«Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթավերջին Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- X-ում գրել է Պետդեպարտամենտում հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն:
Ադրբեջանական «Թուրան»-ի թղթակիցը պնդում է, թե տեղեկությունը մի քանի աղբյուր է հաստատել, դրանց համաձայն սպասվում է նաև, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն ուրբաթ օրը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին:
Այս տեղեկությունները Հայաստանի կառավարությունը ո՛չ հաստատում է, ո՛չ հերքում: Մինչև այս պահը հնարավոր չի եղել վարչապետի գրասենյակից ճշտել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն իրո՞ք մեկնելու են ԱՄՆ, ի՞նչ հայտարարություն են պատրաստվում անել:
«Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը այս պահին չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել», - «Ազատությանը» փոխանցեցին Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, և տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։
Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որևէ հաղորդագրություն չենք հրապարակել և հետևաբար այցի մասին տեղեկատվությունը խնդրում ենք հաստատված համարել միայն պաշտոնական հաղորդագրությունից հետո», - ասված է Կառավարության լրատվականի հաղորդագրությունում:
Ադրբեջանցի լրագրողը չի հստակեցրել՝ Վաշինգտոնում սպասվո՞ւմ է որևէ փաստաթղթի ստորագրում կամ նախաստորագրում:
Փաշինյանն իր վերջին ասուլիսում հաստատել է՝ բանակցային սեղանին է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնեցված փաստաթուղթը նախաստորագրելու գաղափարը: Թե դա ի՞նչ է ենթադրում, չէր մանրամասնել: Երբ բուն պայմանագրի բոլոր կետերը դեռ մարտի կեսից համաձայնեցված, պատրաստ են, ինչո՞ւ պայմանագրի ստորագրման հարցը սահուն նախաստորագրման վերածվեց: Արդյոք նախաստորագրվող փաստաթղթում ադրբեջանական նախապայմաններին կլինի՞ անդրադարձ:
Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար Բաքուն երկու նախապայման ունի՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն, ղարաբաղյան հարցի կարգավորման համար ստեղծված Մինսկի խմբի լուծարում: Ղարաբաղյան հարցի կարգավորման համար ստեղծված միջնորդական ձևաչափի լուծարմանը Երևանը դեմ չէ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ: Ինչ վերաբերում է մայր օրենքին, թեև հայաստանցի պաշտոնյաները պնդում են՝ նոր Սահմանադրության նախագիծը մշակվում է ոչ Բաքվի պահանջով, բայց նույն վարչապետն այն կարծիքին է, որ Բաքվի անհանգստությունների առարկա Անկախության հռչակագրին հղում նոր տեքստում չպետք է լինի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետի կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրինԱյստեղ 2 բայց կա. եթե անգամ նախագծում անկախության հռչակագիրը չհիշատակվի, այն հանրաքվեի պետք է դրվի, որը երկարատև գործընթաց է՝ սա մեկ, երկրորդը՝ կարող է և չընդունվել:
Հայ - ադրբեջանական օրակարգի գլխավոր մյուս հարցը խաղաղության պայմանագրից առանձին քննարկվող ապաշրջափակումն է: Բաքուն առանց ստուգումների և անխոչընդոտ ճանապարհ է պահանջում, այն կոչում «Զանգեզուրի միջանցք», մի տերմին, որ Երևանը մերժում է՝ փոխարենը ապաշրջափակման իր տարբերակը կոչում «Խաղաղության խաչմերուկ»՝ առաջարկելով պարզեցված անցում:
Հայտնի է, որ կա Ադրբեջանը Սյունիքով դեպի Նախիջևան կապուղու վերաբերյալ ամերիկյան առաջարկ, բայց պաշտոնապես դրա մանրամասները չեն հրապարակվել, իսկ մեկնաբանությունները՝ ամենատարբեր են:
Հենց վարչապետն է հայտարարել, որ ճանապարհի բացման քննարկվող հիմնական տարբերակն ամերիկյանն է:
Անցած ամիս Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարեց, թե Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը: Վարչապետի աշխատակազմից պնդեցին՝ ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ: Միևնույն ժամանակ հայտարարեցին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել։ Երկաթուղու ու մյուս ենթակառուցվածքներինը՝ կարող է։
Հանդիպման դեպքում արդյոք Վաշինգտոնում ապաշրջափակման հարցով որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին կհայտարարվի, սա էլ, մյուս հարցերի նման անհայտ է:
Թրամփը դեռ հուլիսի կեսին լավատես էր, թե հայ - ադրբեջանական հակամարտության լուծումը շատ մոտ է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը