Այս տարվա օգոստոսին Վրաստանն ամբողջությամբ մարել է երկարամյա պարտքերը յոթ երկրների՝ Ռուսաստանին, Թուրքիային, Ղազախստանին, Ադրբեջանին, Հայաստանին, Իրանին և Նիդերլանդներին։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ֆինանսների նախարարության հաղոդորդագրությունը։
Գերատեսչության համաձայն՝ Թբիլիսին Ռուսաստանին է վերադարձրել մոտ 4 միլիոն դոլար, Թուրքիային՝ 1 միլիոն 139 հազար, Ղազախստանին՝ 636 հազար, Ադրբեջանին՝ 585 հազար, շուրջ կես միլիոն դոլար՝ Հայաստանին, Իրանին՝ 427 հազար, 12 հազար եվրո էլ՝ Նիդերլանդներին։
Հաղորդվում է, որ ֆինանսական այս պարտավորությունները Վրաստանի կառավարությունը ստանձնել է ավելի քան երկու տասնամյակ առաջ։
2025 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը կազմել է 9.1 միլիարդ դոլար։ Երկրի հիմնական պարտատերերը միջազգային ֆինանսական հաստատություններն են, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկը, Համաշխարհային բանկը և Եվրոպական ներդրումային բանկը։
Վրաստանը խոշոր պարտքեր ունի նաև Ֆրանսիային՝ 729 միլիոն 300 հազար եվրո և Գերմանիային՝ 509 միլիոն 700 հազար եվրո։