Բաքվի զինվորական դատարանում նորանոր տուժողներ են ի հայտ գալիս, որ ցուցմունք են տալիս Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ. տուժող Մախիր Հուսեյնովը դատարանում պատմում է, որ Սրխավենդում իր կողքին հրետանային արկ է պայթել, ինքը վիրավորում է ստացել: Մադաթ Ռզաևը վիրավորվել է Լաչինում, Բախիևի ուղղությամբ դիպուկահարն է կրակել, Հասանովի աջ ծունկն է վնասվել արկի բեկորից և էլի մարդիկ, որ դատարանում պատմում են թե հայկական զինուժի ռմբակոծության հետևանքով ինչ վնասվածքներ են ստացել:
Բաքվի իրավապահները տուժող ներկայացող ադրբեջանցիների ընդարձակ տեսականի են դատարանի դահլիճ բերում, նույնիսկ այնպիսի քաղաքացիների, որ պնդում են, թե ճանաչում են Վարդանյանին: «Փնթի թատերական ներկայացում» է այս ամենը՝ ըստ իրավապաշտպան ու Արցախ միության նախագահ Արտակ Բեգլարյանի:
«Նրանք, ովքեր ցուցմունքներ կամ վկայություններն են տվել, իրենք ուղղակի ագրեսորներ են, իրենք հարձակվել են մեր ժողովրդի վրա՝ սպանելու, ջարդելու, փշրելու, բնականաբար, մենք մեր ինքնապաշտպանության իրավունքից օգտվել ենք ու դիմադրել ենք, պաշտպանություն ենք կազմակերպել», - ասաց Բեգլարյանը:
Եթե նույնիսկ Բաքվի դատարանում ցուցմունք տվողներն իսկապես վիրավորում են ստացել, ապա այդտեղ որևէ հանցակազմ չկա, շեշտում է Արտակ Բեգլարյանը և նշում՝ հանցագործությունն ադրբեջանական հարձակումն է, ոչ թե ինքնապաշտպանությունը:
«Որևէ մեկն, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, այդ թվում՝ ռազմական կամ քաղաքական ղեկավարությունը չեն կարող որևէ ձևով հետապնդվել մեր ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար», - ընդգծեց նա:
Իրավապաշտպանը նաև հիշեցնում է՝ Ռուբեն Վարդանյանը վերջին ռազմական գործողությունների ժամանակ որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել, մինչև այդ պետնախարար էր, որ զբաղվում էր տնտեսական ու հումանիտար հարցերով, երբևէ ռազմական ու անվտանգային ոլորտ չի համակարգել:
Երեկվա դատական նիստից մանրամասներ է տարածում միայն «Ազերթաջ» իշխանական լրատվականը: Միջազգային լրատվամիջոցներ, իրավապաշտպաններ այդ նիստերին մասնակցելու հնարավորություն չունեն: Ըստ «Ազերթաջ»-ի՝ երեկվա նիստում Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը կրկին բողոք է ներկայացրել դատավորական կազմի դեմ՝ այն հիմնավորմամբ, որ դատարանն այս գործով օբյեկտիվ ու անաչառ չէ: Փաստաբան Բերմանն ու Ռուբեն Վարդանյանը ինքնաբացարկ են պահանջել: Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը դատարանի խնդրել է չքննել այս հարցը, պնդել է՝ Վարդանյանն ու փաստաբանը փորձում են ձգձգել դատական պրոցեսը: Դատարանն այդպես էլ արել է՝ բողոքը թողել է առանց քննության:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն միջազգային անկախ դիտորդներին ու փորձագետներին արգելել է մասնակցել հայերի դատերինԻրավապաշտպան Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ բովանդակային հարցերը հայ գերիներին խոշտանգելու հանգամանքը մի կողմ՝ միայն ընթացակարգային խախտումները բավարար են հայտարարելու՝ արդար դատավճիռ Բաքվում անհնար է: Այդ դատերին ներկա է պաշտոնական Բաքուն ու հայ գերիները, միջազգային մոնիթորինգ գոյություն չունի:
«Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ բաց են այդ դատական նիստերը, բայց ըստ էության իրենք մուտք չեն տալիս որևէ մեկին և՛ հայ, և՛ միջազգային մոնիթորինգային խմբերի, փաստաբանական խմբերի, որպեսզի կարողանան այնտեղ դիտարկել, թե ինչ է տեղի ունենում», - ասաց Արտակ Բեգլարյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ դեռ տարեսկզբին են դիմել միջազգային իրավապաշտպան կառույցներին, դեսպանատներին, որպեսզի խմբեր մեկնեն Բաքու, գործընթացն աչքի տակ պահելու համար, մերժվել են բոլորը: Բեգլարյանը կարևոր է համարում, որ մերժում ստացած կառույցները պաշտոնապես հայտարարեն այդ մասին. - «Որքան միջազգային ճնշումը մեծանա Ալիևի ռեժիմի վրա, այնքան հավանականությունը մեծանում է, որ իրենց իրավունքներն ավելի պաշտպանված կլինեն, իհարկե, վերջին հաշվով, նաև ազատ արձակման պահը կգա»:
Ըստ իրավապաշտպանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որպես բռնապետ միայն ճնշման լեզուն է հասկանում, նաև շատ զգայուն է միջազգային վարկանիշի առումով: Արտակ Բեգլարյանն ընդգծում է՝ հայ գերիների ապօրինի դատավարությունների դեմ ավելի ակտիվ հանդես է գալիս Վարդանյանի ընտանիքն ու փաստաբանական թիմը, այստեղ մեծ նշանակություն ունի նաև այն, որ նախկին պետնախարարն ինքը Բաքվի բանտից ու դատարանի դահլիճից առավել հրապարակային է պայքարում, սակայն այդ ամենն, ըստ իրավապաշտպանի, հանուն բոլոր հայ գերիների է:
Ռուբեն Վարդանյանի գործով դատական հաջորդ նիստը մայիսի 13-ին է, իսկ Արցախի նախկին պաշտոնյաների ու տարբեր հանգամանքներում գերեվարված խաղաղ բնակիչների դատավարությունը շարունակվելու է վաղը. դատական այս մի գործընթացում 90-ականների դեպքերն են նկարագրում ականատես ներկայացող տասնյակ ադրբեջանցիներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբեն Վարդանյանի որդին դիմել է Թրամփին՝ գերիներին ազատ արձակելու խնդրանքով