բացում չի սպասում:

«Թուրքիան իրականում օգտագործում է ադրբեջանական խնդիրը դեռ 90-ականներից Հայաստանի հետ իր խնդիրների համատեքստում: Չգիտեմ՝ հաջորդ պահին էլի կարող է գալ Ցեղասպանության խնդիր, մյուս խնդիրները, բայց այս պահին գլխավոր խնդիրն ապաշրջափակման հարցն է ու ճանապարհի՝ միջին միջանցքի: Այնտեղի դետալներից կախված կլինի հետագա գործընթացը», - ասաց թուրքագետը:




Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի վերջին հանդիպումն էլ սահմանի բացման կոնկրետ ժամկետներ չնախանշեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG