Մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը Մեծ Բրիտանիա, որն անցկացվելու է թագավորական շքեղությամբ, հաղորդում է Reuters-ը:
Այցին զուգահեռ խստացվել են անվտանգության միջոցառումները: Նաև բողոքի ակցիա է իրականացվել: Ցուցարարները Թրամփի ու մանկապղծության համար Միացյալ Նահանգներում մեղավոր ճանաչված, ապա բանտում ինքնասպան եղած Ջեֆրի Էփշթեյնի լուսանկարներն իրար կողքի ցուցադրել են Վինձորի ամրոցի վրա:
Ոստիկանությունը հայտնում է, որ չորս մարդ ձերբակալվել է՝ նկարների ապօրինի ցուցադրման պատճառով։
Թրամփն ավելի վաղ դատական հայց է ներկայացրել ընդդեմ ամերիկյան The New York Times օրաթերթի՝ իրեն հասցված բարոյական վնասի դիմաց 15 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջելով։
Թրամփի պնդմամբ՝ The New York Times-ը կեղծ և զրպարտչական տեղեկություններ է տարածել իր և սկանդալային պատմություններով հայտնի ֆինանսիստ Էփշթեյնի հարաբերությունների մասին։
Թրամփը Մեծ Բրիտանիա է ժամանել երեկ երեկոյան՝ աննախադեպ երկրորդ պետական այցով, իսկ այսօր Վինձորի ամրոցում նրան կդիմավորի Չարլզ 3-րդը: