Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ կառավարությունը չի կատարելու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագանձման հերթական քայլերն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը։ Ավելին՝ Փաշինյանն այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարեց՝ հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիրը։
«Ընդհանրապես, եթե կառավարությունում իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ես ինքս նրանց կհանեմ»,- հայտարարեց վարչապետը։
Հենց վարչապետի ենթակայությամբ գործող Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն էր ընդունել, որ միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման է:
«Ի պատասխան ՀԿԾՀ-ի՝ արբիտրաժային վճռի պարտադիր կատարման ենթակա լինելու վերաբերյալ վարչապետի աշխատակազմ ուղարկված մի շարք հարցադրումների, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը մանրամասն ներկայացրել է վերաբերելի իրավակարգավորումներն արբիտրաժային վճիռների, այդ թվում՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի հուլիսի 22-ի վճռի պարտադիրության, դրա կամավոր կատարման և ճանաչման վերաբերյալ», - հայտնել էին գրասենյակից։
Անդրադառնալով հարցին՝ արյդոք կառավարությունում հաշվի՞ են առել որոշման չկատարման հետևանքները, վարչապետը պնդեց, թե գործադիրը արբիտրաժում հաղթել է. - «Արբիտրաժային դատարանում մենք հաղթել ենք, և մեր դիրքորշումները պնդել ենք»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԷՑ–ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրի վճիռը ենթակա է պարտադիր կատարման. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ