Մատչելիության հղումներ

Վաշինգտոնյան պայմանավորվածությունների շուրջ քննարկումները կսկսվեն սեպտեմբերից. վարչապետ


Վարչապետը հայտարարում է՝ Վաշինգտոնում ամրագրված պայմանավորվածությունների շուրջ քննարկումները կսկսեն սեպտեմբերից թե՛ ամերիկյան, թե՛ ադրբեջանական կողմի հետ:

«Ոչ մի քննարկում այս պահին չկա, որովհետև պայմանավորվել ենք, որ քննարկումները կսկսենք սեպտեմբերից», - այսօր ասաց նա:

Ինչո՞ւ հայ-ամերիկյան փաստաթուղթը չի հրապարակվում. այս հարցը 20 օրից ավելի է՝ հնչում է: Կա միայն ձևակերպումը՝ Հայաստանի ու Ամերիկայի կառավարությունները ստորագրել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր, բայց բուն տեքստը չի հրապարակվում, ու առաջ բերում օբյեկտիվ հարց՝ ի՞նչ է գրված այդ տեքստում: Փաշինյանն էլ ասաց՝ գաղտնի փաստաթուղթ չէ, ուստի ի՞նչն է ձգձգման պատճառը.

«Պիտի արձանագրեմ, որ դրանցից որևէ մեկը առնվազն ուղիղ չի վերաբերում «Թրամփի ուղուն», այլ վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ»-ին, միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, արհեստական ինտելեկտի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը: Դա ուղղակի աշխատանքային պայմանավորվածության հարց է եղել, և մենք աշխատանքային պայմանավորվածություն ենք ունեցել, որ կհրապարակենք բովանդակությունը, բայց ոչ տեքստը, բայց քանի որ հետաքրքրությունը մեծանում է մեր հանրության շրջանում, կարծում եմ, որ մենք առաջիկայում, քանի որ դա երկկողմ փաստաթուղթ է, ամերիկյան գործընկերների հետ համաձայնություն ձեռք կբերենք նաև այդ փաստաթղթերը», - ասաց նա:

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հենց Վաշինգտոնում՝ Հայաստանի վարչապետի ներկայությամբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի տված խոստման մասին, որ միջանցքի զարգացման հայ-ամերիկյան համագործակցությունը առնվազն 99 տարով կլինի, այսօր Փաշինյանն ասաց՝ ոչ մի ֆիքսված պայմանավորվածություն չունեն, այդ թվում՝ 99 տարվա վերաբերյալ:

«90 տարով, 50 տարով, 10 տարով, մի ամսով... այն, ինչ որ տեղավորվում է 5 արտահայտությունների մեջ՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձություն, այդ ամեն ինչը քննարկելի է, և մենք այսօր էլ ունենք այդպիսի պայմանագրեր 40 տարով, 30 տարով, և որևէ արտառոց բան այդպես չկա: Բայց, այս պահին մենք որևէ ֆիքսված պայմանավորվածություն չունենք, այդ թվում՝ 99 տարով», - ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանը դժգոհեց Բայդենի վարչակազմից

Հայաստանի վարչապետն այսօր անթաքույց դժգոհեց Բայդենի վարչակազմից, երբ անդրադառնում էր ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Օ’Բրայենի հայտարարությանը, որ շահողն այս պայմանավորվածության մեջ միջանցք ստացած Ադրբեջանն էր, իսկ Հայաստանը հայտնվեց խոցելի վիճակում:

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի իշխանությունից նախորդն ամիսներին հրապարակավ, նույնիսկ ծաղրական տոնով դժգոհում էր Ադրբեջանի նախագահը:

«Նա հիմա խնդիր ունի բացատրելու, թե ինչու նախագահ Թրամփի վարչակազմը կարողացավ անել այն, ինչ իրենք չկարողացան, և այս դիրքորոշումից արդեն պարոն Օ’Բրայենի ասածը մի կողմից շատ տարօրինակ է, մյուս կողմից էլ բացարձակապես տարօրինակ չէ: Եթե պարոն Օ’Բրայենը խոսում է Հայաստանի խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ ցավոք, Հայաստանը ամենախոցելին եղել է հենց իր և իրենց պաշտոնավարման շրջանում: Ես ուզում եմ հիշեցնել 2023 թվականի իրադարձությունները, 2022թ. իրադարձությունները, 2021թ. իրադարձությունները և պիտի ասեմ, որ մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից և աշխատանքից, որ Միացյալ Նահանգների այդ պահին գործող վարչակազմն իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին աջակցելու համար», -ասաց վարչապետ Փաշինյանը:

XS
SM
MD
LG